Մատչելիության հղումներ

Քաղաքապետը կասեցրել է ուղեվարձի բարձրացման մասին որոշումը


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ըստ մայրաքաղաքի քաղաքապետարանի կայքէջում հրապարակված տեղեկատվության, կասեցրել է հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման մասին որոշումը:

«Ես արդեն իսկ հանձնարարել եմ ստեղծել մասնագետներից և շահագրգիռ անձանցից կազմված հանձնաժողով, որը կհասցնի մի քանի ամիսների ընթացքում մշակել բոլոր այն մեխանիզմները, որոնք թույլ կտան ամբողջական դարձնել «Երևան քաղաքի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին» որոշումը, իսկ մինչ այդ այս որոշման գործողությունը իմ կողմից կկասեցվի», - ասված է քաղաքապետի հայտարարության տեքստում:

«Մենք ուշադիր հետևում ենք նաև այս օրերին մայրաքաղաքի կանգառներում մեր երիտասարդների կողմից կազմակերպվող ակցիաներին ու հնչեցվող կոչերին: Ինձ ուրախացնում է այն ջերմությունը, որն այսօր կրկին կա երևանցիների միջև միմյանց օգնելու, իրար հանդեպ ավելի հոգատար լինելու առումով: Այս ջերմությունը արժեք է, որ պետք է կարողանանք պահել մեծ ու մնայուն գործեր անելու համար: Միևնույն ժամանակ ափսոսում եմ երբեմն-երբեմն նկատվող տգեղ վերաբերմունքից մեր վարորդների հանդեպ. իրականում ծանրագույն աշխատանք կատարող ու ոչ համապատասխան վարձատրություն ստացող այդ մարդիկ մեծագույն հարգանքի են արժանի: Չկա մենք-դուք: Կա հինավուրց մայրաքաղաքը ու կանք մենք` բոլորս: Ու միասին մենք արժանին ենք հատուցելու Երևանին», - ասված է քաղաքապետի հայտարարությունում:

Սա նշանակում է, որ ուղեվարձն այլևս ոչ է 150, այլ 100 դրամ է:

Այս ուղերձին նախորդել էր Երևանի ավագանու խմբակցությունների հետ հանդիպումը, իսկ օրվա առաջին կեսին ուղեվարձի բարձրացման ու դրա հարուցած հասարակական ընդվզումներին Կառավարության նիստում անդրադարձել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը․ - «Մենք տեսնում ենք, որ սա մարդկանց ինքնաբուխ շարժում է, որը չունի կուսակցական բնույթ՝ չնայած վերջին օրվա իրադարձությունները ցույց են տալիս, որ որոշ կուսակցություններ ցանկանում են օգտվել առիթից: Բայց բուն պատճառը քաղաքապետարանի որոշումն է տրանսպորտի սակագների փոփոխության վերաբերյալ»:

Այդ շարժումը, ըստ վարչապետի, ավելի շուտ սոցիալական բնույթ է․ - «Սոցիալական համերաշխության, արդարության, աղքատության դեմ․ այնինքն՝ հասկանալի մղումներ են ղեկավարում երիտասարդներին, որոնք բարձրացնում են այս հարցը»:

«Մենք ձեզ հետ միասին տեսնում ենք, որ Հայաստանում ձևավորվում է ուժեղ քաղաքացիական հասարակություն, և մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք հաշվի առնել այս իրողությունը՝ պետական որոշումներ կայացնելիս: Եվ պետք է շատ ուշադիր լինենք քաղաքացիական հասարակության ձևավորման բոլոր խնդիրների շուրջ» - նշեց Տիգրան Սարգսյանը՝ շարունակելով․ - «Տեղական ինքնակառավարման մարմինների ինքնուրույնությունը, անկախությունը նույնպես մեզ համար ունեն էական նշանակություն դեմոկրատական հասարակության կառուցման ճանապարհին: Այդ առումով այս որոշումը ամբողջությամբ Երևանի քաղաքապետարանի իրավասությունների շրջանակներում գտնվող խնդիր է, բայց մենք չենք կարող ուշադրություն չդարձնել այն տրամադրություններին, որ այս որոշումը ստեղծում է հասարակության մեջ և առնչվում է գործադիր իշխանության հետ, և մենք պարտավոր ենք այս խնդիրը պահել մեր ուշադրության կենտրոնում»:

«Մշտապես պահանջում եմ ձեզանից, որ այն որոշումները որոնք առնչվում են մեծ զանգվածների հետ, անպայման քննարկվեն հանրության հետ, անպայման ներգրավենք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչը անհրաժեշտ կանոն է, սակայն արդեն ակնհայտ է, որ բավարար չէ», - դիմելով Կառավարության անդամներին՝ ընդգծեց վարչապետը: - «Սա նշանակում է, որ մենք պարտավոր ենք այսուհետև կարևոր որոշումները կայացնելիս ապահովել հանրային լսումներ, բաց և հրապարակային դեբատներ»:

Կառավարության նիստից հետո Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը լրագրողներին ասաց, թե մարզային տրանսպորտի մոտ 170 երթուղիներից կբարձրանան 7-8 երթուղիների ուղեվարձերը՝ 10-12 տոկոսով:

«Այդ 7 թե 8 երթուղիները թանկանում են, որովհետև նախկինում մրցութային հանձնաժողով իրենք ներկայացել են մի քիչ բարձր թվով, բայց աշխատել են ավելի քչով», - պարզաբանեց նախարարը:
XS
SM
MD
LG