Մատչելիության հղումներ

Ակցիաները Երևանի քաղաքապետարանի մոտ շարունակվում են


Հուլիսի 28-ի ակցիան Երեւանի քաղաքապետարանի մոտ
Հուլիսի 28-ի ակցիան Երեւանի քաղաքապետարանի մոտ

Ակտիվիստները, որոնք արդեն երրորդ գիշերն են անցկացրել քաղաքապետարանի մոտ, հայտարարում են, որ նույն ոգով շարունակելու են իրենց պայքարը:

Երևանի քաղաքապետարանի մոտ շարունակվում է տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի, «Երևանտրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականների, ինչպես նաև տրանսպորտի սակագնի փոփոխման մասին քաղաքապետի որոշումն անվավեր ճանաչելու պահանջներով երիտասարդների անժամկետ նստացույցը:

Ակտիվիստները, որոնք արդեն երրորդ գիշերն են անցկացրել քաղաքապետարանի մոտ, հայտարարում են, որ նույն ոգով շարունակելու են իրենց պայքարը մինչև նշված պաշտոնյաների հրաժարականը և քաղաքապետի աղմկահարույց որոշումն անվավեր ճանաչելը:

Ակտիվիստները նշում են, որ իրենց մոտենում են կասկածելի անձինք, փորձում են համոզել, որ անիմաստ են այս ակցիաները, առաջարկում են այլ ելքեր գտնել, բայց, ակտիվիստների խոսքով, նրանցից որևէ մեկը չի ներկայանում և չի հստակեցնում, թե քաղաքապետարանում ինչով է զբաղված:

Փոխարենը, քաղաքացիներն են բավականին ակտիվ և ջերմ վերաբերմունք ցուցաբերում այս ակցիայի մասնակիցներին:

«Մարդիկ, մեքենաներով անցորդները շատերը միշտ ազդանշաններով ողջունում են, մեր կողմից էլ պատասխան՝ ձեռքի բութ մատը վերև նշանով ողջույնն են ստանում», - երկուշաբթի վաղ առավոտյան «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ակցիայի մասնակիցներից մեկը՝ շարունակելով․ - «Շատ մարդիկ գալիս են թողնում են ուտելիքներ, ջուր, սուրճ: Ընդհանրապես, վերաբերմունքը մարդկանց կողմից շատ լավ է»:

Թեև խոչընդոտներ ստեղծվում են, բայց, ինչպես նշում են ակտիվիստները, անցած գիշեր բացի տարածքում լույսերն անջատելուց և ջրերի շիթերը ակտիվիստների ուղղությամբ ուղղելուց որևէ այլ միջադեպ չի արձանագրվել՝ ի տարբերություն նախորդ գիշերվա, երբ, ակտիվիստների խոսքով, մի սադրիչ էր այցելել, որին ոստիկանները բերման էին ենթարկել:

Անցած գիշեր առանձնապես լուրջ միջադեպեր չեն արձանագրվել, բայց կրկին խնդիրներ են եղել՝ կապված հոսանքն անջատելու, ջրի շիթերը ակտիվիստների ուղղությամբ միացնելու հետ:

«Գիշերը նորմալ է անցել, փառք Աստծո, ջրերը շատ կարճ ժամանակով միացրեցին, հետո անջատեցին, էլի հոսանքազրկված էր», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ակտիվիստներից մեկը:

«Ուզում եմ նաև զգուշացնել քաղաքապետարանին, որ նման ճղճիմ արարքներով չի կարելի զբաղվել, ավելի լավ է իրենց աշխատակիցների վարքով զբաղվեն, վարքի կանոններ մշակեն, քան թե ստեղծեն անհարմարավետություն նստացույց անողների համար», - ասաց մեկ այլ ակտիվիստ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG