Մատչելիության հղումներ

Հուլիսի 31-ի մամուլ


«Ժամանակ» թերթին հարցազրույց է տվել «Համաձայնություն» քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը: Զրույցի առանցքային թեմաներից են Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի առաջիկա նախաստորագրումը և դրան առնչվող հնարավոր զարգացումները: Հարցին, թե Հայաստանը իր տնտեսության օլիգոպոլ համակարգով ինչ կարող է անել եվրոպական շուկայում, Շահնազարյանը պատասխանել է․ - «Ստեղծվելու են հսկայական հնարավորություններ, որ հենց նույն օլիգարխները իրենց կապիտալն օգտագործեն շատ ավելի արդյունավետ: Խնդիրը ոչ թե օլիգարխներն են, այլ գործող այդ համակարգն է: Հայաստանի տնտեսությունը, իհարկե, աղետալի վիճակում է, և սա հնարավորություն է, որպեսզի մեր տնտեսությունը դուրս բերվի այս գահավիժող գործընթացից: Բայց սա ընդամենը առաջին քայլն է, շատ լուրջ ճանապարհ պետք է անցնի Հայաստանը, որպեսզի այդ ամենին հասնի: Մեր բոլոր ստանդարտները պետք է համապատասխանեցվեն եվրոպական ստանդարտներին, և Հայաստանը տնտեսական իմաստով պետք է կազմի այդ շուկայի լիարժեք մասը: Սա նաև հնարավորություն է քաղաքական իմաստով, որպեսզի մենք այստեղ կայացնենք այն արժեքները, որոնց վրա հիմնված է Եվրոպան և ազատ աշխարհը: Այսինքն` մենք մաս կկազմենք այդ ազատ աշխարհին, որը ոչ միայն այդ առավելություններն է տալիս, այլև ակնհայտ է, որ անվտանգության առումով մեզ համար նորանոր հնարավորություններ են ստեղծվում»: Հարց․ - «Այսինքն` Հայաստանի անվտանգության դիվերսիֆիկացման մասի՞ն է խոսքը»: Պատասխան․ - «Այո՛, դիվերսիֆիկացման շատ մեծ հնարավորություն է տրվում: Ղարաբաղի հարցի կարգավորման իմաստով Հայաստանը ձեռք է բերում նոր կարգավիճակ: Հիմա սա ամրագրվում է»:

«Հրապարակ»-ը շարունակում է տրանսպորտային թեման․ - «Մարդկայնորեն կարելի է կարեկցել Տարոն Մարգարյանին, ով ոչ այնքան փայլուն ընտրությունից հետո հիմա էլ հայտնվեց հասարակության թիրախում և իր վրա կրում է հարվածներ, որոնցից ոչ բոլորն են իրենը: Երիտասարդ քաղաքապետով անկեղծորեն հիացող երևանցիների հսկայական բանակը մի քանի օրվա ընթացքում նվազեց և դարձավ մի ավտոբուսի ուղևորների չափ: Այն ավտոբուսի, որի «սեփականատերերի» շահերը սկսեց նա պաշտպանել՝ մոռանալով, որ ինքն ամբողջ քաղաքի քաղաքապետն է, այլ ոչ թե իր կուսընկերների ու սեղանակիցների: Ու թեև հասարակությունը շատ լավ գիտակցում է, որ ուղեվարձի թանկացման որոշումը Տարոնի միանձնյա որոշելիքը չէր, և այն համաձայնեցված էր երկրի ղեկավարության հետ, սակայն քաղաքացին առավել դաժան գտնվեց հենց նրա նկատմամբ: Ինչո՞ւ: Որովհետև կատարողները պատվիրատուներից պակաս մեղավոր չեն, եթե չասենք՝ ավելի մեղավոր են: Որովհետև յուրաքանչյուր կատարող պետք է իմանա, որ իր ստորագրությամբ հրապարակված ակտերի, իր իրավասության շրջանակներում կայացված որոշումների պատասխանատուն ինքն է և միմիայն ինքը»:

«Հայոց Աշխարհ»-ը նույն թեմայի շուրջ զրուցել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հետ: Հարց․ - «Համամի՞տ եք տեսակետներին, թե քաղաքական ուժերը փորձում են իրենցով անել «ուղեվարձային շարժման» պտուղները՝ քաղաքականացնելով երիտասարդների քաղաքացիական նախաձեռնությունը։ Ավելին՝ շարժումը հասավ հաջողության, որովհետև քաղաքական ուժերը չէին մասնակցում կամ ուշացումով մտան «խաղի մեջ», և ընդհանրապես, քաղաքական դաշտն իրեն սպառել է՝ անհրաժեշտ են նոր ուժեր, որոնք տեր կկանգնեն ժողովրդի ձգտումներին և ակնկալիքներին»։ Պատգամավորի պատասխանը․ - «Մեղմ ասած, անհասկանալի է, երբ քաղաքացիական հասարակությունը արհեստականորեն փորձում են տարանջատել քաղաքական հատվածից, որովհետև քաղաքականությունը նույն քաղաքացիական հասարակության դրսևորումներից է. չի կարելի տարանջատել մեկը մյուսից։ Երկրորդ՝ իսկ ո՞վ ասաց, որ ընդհանրապես բարեփոխումների բեռը պետք է դրված լինի միայն քաղաքական ուժերի ուսերին. ամենաակտիվ դերակատարությունը հենց հասարակությունը պետք է վերցնի իր վրա, նրա ձեռնարկած գործողությունները պիտի դառնան բարեփոխումների շարժիչ ուժը»։

Հարցն արծարծվում է նաև ԱԺ փոխանախագահ Հերմինե Նաղդալյանի՝ «Առավոտ»-ն տված հարցազրույցում: Նաղդալյանը, մասնավորապես, նշում է․ - «Ազատ խոսքի իրավունքը դեմոկրատական երկրին բնորոշ հատկանշական դրսևորումներից է, և միշտ էլ ուզածդ երկրում ինչ-որ բան պահանջողներ լինում են: Խնդիրն այն է, թե որքանով են այդ պահանջները տրամաբանության և օրենքների շրջանակներում, որքանով են այդ պահանջները հոգեհարազատ լայն հանրությանը, և ունե՞ն, արդյոք, հանրային աջակցություն: Քաղաքապետարանի շենքի առջև քանի օր շարունակ տեսնում ենք նույն՝ մոտ 50 երիտասարդ ակտիվ աղջիկների ու տղաների, և չէի ուզենա, որ իրենց մաքուր ու անկեղծ էնտուզիազմը գործիք դառնար ինչ-որ ուժերի ձեռքին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG