Մատչելիության հղումներ

Հրաչյա Հարությունյանի նկատմամբ տեղի ունեցող հետապնդումն ակնհայտ է դարձրել Ռուսաստանի Դաշնությունում տեղ գտած և օրեցօր մեծացող ռասիզմը և այլատյացությունը: Այսպիսի միտք է հայտնել Հայաստանի Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Եվրախորհրդի պաշտոնյաներին և Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) անդամներին հասցեագրված իր նամակում:

Նամակով Փոստանջյանը եվրոպացիներին կոչ է անում ուշադրության կենտրոնում պահել Մոսկվայի մերձակայքում վթարի ենթարկված Հարությունյանի ոտնահարված իրավունքների վերականգնման հարցը: Հիշեցնենք, որ վթարի պատճառով զոհվել է 18 մարդ, իսկ կասկածյալ Հրաչյա Հարությունյանին հիվանդանոցից դատարան են ներկայացրել կանացի խալաթով:

«Խոսում ենք մի փաստի մասին, որը դրսևորվել է, և եթե այս փաստերին, այդ դեպքերին պատշաճ արձագանք չի տրվում պետական լիազոր մարմինների կողմից, հետևաբար՝ դա հնարավորություն է ընձեռում հանգեցնելու այլատյացության», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց Զարուհի Փոստանջյանը:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ-ի մշտադիտարկման հանձնաժողովի նախագահին, Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, Ռասիզմի և անհանդուժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի բյուրոյի ղեկավարին և եվրոպացի այլ բարձրաստիճան պաշտոնյաներին ուղղված իր նամակում Փոստանջյանն ահազանգում է այն մասին, որ Ռուսաստանի պետական հեռուստաալիքի՝ «Ռոսիա 1»-ի լուրերի հաղորդաշարով հեռարձակվող տեսանյութում հեղինակ Օլգա Սկոբեևան նվաստացնող, վիրավորող, անմեղության կանխավարկածը խախտող մեկնաբանություններով է հանդես եկել՝ հատկապես շեշտադրում կատարելով տղամարդու ազգային պատկանելության վրա: Նամակի հեղինակը նշել է նաև, որ Մոսկվայի քաղաքապետի պաշտոնակար Սերգեյ Սոբյանինը հանդես է եկել հայտարարությամբ, որով սպառնացել է օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ խտրական մոտեցման քաղաքականություն կիրառել:

«Եթե նման խախտումներ են տեղի ունենում մարդու իրավունքների հետ կապված, ապա, միանշանակ, Ռուսաստանի Դաշնությունը, լինելով Եվրոպայի խորհրդի անդամ երկիր, պարտավոր է միջոցներ ձեռնարկել, որպեսզի այն անձինք, ովքեր խախտել են օրենքները, կանչվեն պատասխանատվության», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց Զարուհի Փոստանջյանը՝ շարունակելով․ - «Ընդհանրապես, եթե դրսևորում է տեղի ունենում այլատյացության և պետությունը չի կանխում, սա նշանակում է, որ պետությունը ինքն էլ է իր մասնակցության բաժինը ունենում այդ բոլոր գործընթացների մեջ»:

Հարցին, թե ինչ արձագանք է ակնկալում եվրոպացի պաշտոնյաներից, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը պատասխանեց, որ Ռուսաստանի Դաշնությունը գտնվում է մշտադիտարկման ներքո՝ որպես մի երկիր, որը խնդիրներ ունի մարդու իրավունքների պաշտպանության հետ: Կան համազեկուցողներ, որոնք սերտորեն համագործակցում են Ռուսաստանի իշխանությունների հետ, և խնդիրը վերջիններիս ուշադրության կենտրոնում պահելու դեպքում հավանական է, որ այս մասին նրանք կբարձրաձայնեն:

Փոստանջյանը նամակում նաև գրել է․ - «Նման ողբերգական իրադարձություն հնարավոր է տեղի չունենար, եթե Ռուսաստանի Դաշնությունը, լինելով Եվրոպայի խորհրդի անդամ, չլիներ ամենակոռումպացված երկրներից մեկը»: «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ արդյոք այսպիսի կոշտ գնահատականները չե՞ն վնասի գործի ընթացքը, պատգամավորը արձագանքեց․ - «Չահազանգե՛լը կարող է վնաս բերել ոչ միայն Հրաչյա Հարությունյանին, այլ նաև միլիոնավոր այն հայերին, ովքեր ապրում են այս պահի դրությամբ Ռուսաստանի Դաշնությունում»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG