Մատչելիության հղումներ

Հանրային խորհուրդը Մաշտոցի պուրակում կհանդիպի ակտիվիստների հետ


Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան

Հանրային խորհուրդն ընդունում է երիտասարդ ակտիվիստների առաջարկը և այսօր ժամը 14-ին խորհրդում նախատեսված նիստը տեղափոխում է Մաշտոցի պուրակ, երեկոյան ժամը 20-ին:

Ինչպես քիչ առաջ տարածած հայտարարությունում նշում է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարն արդարացված էր և իր գլխավորած կառույցը ողջունում է հաղթանակը:

Միաժամանակ Վազգեն Մանուկյանն առաջարկում է այսօրվա հանդիպման ընթացքում քննարկել ակտիվիստներից ներկայացուցչական խումբ ձևավորելու և Հանրային խորհրդի հետագա աշխատանքներին մասնակցելու եղանակները:

«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամները, հիշեցնենք, առաջարկ ստանալով մասնակցել տրանսպորտի բարելավման շուրջ Հանրային խորհրդի նախաձեռնած քննարկումներին, կոչ էր արել խորհրդին այդ հավաքն անցկացնել Մաշտոցի պուրակում, որտեղ երիտասարդներն ամեն երեկո ամփոփում են պայքարի արդյունքները:

Վեցերորդ օրը քաղաքապետարանի առջև նստացույց անող Վահագն Մինասյանը դրական գնահատեց Վազգեն Մանուկյանի որոշումը՝ ընդգծելով, սակայն, որ մեծ հույսեր Հանրային խորհրդի հետ ակտիվիստները չեն կապում։

«Նորմալ եմ գնահատում որպես սկիզբ, որ Հանրային խորհուրդ կոչվածը ի վերջո ընդունեց առաջարկը։ Ամեն դեպքում Հանրային խորհուրդը ինձ վստահություն չի ներշնչում այն իմաստով, որ բազմիցս եղել են նման իրավիճակներ, երբ Հանրային խորհուրդը պետք է իրական գործողությունների անցներ, սակայն բոլորս էլ ականատես ենք եղել, որ առհասարակ որևէ բան ի շահ հանրության չի կարողացել կատարել, ցավոք սրտի»,- ասաց Մինասյանը։

Վահագն Մինասյանի գնահատմամբ, եթե Հանրային խորհուրդն իրական պայաքարի կամք ունենար, ապա անցնող վեց օրերի ընթացքում գոնե աջակցություն հայտնած կլիներ իրենց՝ միանալով քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ընկերության ղեկավար Միսակ Համբարձումյանի պաշտոնանկության պահանջներին: Նստացույցին միացած Գոռ Առաքելյանն էլ հիշեցնում էր քաղաքացիական նախորդ շարժումները՝ պնդելով, թե Հանրային խորհուրդը երբևէչի սատարել իրենց։

«Երբևիցե չեմ տեսել, որ Հանրային խորհուրդը լուրջ ճնշում գործադրի իշխանական կողմի վրա, հուսանք՝ ինչ-որ բան դեպի լավը փոխվել է»,- ասաց Առաքելյանը։

Պայքարի վեցերորդ օրը քաղաքապետարանի մոտ շուրջօրյա հերթապահող երիտասարդները արձանագրում են՝ որևէ բարձրաստիճան պաշտոնյա այդ թվում Տարոն Մարգարյանը և Հենրիկ Նավասարդյանը շենքի կենտրոնական մուտքով ելումուտ չեն արել, իրենց չեն մոտեցել, թեև ակտիվիստները նրանց հետ բանակցությունները առայժմ բացառում են։

Իսկ ակտիվիստների մեկ այլ խումբ փորձում է մեծացնել ճնշումը քաղաքային իշխանությունների վրա։ Միսակ Համբարձումյանի և Հենրիկ Նավասարդյանի լուսանկարներով թռուցիկները երիտասարդները օրվա ընթացքում բաժանում են կանգառներում սպասող ուղևորներին, երթուղայինների, ավտոբուսների վարորդներին, փակցնում հենց տրանսպորտային միջոցների վրա։

Երևանցիները հիմնականում ողջունում էին երիտասարդների նախաձեռնությունը, ասում էին, թե զորակցում են՝ շնորհակալություն հայտնելով ակտիվիստների ուղեվարձի բարձրացման դեմ պայքարելու համար, ինչպես նաև համաձայնվում, որ նշված պաշտոնյաները պետք է հեռացվեն աշխատանքից։

«Էս բանը շուտ պետք է արվեր, ջահելները ամեն ինչ կարող են անել»,- ասաց տարեց մի քաղաքացի։

«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնությունը շեշտում է՝ Նավասարդյանի և Համբարձումյանի պաշտոնանկությունները պետք է վկայեն, որ Հայաստանում պաշտոնյաները պատասխանատու են հանրության առջև։ Ինչպես ակտիվիստներից Դավիթ Հարությունյանը ձևակերպեց, սա դառնալու է նախադեպ։

«Այսքան ժամանակ եթե դա չի ստացվում, դրա սկիզբը պետք է դնել»,- համոզմունք հայտնեց ակտիվիստը։
XS
SM
MD
LG