Մատչելիության հղումներ

Իվանիշվիլին բացահայտել է իր «եվրոպական երազանքը»


Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին

«Վրաստանի վարչապետը բացահայտում է եվրոպական երազանքը»` այսպիսի վերնագրով այսօր լույս տեսավ եվրոպական ամենահեղինակավոր ինտերնետային պարբերականներից մեկի` EUobserver-ի հոդվածը Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի մասին:

Եվրամիության ներքին և արտաքին քաղաքականությունը լուսաբանող ամենահայտնի լրատվական գործակալությունը այսօր իր առաջին էջում անդրադառնում է փոքրիկ Վրաստանի մեծ ապագայի տեսլականին: Վրացի միլիարդատեր Իվանիշվիլին իր «վրացական երազանքի» մասին պատմել է Ուրեկիի ամառանոցում, Սև ծովի ափին:

«Ես ուզում եմ Վրաստանը դարձնել տիպիկ եվրոպական հասարակություն և Դուբայի նման բիզնես կենտրոն Եվրոպայի և Ասիայի միջև: Դա իմ երազանքն է, և հնարավոր է այն իրագործել, եթե ամեն ինչ իդեալական ընթանա: Իհարկե, ես չեմ ուզում սա բարձրաձայնել, որպեսզի ծիծաղելի չթվամ, բայց սրտիս խորքում ես հավատում եմ... հնարավորություն կա», -ասում է «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիրը:

57 տարեկան այս գործարարը իր հաջողությունը գտել է 90-ականներին Ռուսաստանում, 2011-ին վերադարձել հայրենիք և հաղթել խորհրդարանական ընտրություններում, գրում է եվրոպական պարբերականը և հավելում, որ Իվանիշվիլիի կարծիքով՝ իր երազանքը կարող է իրականություն դառնալ 20 տարուց:

Իվանիշվիլիի ծրագիը հետևյալն է` մաքրել համակարգը կոռուպցիայից, կառուցել որակյալ դպրոցներ, հիվանդանոցներ և ճանապարհներ` արտասահմանյան ներդրողներին գրավելու համար: Նոր վարչապետը խոստանում է շարունակել ոչնչացնել նախագահ Սաակաշվիլիի «մութ գործերը»՝ անօրինական գաղտնալսումները, նկարահանումները և ինտերնետից ապօրինի հավաքված տեղեկատվությունը:

«Ներկայիս հետապնդումները հիշեցնում են Ջորջ Օրուելի «1984» կոչվող տոտալիտարիզմի մասին վեպը»,- ասում է Վրաստանի վարչապետը՝ հավելելով, որ Սաակաշվիլին կարող է կանգնել դատարանի առջև.- «Դա իմ քաղաքական ցանկությունը չէ, բայց օրենքի ուժը կիրառելի է բոլորի նկատմամբ»։

Ինչ վերաբերում է արտաքին հարաբերություններին, ապա Իվանիշվիլին լուրջ քայլ առաջ է համարում ԵՄ-ի հետ նոյեմբերին նախաստորագրվող Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերը: Միաժամանակ, նա նաև այն քաղաքական գործիչն է, ում կառավարման օրոք Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունների սառույցը սկսեց կոտրվել:

«Աբխազիան և Հարավային Օսիան վերադարձնելու համար մենք պետք է համոզենք, որ կարող ենք իրենց համար ավելի լավ կյանք ապահովել»,- կարծում է Իվանիշվիլին:

Սակայն եվրոպացի փորձագետները վստահ չեն, որ Բիձինա Իվանիշվիլին այն ճիշտ մարդն է, որ կկարողանա վերացնել Սաակաշվիլիի ստեղծած համակարգը: Նա առաջին բիզնեսմենը չէ, որ 50-ից հետո ցանկանում է քաղաքականությամբ զբաղվել և բարեփոխումներ իրականացնել: Իվանիշվիլին լավ թեկնածու է, բայց չունի անհրաժեշտ քաղաքական փորձ, նշում են եվրոպացի վերլուծաբանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG