Մատչելիության հղումներ

Թուրքիան վերաբացում է գրողի դեմ քրեական գործը


Դողան Աքհանլի
Դողան Աքհանլի

Դողան Աքհանլիի համոզմամբ՝ իրեն հետապնդում են ձախակողմյան հայացքների և Հայոց ցեղասպանության մասին հրապարակային հայտարարությունների համար:

Ստամբուլի քրեական դատարանը չորեքշաբթի օրը որոշել է վերաբացել Գերմանիայում բնակվող թուրք գրող Դողան Աքհանլիի նկատմամբ քրեական գործը, ում դեմ մեղադրական դատավճիռն ավելի վաղ վերանայվել էր Թուրքիայի գերագույն Վերաքննիչ դատարանի կողմից: Գերմանական DPA գործակալությունը հաղորդում է, որ ըստ գրողի` Թուրքիայի իշխանություններն արդեն իրեն ձերբակալելու միջազգային օրդեր են տվել:

«Տպավորություն է, կարծես այս գործը ֆուտբոլի գնդակ է դարձել Թուրքիայում իշխող տարբեր խմբավորումերի ձեռքում», - ասել է տարիներ շարունակ գերմանական Քյոլնում բնակվող թուրք գրողը՝ առանց մանրամասնելու, թե որ ուժերն են հատկապես իրեն հետապնդում:

Հիշեցնենք՝ պաշտոնապես Աքհանլին մեղադրվում է 1989 թվականին տարադրամի փոխանակման կետի վրա ավազակային հարձակման և մարդասպանության համար, մեղադրանքն առաջադրվել էր ընդամենը երկու մարդու ցուցմունքի հիման վրա, ովքեր, սակայն, հետագայում հրաժարվել էին իրենց վկայություններից:

Գրողի համոզմամբ, մինչդեռ, իրականում Թուրքիայի իշխանությունները իրեն հետապնդում են ձախակողմյան հայացքների և Հայոց ցեղասպանության մասին արած հրապարակային հայտարարությունների համար:

«Հույս ունեի, որ այս ողջ տխմարությունն արդեն ավարտվել է», - գերմանական լրատվամիջոցներին երեկ ասել է թուրք գրողը, ում օգտին ավելի վաղ պաշտպանական հայտարարություններ էին տարածել գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիրներ Գյունթեր Գրասն ու Օրհան Փամուկը:

Երեկ Ստամբուլում տեղի ունեցած աղմկահարույց դատավարությանը ևս հետևել են մի շարք արևմտյան մտավորականներ ու իրավապաշտպաններ:

«Թուրքիայի կառավարությունը պետք է վերջ տա ընդդիմախոսներին ճնշելու անօրինական այս պրակտիկային, նրանք, ովքեր ընդդիմանում են իշխանությունների կամայականություններին, ոչ ահաբեկիչ են, ոչ էլ պետության թշնամի, այլ իրական դեմոկրատներ, որոնց կարիքը կա ողջ աշխարհում», - դատական նիստից առաջ հայտարարել է ժամանակակից գերմանացի գրող Գյունթեր Վալրաֆը:

Նշենք, որ պաշտոնական Անկարայի ներքին քաղաքականությունը քննադատելուց բացի, Դողան Աքհանլին նաև ավելի քան տասը տարի է՝ համագործակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարող կառույցների հետ և իր վեպերում ու հարցազրույցներում մշտապես խոսում պատմական ճշմարտությունն ու արդարությունը վերականգնելու մասին:

«Ես պայքարում եմ Թուրքիայի վարած մերժողական քաղաքականության դեմ և հայերի նկատմամբ իրագործած ցեղասպանության ճանաչման համար», - հարցազրույցներից մեկում ասել էր Աքհանլին ու ընդգծել․ - «Ես ցանկանում եմ կրկին զգալ, որ այն երկիրը, որտեղ ծնվել եմ, իմ երկիրն է: Այդ իրավունքը վերապահված է նաև այն հայերին, ովքեր ժամանակին ապրել են Թուրքիայում և կորցրել են իրենց հայրենիքը»:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները փաստում են, որ ձերբակալված լրագրողների թվով Թուրքիան առաջ է անցնում անգամ բռնապետական համբավ ունեցող Իրանից ու Չինաստանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG