Մատչելիության հղումներ

Ելենա Կագան․ «Դժվար է դատավորի համար ազնիվ լինել, երբ ողջ երկիրը կոռումպացված է»


ԱՄՆ-ի գերագույն դատարանի դատավոր Ելենա Կագան, արխիվ
ԱՄՆ-ի գերագույն դատարանի դատավոր Ելենա Կագան, արխիվ

ԱՄՆ-ի գերագույն դատարանի դատավորը պարզաբանում է, թե ինչ կարող են անել ետխորհրդային իշխանությունները օրենքի գերիշխանություն հաստատելու համար:

«Դժվար է դատավորի համար ազնիվ լինել, երբ շրջապատող ողջ հասարակությունը թաթախված է կոռուպցիայի մեջ», - պնդում է իր անկախությամբ հայտնի դատական մարմնի՝ ԱՄՆ-ի գերագույն դատարանի դատավոր Ելենա Կագանը:

Արդեն ավելի քան երկու հարյուր տարի է՝ ամերիկյան բարձրագույն այս ատյանը հետևում է, որ երկրում ընդունվող օրենքները համապատասխանեն Սահմանադրությանը, ինչի համար բազմաթիվ դեպքերում ստիպված է լինում անգամ վեճի բռնվել երկրի նախագահների հետ: Ամերիկյան դատական համակարգի համար կարևորագույն այս որոշումները կայացնում են ինը դատավորներ, Ելենա Կագանը նրանցից մեկն է, ով բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին՝ պարզաբանելով՝ ինչ կարող են անել ետխորհրդային իշխանությունները իրենց երկրում ևս օրենքի գերիշխանություն հաստատելու և դատավորների անկախությունը ապահովելու համար:

«Ի՞նչ դասեր կարող են քաղել արդար դատական համակարգի համար պայքարող երկրները Միացյալ Նահանգներից», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Գերագույն դատարանի դատավորը պատասխանել է․ - «Ամերիկյան արդարադատության համակարգն էլ անթերի չէ, ճանապարհին միշտ էլ հանդիպում են խոչընդոտներ, և միշտ կա կատարելագործվելու հնարավորություն: Սակայն Միացյալ Նահանգներում մենք ունեցել ենք անկախ դատական համակարգի կայացմանը նպաստող մի շարք գործոններ: Նախ, անգամ հեղափոխությունից առաջ երկրում կար օրենքի գերիշխանության նկատմամբ լրջագույն հանձնառություն, որը Նահանգները ժառանգել էր Անգլիայից: Բացի այդ, Ամերիկայի պատմության առաջին իսկ օրերից մենք ունեցել ենք մի քանի շատ իմաստուն առաջնորդներ, որոնք կարողացել են երաշխավորել, որ դատարանները կարևոր և անկախ դերակատարություն ստանձնեն ամերիկյան կառավարման գործընթացում: Միևնույն ժամանակ, ուզում եմ ընդգծել, որ դատարանները հարգանքի են արժանանում և նրանց վճիռները ընդունվում են, երբ իրենք էլ խելամտորեն են օգտագործում և չեն գերազանցում իրենց տրված լիազորությունները»:

Նախկին Խորհրդային Միության շատ երկրներում լայն տարածում ունի պրակտիկան, երբ բոլոր կարևոր գործերի քննության ժամանակ դատավորը զանգ է ստանում վերևներից, նրան ուղղակի թելադրում են, թե ինչ վճիռ է անհրաժեշտ կայացնել, ինչպե՞ս պայքարել այս երևույթի դեմ՝ «Ազատություն» ռադիոկայանի հարցին ԱՄՆ-ի գերագույն դատարանի դատավորը արձագանքել է․ - «Դատարանների անկախությունը որոշ չափով որոշվում է նաև նրանց պատրաստակամությամբ և ցանկությամբ՝ դեմ գնալ իշխանությունների կամքին և մարտահրավեր նետել նրանց՝ ասելով․ - «Դուք գերազանցել եք ձեզ տրված լիազորություններն ու պետք է պատասխան տաք դրա համար»: Մյուս կողմից, դժվար է դատավորի համար ազնիվ լինել, երբ ողջ երկիրը կոռումպացված է, ես չգիտեմ մի պետություն, որտեղ կառավարության մնացած մասը կոռումպացված է, իսկ արդարադատության համակարգը՝ ոչ: Պայքարը բոլոր ոլորտներում պետք է իրականացվի համընթաց: Այո, սա դժվարին գործընթաց է, սակայն արժե պայքարել, քանի որ հասարակության ազատությունը, բարգավաճումն ու կայունությունը իրականում կախված են հենց դատարանների անկախությունից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG