Մատչելիության հղումներ

Հայաստանյան ազատ տնտեսական գոտին բարձր տեխնոլոգիական ուղղվածություն ունի


Հայաստանում դեռևս միակ ազատ տնտեսական գոտին գործում է Երևանում, այն ստեղծվել է ընդամենը 3 օր առաջ։

Այն գործում է Երևանի 2 հատվածքներում՝ ՌԱՈ ՄԱՐՍ գործարանում և Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական կամ ինչպես առավել հայտնի է՝ Մերգելյան ինստիտուտում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ազատ տնտեսական գոտու կառավարումը իրականացնող «Սիթրոնիքս Հայաստան» ընկերության փոխտնօրեն Նիկա Մանուկովան ասաց, որ այս գոտին կարելի է ասել դուրս է Հայաստանի մաքսային տարածքից, միակ հարկը, որը կվճարեն այստեղ գրանցված ընկերությունները, եկամտահարկն է։

Ազատ տնտեսական գոտում գրացվելու համար ընկերությունները պետք է որոշակի պահանջների բավարարեն՝ լինեն տեղեկատվական տեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիաների, դեղագործության, այլընտրանքային էներգետիկայի, հեռահաղորդակցության, ճշգրիտ ճարտարագիտության ոլորտի ընկերություններ, և բացի այդ՝ ընկերությունները հարկերից ազատված կլինեն միայն արտադրանքը արտահանելու դեպքում, իսկ եթե օրինակ որևէ ընկերություն որոշի իր արտադրանքը վաճառել Հայաստանի տարածքում, ապա պետք է վճարի բոլոր սահմանված հարկերը։ Ազատ գոտում գործունեություն ծավալելու համար կազմակերպությունները պետք է բիզնես ծրագիր ներկայացնեն, որը նախ պետք է հաստատվի «Սիթրոնիքս Հայաստանի», այնուհետև Հայաստանի կառավարության կողմից:

Նիկա Մանուկովան ասաց, որ հիմնականում աշխատելու են արտասահմանյան կազմակերպությունների հետ և արդեն իսկ մի քանի հայտ ունեն։

Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանի կարծիքով նման ծրագրերը Հայաստանում երկարաժամկետ հաջողություն չեն ունենում։ Նա ասաց, որ նմանատիպ մի քանի փորձեր է հիշում, որոնք ուղղակի չաշխատեցին մեր երկրում։

«Ինչ-որ բան կաշխատի, և այդ ինչ-որ աշխատող բանը հավասար չափով դրական ու բացասական հետևանքներ կունենա․ ժամանակավոր աշխատատեղեր, ժամանակավոր կրթական մակարդակի բարձրացում, բայց միևնույնն է՝ այդ բոլոր մարդիկ, որոնք այստեղ կաշխատեն ու կբարձրացնեն իրենց որակը, վաղ թե ուշ կտեղափոխվեն Արևմուտք: Այսինքն նաև դա կխթանի որակյալ աշխատուժի արտագաղթը», - մեկնաբանեց փորձագետը:

Ազատ տնտեսական գոտու լրիվ շահագործման դեպքում նախատեսվում է, որ մի քանի հազար աշխատատեղեր կստեղծվեն։ «Սիթրոնիքս Հայաստանին» կառավարությունը 10-ը տարի գոտին շահագործելու իրավունք է տվել։ Ի դեպ, «Սիթրոնիքս Հայաստանը» բիզնես գործունեություն ծավալելու իրավունք չունի, այն միայն զբաղվելու է վարձակալությամբ ազատ գոտու արտադրական և գրասենյակային տարածքների տրամադրմամբ։
XS
SM
MD
LG