Մատչելիության հղումներ

Բաքու ուղարկված հայ երիտասարդը վերադարձել է Կիև


Ուկրաինայի «Բորիսպոլ» օդանավակայանից Երևանի փոխարեն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու ուղարկված Հայաստանի քաղաքացին ժամեր առաջ վերադարձվել է Կիև։

Խոսքը Աբովյանի 22-ամյա բնակիչ Ասատուր Խաչատրյանի մասին է, ով Կիևի օդանավակայանի աշխատակիցների մեղքով հուլիսի 24-ին հայտնվել էր Բաքվում։ Հարազատները նրանից երկու օր բացարձակապես որևէ տեղեկություն չունեին։ Անորոշության և տագնապի վիճակում հայտնված ծնողները միայն այսօր առավոտյան գտան իրենց հանգիստը, երբ որդին հեռախոսով տեղեկացրեց, որ իր հետ ոչինչ չի պատահել, Բաքվի օդանավակայանում մեկ օր մնալուց հետո նույն օդանավը իրեն բարեհաջող հետ է վերադարձրել Ուկրաինա։

Աբովյանի ճարտարագիտական քոլեջի հանրակացարան այսօր մեր այցելության պահին բոլոր հարազատները հավաքվել էին նրանց տանը։ Պատմեցին, որ Ասատուրին Կիև բարեկամների մոտ ուղարկել են հուլիսի 22-ին։ Կիևի օդանավակայանում սահմանապահները թույլ չեն տվել հատել սահմանը և դուրս գալ, պատճառաբանելով, որ նա չունի երկրի տարածք մուտք գործելու համար սահմանված 400 դոլարին համարժեք գումարը։ Երիտասարդին մեկ օր օդանավակայանում պահելուց հետո Երևան ետհանձնելու որոշում է կայացվել, բայց նստեցրել են Բաքու մեկնող ինքնաթիռը։

«Պատճառը չգիտենք, սխալմունք է եղել, 611 չվերթի տեղը 601-ն են նստեցրել»,- պատմում էր մայրը։

Տագնապած մայրը ավիաընկերության միջոցով պարզել է, որ որդին Ադրբեջանում է. հարազատները նախ փորձել են ստանալ Հայաստանի արտգործնախարարության աջակցությունը, որտեղ, երիտասարդի հարազատների փոխանցմամբ, որևէ աջակցություն չեն ցուցաբերել. -«Երեկ գնացինք, ասացին՝ «մենք ոչ մի բան չենք կարող անել», այնտեղ մուտքի մոտ նստած ոստիկաններն ասացին։ Ասացինք՝ «ուզում ենք մեկին հանդիպել, գոնե գրավոր մի բան ներկայացնենք, որ հետո չասեն՝ ինչի չարեցիք», բայց չհանդիպեցինք որևէ մեկին, հետ եկանք։ Պահակ ոստիիկանն ասաց՝ «կես ժամ որ սպասեք, իրավաբանը կգա, հետը կխոսեք, ինքը ձեզ ուղղություն ցույց կտա՝ ինչ անեք», մենք չսպասեցին։ Ի՞նչ սպասեինք, մեզ իրավաբանական օգնություն պետք չէր, մեզ պետք էր երեխուն գտնել, անվնաս հետ բերել»։

Շփոթված հարազատները այնուհետև դիմել են Հայաստանում Ուկրաինայի դեսպանություն, այնտեղից խորհուրդ են տվել կապվել Կիևում Հայաստանի հյուպատոսության հետ, ինչից հետո միայն դիվանագիտական ներկայացուցչությունը միջամտել է։

Երիտասարդը Բաքվից բարեհաջող վերադարձվել է Կիև, և նրան այս անգամ առանչ խոչընդոտելու թույլատրել են մտնել երկրի տարածք։ Երիտասարդը այժմ Կիևում իր բարեկամների մոտ է։

Կատարվածի վերաբերյալ դեռևս պաշտոնական գնահատականներ չկան։ Մինչ երիտասարդի հարազատները կատարվածը պատահականություն են համարում, իրավաբանները լուրջ հետաքննության անհրաժեշտություն են տեսնում այս «մութ» պատմության բոլոր հանգամանքները պարզելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

Մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներով զբաղվող իրավաբան Տիգրան Հայրապետյանը «շատ կասկածելի» համարեց Հայաստանի անձնագրով քաղաքացու այդքան հեշտ տեղափոխումը Ադրբեջան՝ ուշադրություն հրավիրելով, որ Ադրբեջանը սեփական փիարի նպատակներով միջադեպը գերազանց օգտագործում է։

«Ուղղակի հնարավոր չէ, որովհետև Ուկրաինայի օդանավակայանում պետք է բազմաթիվ տեղեր անձնագիրը ցույց տա, տոմսը ցույց տա, բազմաթիվ տեղեր անձնագրի միջի կնիքն են նայում... ռեգիստրացիա է անցնում չէ՞ օդանավ նստելու համար, Հայաստանի Հանրապետության անձնագրով անձը որ թռնում է Ադրբեջան, անհնար է, որ ռեգիստրացիայի աշխատակիցները չզեկուցեին համապատասխան մարմիններին։ Եթե զեկուցել են, եթե մեկնել է, եթե շատ սիրալիր ընդունել են, պահել են, մեկ օր հետո վերադարձրել են շատ սիրալիր, այս բոլոր «պատահականությունները» մի օր իրենց մեկնաբանությունը կգտնեն երևի»,- ասաց փաստաբանը. -«Եթե նույնիսկ մի պահ ենթադրենք, որ անփութություն է տեղի ունեցել Ուկրաինայի պաշտոնատար անձանց կողմից, այս անփութությունը կարող էր ծանր հետևանք ունենալ ՀՀ քաղաքացու համար»։

Ուստի, ըստ փաստաբանի, կամ պետք է քրեական գործ հարուցվի Հայաստանում և հարցումների միջոցով պարզաբանվի կատարվածը, կամ պարտադրվի Ուկրաինային դա անել։

«Հետաքննություն պետք է սկսվի նաև Հայաստանի արտգործնախարարությունում ընդունելության չարժանանալու վերաբերյալ երիտասարդի հարազատների պնդումների առնչությամբ»,- համոզված է Հայրապետյանը՝ ընդգծելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի համաձայն կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող անձին անհրաժեշտ և ակնհայտ անհետաձգելի օգնություն ցույց չտալը քրեորեն պատժելի է, իսկ այս պարագայում դժվար է ասել, որ անձի կյանքը վտանգված չի եղել։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG