Մատչելիության հղումներ

ՄԻՊ-ը բարձրաձայնում է Առողջապահության նախարարության «թողտվության» մասին


Մարդու իրավունքների պաշտպանը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ մինչև 7 տարեկան երեխաների ծնողները հաճախ ստիպված են լինում հավելյալ վճարումներ կատարել առանձին բժիշկների։

ՄԻՊ-ի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպան Լիլիթ Բանդուրյանն ասում է, որ իրենց գրասենյակին ամեն տարի էլ դիմում են տարբեր մարդիկ նշված նույն խնդրով։

«0-7 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնությունը իրականացվում է անվճար, բայց շատ հաճախ ծնողները ստիպված են լինում հավելյալ վճարումներ կատարել»,- նշեց Բանդուրյանը։

Գործող կարգի համաձայն՝ մինչև 7 տարեկան երեխային հիվանդանոց տանելու դեպքում երեխայի անվճար բուժօգնության հավաստագրից բացի անհրաժեշտ է տանել ուղեգիր այն բուժհաստատությունից, որտեղ նա գրանցված է, բացի այն դեպքերից, երբ երեխային անհրաժեշտ է շտապ բուժօգնություն։

Պաշտպանի գրասենյակը նամակ է գրել նաև Առողջապահության նախարարությանը, մասնավորապես, խոսելով երկու դեպքերի մասին, երբ մինչև 7 տարեկան երեխայի բուժօգնության համար ծնողից գումար է գանձվել Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում, երկու ընտանիքներին էլ դիմել էին պաշտպանի գրասենյակին։ Մենք կապվել ենք երեխաներից մեկի մոր հետ։ Նա վերջերս 4 տարեկան դստերը ոտքի վնասվածքով տարել է հիվանդանոց, որտեղ երեխայի ոտքը զննելուց հետո, խնդրել են վճարել։

Աիդան 5 անչափահաս երեխա ունի, 5-ն էլ մինչև 7 տարեկան ու փաստորեն, 5 պետպատվերից օգտվելու իրավունք ունեցող։ Ընտանիքն ապրում է ծանր սոցիալական վիճակում, տանը ոչ ոք չի աշխատում։ Եթե նա գումար ունենար կվճարեր, ինչպես վարվում են իրենց իրավունքների մասին չիմացող շատ ծնողներ, քանի որ չգիտեր որ կարելի է դիմել Մարդու իրավունքների պաշտպանին կամ զանգահարել Առողջապահության նախարարության թեժ գծին։ Նա կապվել է իր ընտանիքի սոցիալական աշխատողի հետ, որպեսզի վերջինս օգնի վճարել, սոցաշխատողն էլ ահազանգել է պաշտպանի գրասենյակին։

«Նման դեպքեր էլի ենք ունեցել, պատճառաբանել են, որ հոսպիտալացման դեպքում միայն պետք է իրականացվի, բայց ի վերջո պետք է արվի հետազոտություն, և հետո միայն պարզ է դառնում՝ երեխան պետք է հոսպիտալացվի, թե՝ ոչ»,- ասաց ՄԻՊ գրասենյակի աշխատակիցը։

Աիդան՝ երեխաների մայրը ասում է, որ Գյումրու մոր և մանկան հիվանդանոցում առաջին դեպքը չէ, երբ իրենց գումար են խնդրել մինչև 7 տարեկան երեխային զննելու համար, նման դեպք պատահել է նաև ամիսներ առաջ, երբ բժշկի էր տարել մյուս երեխային, այդ դեպքի մասին, սակայն չի բարձրաձայնել։

Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ երկու բողոքների մասին էլ տեղեկացրել են Շիրակի մարզպետարանին, որն էլ քննություն է իրականացրել։ Մի դեպքում մարզպետարանը հայտնում է, որ իրականում երեխան շտապ բուժօգնության կարիք չի ունեցել ու պետք է դիմեր պոլիկլինիկային, մյուս՝ Աիդայի 4-ամյա դստեր դեպքում, հիվանդանոցը հերքել է, որ գումար է պահանջել, և որ ծնողն էլ վճարել է։

«Այդուհանդերձ, մարզպետարանը խիստ հանձնարարական է տվել Գյումրու մոր և մանկան հիվանդանոցի տնօրենին, որպեսզի անձնական հսկողության տակ պահի 0-7 տարեկան երեխաների բուժօգնության խնդիրը»,- ասաց Քրմոյանը։

Բժշկին պատասխանատվության ենթարկելու համար հիմքերը բավարար չեն, ծնողն առնվազն պետք է ներկայացնի կատարած վճարման ՀԴՄ կտրոնը, ասում է Սուրեն Քրմոյանը։ Նաև առաջարկում նման դեպքերում զանգահարել նախարարության թեժ գծին։

Անդրադառնալով պաշտպանի նամակին՝ Քրմոյան տեղին չի համար «նախարարության թողտվության պայմաններում» արտահայտությունն կիրառում, քանի որ, ըստ նրա, նախարարությունը, հետազոտում է բոլոր նման դեպքերը և պատժում կարգ խախտող բժիշկներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG