Մատչելիության հղումներ

logo-print
Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Վահե Ավետյանի մահվան գործով այսօր կայացած նիստում դատավոր Դավիթ Հարությունյանը մերժեց երեք բժիշկների որպես վկա հարցաքննելու՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի միջնորդությունը՝ այդպիսով ավարտելով վկաների հարցաքննության փուլը:

Ներկայացնելով միջնորդությունը՝ Եգորյանը պնդեց, թե այդ բժիշկներին հարցաքննելու անհրաժեշտությունն առաջացել է անցած նիստում զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժական բաժանմունքի պետ Արման Հակոբյանի հարցաքննության ընթացքում տված ցուցմունքից հետո: Հակոբյանը, հիշեցնենք, ասել էր, թե Ավետյանը ստացել էր «գլխուղեղի մահ»:

Սակայն Եգորյանի այս և այլ փաստարկները չհամոզեցին դատավոր Հարությունյանին:

Միջնորդությունը բավարարելուն, նշենք, կտրականապես դեմ էին նաեւ ամբաստանյալների պաշտպանները:

Այսպիսով, Վահե Ավետյանի մահվան գործով հարցաքննվել են 3 դատակոչված վկաներ և մեկուկես տասնյակից ավելի լրացուցիչ վկաներ:

Տուժող կողմը նախաքննության սկզբում մի շարք միջնորդություններ էր ներկայացրել՝ պնդելով, թե նախաքննության ընթացքում ոչինչ չի արվել հանցագործության պատկերը հստակեցնելու համար, ուստի ակնկալվում է, որ հաջորդ նիստերում դատարանը կանդրադառնա դրանց: Միջնորդությունները վերաբերում են դեպքի վայրի տեղազննությանը, տեսախցիկների կրիչներին, մի շարք այլ հարցերի:

Վահե Ավետյանը, հիշեցնենք, մահացել էր անցած տարվա հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցների կողմից ծեծի ենթարկվելու արդյունքում՝ 12 օր անց:

Դատական հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 2-ին:
XS
SM
MD
LG