Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղում շոշափելիորեն բարձրացնել են սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության շատ ապրանքների գները: Ղարաբաղցիները, սակայն, դեռևս բողոքի չեն ելել:

Մեկ ամիս առաջ գազի, ջրի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմանը հաջորդեց գնաճը մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների շուկայում․ նկատելիորեն թանկացավ հացը, աղը, մակարոնեղենը, խմիչքը եւ այլն:

Լեռնային Ղարաբաղի Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նախագահ Լևոն Մնացականյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե արձանագրված գնաճը հիմնավորված է․ - «Կարող են որոշակի թանկացումներ լինել այն շուկաներում, որտեղ գնագոյացման մեջ էական են էլեկտրականության և գազի կոմպոնենտները»:

Օրեր առաջ ԼՂ վարչապետը հայտարարեց, որ հունվարից կբարձրանա երթուղայինների ուղեվարձը՝ այժմ գործող 70 դրամի փոխարեն կսահմանվի 100 դրամ:

«Անխուսափելի է տրանսպորտի թանկացումը: Բայց, քանի որ թոշակների, աշխատավարձերի բարձրացումը նախատեսել ենք հունվարի 1-ից, մենք որոշել ենք դեռ մինչև հունվարի 1-ը ֆինանսավորել նրանց դեֆիցիտը մինչև աշխատավարձերի, թոշակների լուրջ բարձրացումը մենք կարողանանք ապահովել: Մեզ մոտ տրանսպորտային ընկերությունները աշխատում են վնասով: Նույն պրոբլեմը ունենք գյուղեր - Ստեփանակերտ երթուղիներում», - ասել էր Արա Հարությունյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում ստեփանակերտցիներն իրենց հուսահատությունն էին բարձրաձայնում:

«250 գրամանոց հացը 130 դրամ է դարձել: Որովհետև այստեղ էլ չկա ընդդիմություն: Ամենահարուստը, ամենալավ ապրողները պիտի ղարաբաղցիների լինեն՝ այսքան հիմնադրամներ, ամբողջ աշխարհից հայերը փող են տալիս․․․», - ասաց միջին տարիքի մի տղամարդ:

«Իրենց համար շենքեր են կառուցում, դրա համա՞ր են թանկացնում, սուպերմարկետներ են բացում, դրա համա՞ր են թանկացնում», - վրդովված ասաց մի կին՝ հավելելով․ - «Ժողովուրդը քնած է, թող արթանա»:
XS
SM
MD
LG