Մատչելիության հղումներ

ԵՄ հատուկ բանագնացը կայցելի Բաքու


Բանագնացի համոզմամբ, հարկ է ամեն ինչ անել պատերազմական գործողությունների հնարավոր վերսկսումը կանխելու համար։

Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորն այսօր պետք է այցելի Ադրբեջան։

1news.az լրատվական կայքի փոխանցմամբ, այցելության ծրագիրը դեռ հրապարակված չէ, սակայն սովորաբար Բաքվում բանագնացին ընդունում են նախագահ Իլհամ Ալիեւը, արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, բացի այդ տեղի են ունենում հանդիպումներ քաղաքական եւ հասարակական գործիչների հետ։

Լեֆորի այս այցի օրակարգում, ի շարս այլ թեմաների, կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը։

Ավելի քան մեկ շաբաթ առաջ` հուլիսի 18-ին, Ֆիլիպ Լեֆորն այցելել է Երեւան, որտեղ զրուցել է նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

Երեւանում քննարկվել են Եվրոպական միության եւ Հայաստանի կապերի զարգացմանը, տարածաշրջանի կացությանը վերաբերող հարցեր։

Ֆիլիպ Լեֆորը հայ բարձրաստիճան ղեկավարների հետ հանդիպումներում վերահաստատել է Եվրոպական միության աջակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի առաքելությանը։ Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի նկատմամբ կողմերի վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու խնդիրը։

Այս առումով հարկ է նշել, որ հունիսի 18-ին Լեֆորը Բրյուսելում խոսել է Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին, ասելով, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել պատերազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար։ Նրա համոզմամբ, կողմերը պարտավոր են պահպանել նվազագույն հարաբերությունները, շատ կարեւոր է զարգացնել հայ-ադրբեջանական մարդկային շփումները։

«Այլ տարբերակ գոյություն չունի, ո'չ Եվրամիությունը, ո'չ էլ որեւէ ուրիշ մեկը չունի պահուստային լուծում: Ես չեմ տեսնում այս հակամարտության այլ ռացիոնալ լուծում», - ասել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG