Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ակտիվորեն փորձում է մուտք գործել Ադրբեջանի էներգետիկ շուկա: Ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ, Վլադիմիր Պուտինի`օգոստոսի կեսին սպասվող այցը երկկողմ էներգետիկ համագործակցությունը խթանելու առումով կարող է շրջադարձային լինել:

Պուտինի այցի նախապատրաստման աշխատանքերում ներգրավված ադրբեջանցի պաշտոնայներից մեկը Turan գործակալության հետ զրույցում նշել է, որ էներգետիկ ոլորտին առնչվող թեմաները լինելու են մի քանիսը: Դրանցից առանցքայինը, թերևս, ռուսական կողմի ցանկությունն է մասնակցել երկրաբանների կողմից 2011-ի սեպտեմբերին հայտնաբերված «Ապշերոն» գազային հանքավայրի շահագործմանը:

Դեռ անցած շաբաթավերջին այս մասին տեղեկացրեց Reuters գործակալությունը` նշելով, որ ռուսական առաջատար նավթային ընկերությունը` Роснефть-ը ցանկանում է մաս կազմել այս նախագծին:

Նշենք, որ այսօր մոտ 150-300 միլիարդ խորանարդ մետր գազի պաշարներ պարունակող այդ հանքավայրի բաժնետոմսերի 40-ական տոկոսը Ադրբեջանի պետական նավթային ընկերության և ֆրանսիական Total կոնցեռնի ձեռքում են: Եվս 20 տոկոսը մեկ այլ ֆրանսիական ընկերության` GDF-Suez-ին է պատկանում:

Turan-ի աղբյուրը, որ չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը, խոստովանել է․ - «Սա իրոք շատ լուրջ խնդիր է, քանի որ Ապշերոնն արդեն իսկ խիստ արժեքավոր էներգետիկ ակտիվ է: Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը պատրաստ է այս հարցը քննարկել Роснефть-ի հետ՝ եթե իհարկե ռուսական ընկերությունը ադրբեջանական կողմին ի վիճակի լինի համարժեք առաջարկ անել»: Turan-ի աղբյուրը նաև չի բացառել, որ կողմերը Պուտինի` Բաքու կատարելիք մեկօրյա այցի ընթացքում կարող են համագործակցության հուշագիր ստորագրել:

Ռուսական լրատվամիջոցների պնդմամբ, սակայն, Роснефть ընկերութունը չի պատրաստվում սահմանափակվել միայն Ապշերոնի գազային հանքավայրի շուրջ բանակցություններով: Մոսկովյան Коммерсант-ի տեղեկություններով, Роснефть-ի ղեկավարությունը Պուտինի այցի ժամանակ բարձրացնելու է նաև արդեն շահագործվող «Շահ Դենիզ-2» հանքավայրում բաժնեմաս ձեռք բերելու հարցը: Ըստ թերթի, ռուսական ընկերության ղեկավարները արդեն իսկ պայմանավորվածություն են ձեռք բերել British Petroleum նավթային ընկերության հետ` երրորդ երկրներում համագործակցության մասին: Դա, ըստ Коммерсант-ի, միտված է հենց «Շահ Դենիզ-2»-ի շուրջ ռուսական կապիտալի մասնակցության խորացմանը, քանի որ BP-ին է պատկանում հանքավայրի բաժնեմասի 25 տոկոսը:

Եթե Վլադիմիր Պուտինը կարողանա համոզել ադրբեջանական կողմին, որ արևմտյան էներգետիկ ընկերություններին հետ մեկտեղ ռուսական կապիտալը ևս այստեղ անելիք ունի, դա կդառնա Մոսկվայի խոշոր դիվանագիտական հաղթանակը: Այսօր Ադրբեջանի էներգետիկ շուկայում աննշան բաժնեմասերով ներկայացված միակ ռուսական ընկերությունը Lukoil-ն է, որի ղեկավարը ազգությամբ ադրբեջանցի Վագիտ Ալեքպերովն է:

Որ ռուսական կողմը լրջորեն է մտադրվել մուտք գործել ադրբեջանական շուկա, վկայում է նաև այն հանգամանքը, որ գործընթացում ներգրավված է Роснефть ընկերությունը: Երկրի խոշորագույն նավթային այս ընկերության ղեկավարը Վլադիմիր Պուտինի ամենամերձավոր զինակիցներից մեկն է` Պետանվտանգության կոմիտեի նախկին սպա, 90-ականներին Պետերբուրգի քաղաքապետարանում որպես Պուտինի օգնական պաշտոնավարած Իգոր Սեչինը: Նա Բաքու էր ժամանել ընդամենը մի քանի շաբաթ առաջ և երկկողմ էներգետիկ համագործակցության խնդիրները քննարկել էր Ադրբեջանի նախագահի հետ:

Ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ, Վլադիմիր Պուտինը Բաքվում կքննարկի նաև Բաքու-Նովորոսիյսկ խողովակաշարով ադրբեջանական նավթի արտահանման վերսկսման հնարավորությունները, ինչպես նաև Ադրբեջանում արդյունահանված գազի մի մասը ռուսական Газпром ընկերությանը վաճառելու հարցը:

«Քիչ հավանական է, սակայն, որ կարճաժամկետ կտրվածքով այս հարցերի շուրջ Մոսկվան ու Բաքուն կարողանան ընդհանուր հայտարարի գալ», - պնդում է Turan գործակալության մեկնաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG