Մատչելիության հղումներ

Վերջին մեկ տարվա ընթացքում «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության արագ արձագանքման խումբը բացահայտել է կանանց նկատմամբ բռնության 20 դեպք, որոնցից յոթը՝ մահացու ելքով:

Խմբի համակարգող Լիդա Մինասյանը նշում է, որ դեպքերի հիմնական մասը գրանցվում են մարզերում։

Մինասյանը ներկայացրեց հունիս-հուլիս ամիսներին տեղի ունեցած երկու դեպքերը․ -«Դիանա Նահապետյանի դեպքն է, դեպքը տեղի է ունեցել Արարատում: Ամուսինը 21 անգամ դանակահարել էր իր կնոջը: Հաջորդ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 16-ին:Ամուսինը վերադարձել էր արտագնա աշխատանքից և հաջորդ օրը «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքում գրանցվելու համար դանակահարել կնոջը»:

Դիանա Նահապետյանը մահացել է, մյուս կնոջ կյանքը մեծ դժվարությամբ հաջողվել է փրկել: Մասնագետները նշում են, որ դանակահարությունների, ծեծի հիմնական պատճառը խանդն է:

Այս տարվա 20 դեպքերից 14-ը աչքի են ընկել առանձնակի դաժանությամբ, ընտանիքներում բռնությունները շարունակվել են տասը և ավելի տարիներ, սակայն կանայք չեն բարձրաձայնել։

«Հանդուրժում են, որովհետև ունեն անչափահաս երեխաներ, չունեն ֆինանսական անկախություն, վախենում են հասարակական կարծիքից և այլն»,- ասում է «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության տնօրեն Աննա Արուճյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ այս խնդիրը կամաց-կամաց հաղթահարվում է։

Արուճյանը նաև ասում է, որ վերջին տարիներին ոչ թե բռնության դեպքերն են ավելացել, այլ դրանց մասին բարձրաձայնողները:

Այսօր Հայաստանւմ կան թեժ գծեր, հասարակական կազմակերպությունները իրենց միջոցներով ապաստան, հոգեբանի և փաստաբանի ծառայություններ են տրամադրում, սակայն այդ ամենը դեռևս բավարար չէ, համոզված է կազմակերպության տնօրենը, աջակցություն պետք է լինի պետական մակարդակով:

Կազմակերպության ծրագրերի ղեկավար Աննա Նիկողոսյանը նշում է, որ վերջին շրջանում հասարակական կազմակերպությունները «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծ էին մշակել, որը նպատակ ուներ պաշտպանել կանանց և երեխաներին, սակայն կառավարությունը մերժել է այն։

Կազմակերպության ներկայացուցիչները նշեցին, որ միջազգային տարբեր կառույցների հետազոտությունների համաձայն՝ Հայաստանում բռնության է ենթարկվում կանանց մոտ 70 տոկոսը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG