Մատչելիության հղումներ

Երևանի Փակ շուկայի շուրջ իրավիճակը շարունակում է անորոշ մնալ: Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, շինությունը շահագործման կհանձնվի մոտ երկու ամսից։

Վերջերս փակ շուկայի խնդրին են անդրադարձել Մարդու իրավունքների պաշտպանը և Մշակույթի նախարարությունը՝ անընդունելի համարելով, որ իրավասու մարմինները չեն արձագանքում գործընթացին, թեև շենքում շինարարությունն ընթանում է մեկ տարի ի վեր:

Շինարարություն իրականացնող կազմակերպությանը քաղաքապետարանն արդեն երկու անգամ վարչական պատասխանատվության է ենթարկել: Վերջերս քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել էր, որ իրենք կանխել են այդտեղ բարձրահարկ շենքի կառուցումը:

Չնայած ստեղծված իրավիճակին, իրավապահ մարմինները մինչև օրս այս հարցով չեն զբաղվում, ինչը, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարծիքով, անընդունելի է։

Մոտ մեկ ամիս առաջ պատգամավորը այս հարցով հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել։ Նկարագրելով ստեղծված իրավիճակը՝ Փոստանջյանը կոչ էր արել քրեական պատասխանատվության ենթարկել Փակ շուկայի կառուցապատողին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։

Մի քանի օր առաջ պարզ է դարձել, որ այս դիմումը մերժվել է: Պատգամավորը, սակայն, կարծում է, որ հետաքննիչը պարզապես հիմք չի ունեցել այն մերժելու համար։

Այժմ Փոստանջյանը բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Թևոս Միրզաբեկյանին, որով վիճարկում է ոստիկանության հետաքննիչի՝ քրեական գործ հարուցելու դիմումը մերժելու մասին որոշումը։

Պատգամավորը պնդում է, որ հետաքննիչը չի իրականացրել լրիվ և օբյեկտիվ քննություն։ Մասնավորապես, բացակայում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ այս հարցով բացատրությունները, մինչդեռ, ըստ Փոստանջյանի, հենց նա է առաջինը պատասխանատվություն կրում համայնքում տեղի ունեցող ապօրինի շինարարության կանխման և վերացման համար։

«Հետաքննիչը պետք է փորձ կատարեր բացատրություններ վերցնել Տարոն Մարգարյանից: Երկու անգամ կառուցապատողը քաղաքապետի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել, պետք է ճշտեր ինչու միջոցներ չի ձեռնարկում ապօրինի շինարարությունը վերացնելու համար։ Եթե ի հայտ է գալիս այն փաստը, որ Փակ շուկայի սեփականատերը Հանրապետական կուսակցության հետ որևէ կապ ունի, ապա հասկանում ենք թե ինչպես են իրենք իրենց խմբակային շահերը սպասարկում», - ասաց Փոստանջյանը։

Պատգամավորի կարծիքով, այս հարցով քրեական գործի հարուցումը ուղղակի պարտադիր է, իսկ պահանջներից մեկն էլ այն է, որ կառուցապատողը պետք է վերականգնի շուկայի նախկին տեսքը։
Այս պահանջի հետ համաձայն է նաև Փակ շուկայի պահպանման համար պայքարող «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ Վարդան Գերավետյանը։ Նրա կարծիքով, չնայած շինարարության ընթացքում շենքը շատ է տուժել, բայց այն վերականգնելը հնարավոր է։

Ի դեպ, Զարուհի Փաստոնջյանի խոսքով, քրեական գործի հարուցման դեպքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել պաշտոնական դիրքի չարաշահման համար, կարող է անգամ ազատազրկվել։
XS
SM
MD
LG