Մատչելիության հղումներ

Ադրբեջանական ընդդիմության միասնական թեկնածուն շատ լավ ըմբռնում է՝ առաջիկա ամիսները կարող են ամենադժվարինը դառնալ իր ողջ կյանքի ընթացքում:

Արդեն այս շաբաթ` հուլիսի 31-ին, ադրբեջանական ընդդիմության կողմից նախագահի միասնական թեկնածու հռչակված Ռուստամ Իբրահիմբեկովը կժամանի Բաքու` ակտիվորեն ներգավվելով նախընտրական արշավում:

Վերջին օրերին Իբրահիմբեկովը հանդիպում էր Արևմտյան Եվրոպայի քաղաքական շրջանակների ներկայացուցիչների հետ: Նա սկզբում մեկնեց Բեռլին, ապա նաև՝ Բրյուսել, որտեղ էլ Իբրահիմբեկովի հետ զրուցել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը: Հարցազրույցից պարզ է դառնում, որ 74-ամյա Իբրահիմբեկովը շատ լավ ըմբռնում է` առաջիկա ամիսները կարող են ամենադժվարինը դառնալ իր ողջ կյանքի ընթացքում:

«Այս իշխանությունն ընդունակ է ամեն ինչի: Այն կարող է սպանել, բանտարկել, կամ որևէ այլ ճանապարհով վարկաբեկել մարդուն: Հայտնի են դեպքեր, երբ լիովին անմեղ մարդիկ ենթարկվում են հարձակման, իսկ հետագայում մեղադրանքը հենց նրանց է առաջադրվում, թե իբր հենց այդ մարդիկ են ծեծկռտուք հրահրել», - նշում է Իբրահիմբեկովը:

Բառացիորեն մի քանի օր առաջ Ադրբեջանի դատախազության ներկայացուցիչները հայտարարեցին, որ Իբրահիմբեկովին քրեական մեղադրանք է առաջադրվելու: Ադրբեջանցի իրավապահները պնդում են, որ երկար տարիներ Կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնը զբաղեցնելով` Իբրահիմբեկովը խուսափել է հարկերից` մոտ 15 հազար դոլար ծավալով, ինչպես նաև յուրացրել «Արևելք-Արևմուտք» կինոփառատոնի համար պետբյուջեից հատկացված միջոցները:

Իբրահիմբեկովի խոսքով` իրեն ներկայացվող մեղադրանքերը մտացածին են և իրականությանն ընդհանրապես չեն համապատասխանում:

«Բացառված չէ, որ ինձ ձերբակալեն հենց Բաքու հասնելուն պես կամ դրանից երկու-երեք օր անց: Մեկ բան ինձ համար հստակ է` նպատակն է ինձ թույլ չտալ մասնակցել ընտրություններին կամ զրկել որպես թեկնածու գրանցվելու հնարավորությունից», - ասում է նա:

Իբրահիմբեկովը, սակայն, համոզված է, որ իր վերադարձը Բաքու նոր խթան կհանդիսանա ընդդիմության քարոզարշավի համար:

Վաղն արդեն Ռուստամ Իբրահիմբեկովը Մոսկվայից կժամանի Թբիլիսի, որտեղից էլ չորեքշաբթի օրը կմեկնի Բաքու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG