Մատչելիության հղումներ

logo-print

Հուլիսի 27-ի մամուլ


«Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասել էր, որ եթե իշխանությունը ցանկություն ունենա, մի քանի ժամում կմարի հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման առիթով առաջացած շարժումը: «Առավոտ»-ի հետ զրույցում Գալուստ Սահակյանն այսպես է մեկնաբանում իր այդ հայտարարությունը․ - «Քաղաքային իշխանությունն ու քաղաքական ուժը եթե ցանկանային, կարող էին նաև որոշակի գործընթացներ կազմակերպել և 150 դրամ ուղեվարձի որոշումը մինչև վերջ տանել, որի կողմնակիցն եմ ես: Մենք բավականին լուրջ քաղաքական ուժ ենք և կկարողանայինք մարդկանց բացատրել, որ Երևան քաղաքը պիտի տրանսպորտ ունենա: Այս որոշումը տրանսպորտազրկման որոշում էր, որն ինձ համար ընդունելի չէ»: Հարցին էլ, թե այնուհանդերձ՝ ինչո՞ւ քաղաքային իշխանությունը և իշխող քաղաքական ուժը մինչև վերջ չպաշտպանեցին իրենց որոշումը, եթե այդքան վստահ էին, որ այն հիմնավոր է, Գալուստ Սահակյանը պատասխանել է․ - «Ես այդ գործընթացների լիազոր մարմինը չեմ»:

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ - «Գնահատելով ընդհանրական դիմակայությամբ հասարակական տրանսպորտի թանկացումը կանխելու իրողությունը, պետք է արդեն սկսել կոնկրետ աշխատանքը բուն խնդրի վրա՝ այդ նույն հանրային տրանսպորտի վիճակը, սպասարկման որակն ու մակարդակը բարելավելու, այդ ամենը ուղևորների համար հնարավորինս անցնցում իրականացնելու համար: Սա թերևս ավելի ընդունելի ճանապարհ է, քան քաղաքապետի հրաժարականը: Բայց դե, ամեն մի քաղաքական ուժ ինքն է որոշում իր հետագա քայլերի «երթուղին»: Ի դեպ, կուսակցությունների մասին: Ինքնին հասկանալի է, որ հատկապես ընդդիմադիր ուժերի երիտասարդական ակտիվներն անցած օրերին ներգրավված են եղել «Չենք վճարի 150 դրամ» շարժման մեջ: Հասկանալի է, նաև, որ ակտիվորեն են ներգրավված եղել: Սակայն էականն այն է, որ ամբողջական շարժումը որևէ մի կոնկրետ կուսակցության կամ կուսակցությունների դրոշի ու «պատրոնաժի» տակ չէր: Ու թանկացումներից ընդհանուր և բնական դժգոհության ֆոնին զուգահեռ, առաջին հերթին հենց նման ապակուսակցականացված կացությունը նպաստեց, որ շարժումը երկրաչափական պրոգրեսիայով ծավալվի ու, ի վերջո, հասնի հաջողության: Մինչդեռ շարունակությունը քաղաքականացնելու և կուսակցականացնելու մղումները կարող են նաև ակտիվիստային շարժման կոտորակման առիթ դառնալ»:

«Հրապարակ»-ի խմբագրականում կարդում ենք․ - «Բոլորը համակարծիք են մի բանում, որ այս փոքրիկ հաղթանակը տեղի ունեցավ հիմնականում 20-30 տարեկանների պայքարի շնորհիվ: Այս օրերին ամենուրեք գովեստի խոսքեր են հնչում նրանց հասցեին, բոլորը հիանում են՝ «հրաշալի սերունդ է մեծանում», չնայած օրեր առաջ բոլորը նույն համերաշխությամբ փնթփնթում էին, թե սերունդն անգրագետ է, չի կարդում, չի սովորում, սերիալների ու եվրոպական այլասերող գաղափարների ազդեցության տակ դեգրադացվում է, և այլն: Այս հեղափոխությունը, փաստորեն, «հեղափոխություն» արեց նաև մեր՝ հայ ժողովրդի, աճող սերնդի մասին պատկերացումներում: Հույս ու հավատ ծնեց մեր երկրի ապագայի նկատմամբ, ցույց տվեց, որ հասարակությունն այնքան պասիվ ու հոգնած չէ, այնքան անտարբեր ու գորշ չէ, ինչպես թվում էր մեզ»:

«Ազգ» օրաթերթը գրում է․ - «Այն, ինչ ծնվեց Հայաստանում հուլիսի 25-ին, գուցե և կոչվում է քաղաքացիական հասարակություն: Համենայն դեպս, բոլոր տեսակի առանձնահատկությունները, որոնք պարտադիր են քաղաքացիական հասարակություն կոչվելու համար, հայաստանյան այս նոր երևույթն ունի: Նախ, դասակարգային չէ, որովհետև արտասահմանյան թանկարժեք մեքենայի վարորդը կանգնեց այդ մեքենայի մասին միայն երազող երիտասարդի կողքին, քաղաքական չէ, որովհետև քաղաքական որոշ գործիչներ թեև երևացին շարժման շարքերում, բայց ոչ ոք նրանց չլսեց, ու նրանք ոչինչ չասացին: Եվ, որը պակաս կարևոր չէ, այս շարժումը խնդրի ու նպատակի հարցում կոնկրետ ու հստակ է, հրաշալի գիտի, թե ի՞նչ է ուզում և ումի՞ց է ուզում: Շարժումը հաղթեց, համենայն դեպս, սա այն շարժումներից է, որոնք պարտվել չունեն, որոնք, եթե կան, ուրեմն արդեն հաղթել են: Շարժումը հաղթեց, ինչը կարող է նշանակել, որ Հայաստանում ծնվեց քաղաքացիական հասարակությունը: Եթե սա այսպես է, ապա ուրեմն, այժմ, այսօրվանից, Հայաստանում քաղաքացիական նորածին հասարակության դաստիարակության շրջանն է մեկնարկում»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG