Մատչելիության հղումներ

Գազի թանկացման դեմ պայքարող ակտիվիստները դիմել են դատարան


Բողոքի ակցիա գազի և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, արխիվ

Բողոքի ակցիա գազի և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, արխիվ

Գազի և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստները դատի են տվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։

«Եկեք կանխենք գազի թանկացումը» նախաձեռնությունը Վարչական դատարան ներկայացրած հայցով պահանջում է անվավեր ճանաչել գազի և էլեկտրաէներգիայի սակագները վերանայելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումները, որոնք, ըստ հայցվորների, ընդունվել են օրենքի խախտումներով։

Այդ որոշումներով, հիշեցնենք, բնակչությանը հուլիսի 7-ից մեկ խորանարդ մետր գազը վաճառվում է 156 դրամով՝ նախկին 132 դրամի փոխարեն, իսկ մեկ կիլովատ ժամ էլեկտրաէներգիան վաճառվում է նախկինից 8 դրամով թանկ՝ 38 դրամ։

Նախաձեռնության անդամները համոզված են, որ նախ հանձնաժողովը սակագները վերանայելու որոշումները կայացրել է ձևական և թանկացման անհրաժեշտությունը չհիմնավորող փաստաթղթերի հիման վրա, և երկրորդ՝ չի կատարել հանրությանն ու շահագրգիռ անձանց իր քննարկումներին մասնակից դարձնելու օրենքով սահմանված պարտականությունները։

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գործ չի անում, անգործություն է ցուցաբերում, հենց դա է խնդիրը»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեցին հայցվորներից Անի Կաղինյանն ու Լուսինե Հովսեփյանը. -«Մենք պահանջում ենք, որ անվավեր ճանաչեն ընդունված սակագինը նորից դնեն քննարկման, արդեն մասնակից լինեն բոլոր կողմերը»։

Հանձնաժողովը գազի և էլեկտրաէներգիայի թանկացման որոշումները կայացրեց հունիսի 7-ի նիստում։ Մինչ այդ մայիսի 29-ին քննարկում էր հրավիրվել թանկացումներին ընդդիմացող հասարակական կազմակերպությունների և շահագրգիռ անձանց մասնակցությամբ, ինչը, սակայն ձախողվեց դահլիճում բավարար տեղ չլինելու հիմնավորմամբ։ Ակտիվիստները լքեցին շենքը, որի դիմաց միաժամանակ բողոքի ցույց էր։ Ըստ հայցադիմումի՝ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը մերժել է հանրային լսումները մեկ այլ օր անցկացնելու և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցության համար պայմաններ ստեղծելու առաջարկը։

Այնուհետև մերժել է հանձնաժողովի նիստը հունիսի 7-ի փոխարեն հունիսի 12-ին անցկացնելու՝ նախաձեռնող խմբի առաջարկը, անտեսել է նաև որոշումը կայացնելու օրը նիստին մասնակցելու ցանկություն հայտնած 284 քաղաքացիների գրավոր դիմումները և նրանց հնարավորություն չի տվել ներկա գտնվել։

Նախաձեռնող խմբի անդամ Անդրիաս Ղուկասյանը մեզ հետ զրույցում վկայակոչեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքը, որը շահագրգիռ անձանց և հասարակության ներկայացուցիչներին նիստերին մասնակցելու հնարավորություն տալիս է, և սահմանում է սպառողների և կարգավորվող անձանց շահերի հավասարակշռման սկզբունքը։

«Մենք տեսանք, որ հանձնաժողովը արհեստականորեն սահմանափակեց քաղաքացիների մասնակցությունը այդ նիստին, ոստիկանություն ներգրավեց, որ քաղաքացիներին ներս չթողնեն այդ օրը, և կայացրեց իր որոշումը՝ խախտելով օրենքի կարևորագույն սկզբունքները. փաստորեն ապահովված չէր որոշում ընդունելու գործընթացի թափանցիկությունը և հավասարակշռությունը տնտեսվարող սուբյեկտի և սպառողների շահերի միջև։ Իսկ ինչ վերաբերում է օրենքի բուն պահանջներին, հանձնաժողովը ընդունել է որոշումներ՝ հիմք ընդունելով ձևական բնույթ կրող փաստաթղթեր։ Այն դիմումին կից փաստաթղթերը, որ ներկայացրել է «ՀայՌուսգազարդ»- բավարար կերպով չի հիմնավորում մեր երկրում գազի սակագինը փոփոխելու անհրաժեշտությունը։ Առհասարակ «ՀայՌուսգազարդ»-ը չի հիմնավորել, թե ինչու պիտի երկու անգամ ավելացնի աշխատավարձի ֆոնդը, թե ինչու երկու անգամ գրեթե պիտի ավելացնի շահույթի մեծությունը, այլ ծախսերը։ Որևէ հոդված չկա, որի վերաբերյալ կարելի է ասել, որ «ՀայՌուսգազարդ»-ը ներկայացրել է դիմումը հիմնավորող պատշաճ փաստաթղթեր։ Հակառակը՝ կա փաստ, որ նույնիսկ ֆորմալ առումով ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում «Հայաստանում լեզվի մասին» օրենքի կանոններին»,- ասաց Ղուկասյանը՝ ընդգծելով, որ «ՀայՌուսգազարդ»-ի կողմից հանձնաժողովին ներկայացված դիմումին կից փաստաթղթերի մի մասը գրված է ռուսերենով։

«Պատկերացնո՞ւմ եք,որ Ռուսաստանում «Գազպրոմ»-ը» համապատասխան ատյան բերի սակագինը հիմնավորող փաստաթղթեր հայերեն լեզվով... չի կարող նման բան լինել չէ՞, բա Հայաստանում ինչո՞ւ կարող է։ Դա նշանակում է, որ արհեստական է եղել սակագները վերանայելու պահանջը, և հապճեպ պատրաստվել է այդ հիմնավորող փաստաթղթերի փաթեթը՝ պարզապես ընթացակարգի ֆորմալ ընթացքը պահպանելու համար», - ասաց Ղուկասյանը։

Ի դեպ, Վարչական դատարանը հրաժարվել է բանավոր ընթացակարգով քննել այս հայցը և այն վարույթ ընդունելու դեպքում կքննի գրավոր ընթացակարգով, այսինքն չեն հրավիրվի նիստեր, որոնց հանրությունը կարող է մասնակցել։ Ակտիվիստները այստեղ էլ են դիտավորություն տեսնում։

«Սա ևս մի քայլ է՝ լռեցնելու հանրությանը, փակուղի տանելու խնդիրը»,- ասաց Անի Կաղինյանը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը առայժմ չի մեկնաբանում իր դեմ դատական հայցը։ Հանձնաժողովից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ իրենց հակափաստարկները կներկայացնեն դատարանում։
XS
SM
MD
LG