Մատչելիության հղումներ

Նիկոյան․ «Կամ-կամ»-ի խնդիր չեն դնում ո՛չ ԵՄ-ն, ո՛չ էլ Ռուսաստանը»


ՀՀԿ-ի ղեկավար անդամ Սամվել Նիկոյան

ՀՀԿ-ի ղեկավար անդամ Սամվել Նիկոյան

Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար անդամ Սամվել Նիկոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով Եվրամիության հետ թափ հավաքող համագործակցությանը՝ ասաց․ - «Մեզ նոր հնարավորություններ, նոր ներդրումներ, նոր շուկաներ են անհրաժեշտ»:

Այսօր, հիշեցնենք, ավարտվել են մեկ տարուց ավելի տևած ԵՄ-Հայաստան բանակցությունները Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ: Համապատասխան համաձայնագիրը Հայաստանի և Եվրամիության կողմից նախաստորագրվելուց հետո պետք է վավերացնի Եվրախորհրդարանը:

Հարցը դիտարկելով ազգային անվտանգության տեսանկյունից՝ Նիկոյանը նշեց, թե «դա ևս մեկ հարթակ է, որտեղ կարելի է բարձրացնել շրջափակմանը հարցը, որի մեջ մեզ պահում է ԵՄ Մաքսային միության անդամ Թուրքիան»․ - «Ես կարծում եմ, որ նպատակահարմար է, որ այդ պարզած ձեռքին մենք չխփենք»:

Նիկոյանի ներկայացմամբ՝ «կամ-կամ»-ի խնդիր մեր առջև չեն դնում ո՛չ Եվրամիության և ո՛չ էլ Ռուսաստանի պաշտոնյաները, իսկ մենք «շահերը համադրելու» ճանապարհով ենք գնում:

Նա կարծում է, որ Եվրամիության հետ Հայաստանի լավ հարաբերությունները նույնիսկ կարող են շահութաբեր լինել ռուսաստանյան ընկերությունների համար․ - «Հայաստանյան ընկերությունների մեծ մասը ռուսական կապիտալով ընկերություններն են»:

Ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների ավարտը, շատերի գնահատմամբ, ցուցիչ է, որ Հայաստանն այլևս չի ձգտի Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի ձևավորած Մաքսային միություն, որը Ռուսաստանը ցանկանում է դարձնել նախկին Խորհրդային Միության երկրներից կազմված ավելի մեծ կառույց:

Սամվել Նիկոյանի խոսքով, Եվրամիության հետ մեր հարաբերությունները հակասության մեջ չեն մտնում մեկ այլ համագործակցության և ինտեգրացիոն ուղղության հետ․ - «Դա ընդամենը ևս մեկ բարեկամ ունենալու, ևս մեկ համագործակցության ոլորտ է»:

Եվրամիության «Արևելան գործընկերության» ֆորումի համակարգող Բորիս Նավասարդյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, թե հնարավոր չէ կանխատեսել նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք համաժողովում Հայաստան - Եվրամիություն Ասոցացման համաձայնագիրը կնախաստորագրվի՞, թե՞ ոչ․ - «Երբ Հայաստանի բոլոր ազդեցիկ ճամբարները կվերջնականացնեն իրենց որոշումը, պարզ կլինի, թե ինչպիսի ուղղություն կստանա Հայաստանի դիվանագիտությունը սեպտեմբերից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում»:

Բորիս Նավասարդյան

Բորիս Նավասարդյան

Գալիք աշնանը վերջնականապես կվավերացվեն և ուժի մեջ կմտնեն «Արևելյան գործընկերության» շրջանակներում վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի պայմանագրերը:

Նավասարդյանի կարծիքով, սակայն, Հայաստանի գերխնդիրը ժողովրդավարական հաստատությունների բարեփոխումն է․ - «Սրանք են, որ կանխորոշելու են Հայաստանի մոտակա տարիների զարգացումը»:

Հակադրվելով Սամվել Նիկոյանի պնդմանը, թե «կամ-կամ»-ի խնդիր Հայաստանի իշխանությունների առջեւ դրված չէ՝ Նավասարդյանն ասաց, թե «անդամությունը ենթադրում է ինքիշխանության զիջում տվյալ մարմնին»․ - «Որոշումների կայացումը չես կարող և՛ մեկին, և՛ մյուսին զիջել»:

Ուստի, ըստ Բորիս Նավասարդյանի, եթե Հայաստանը Ասոցացման համաձայնագիրը ստորագրի, Մաքսային միությանն անդամակցելու մասին չպետք է մտածի․ - «Այս փաստաթուղթը երկկողմ կոնտրակտ է: Եթե որևէ կողմը կոնտրակտի պայմանները չի կատարում, այն ավտոմատ կերպով դադարեցվում է»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG