Մատչելիության հղումներ

logo-print
Հինգշաբթի առավոտյան կառավարության շենքի դիմաց ներսում ընթացող նիստին զուգահեռ ուղեվարձի բարձրացման դեմ պայքարող ցուցարարները պահանջում էին քաղաքապետ Տարոն Մարգարյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը։

Նրանք հայտարարեցին, որ ստեղծված իրավիճակի համար մեղավոր են հենց այս պաշտոնյաները, ուստի պետք է «ծաղկավոր խալաթով հեռանան»։

Ցուցարարները հայտարարեցին, որ որևէ քաղաքական ուժ չեն ներկայացնում, նրանք ակտիվ երիտասարդներն են։ Ներկայացրեցին նաև իրենց պահանջները, որտեղ ասվում էր, որ անընդունելի են համարում տրանսպորտի ուղեվարձի հարցով փակ քննարկման անցկացումը, կոչ արեցին քաղաքապետին բաց հաշվետվություն ներկայացնել։

Ցուցարարները հայտարարեցին նաև, որ դեմ կլինեն պետական բյուջեի հաշվին տրանսպորտի գնի սուբսիդավորմանը։ Ցույցի մասնակից, նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ այս նոր շարժումը օրեցօր ծավալվելու է, և գործող իշխանությունները չեն կարող հաշվի չառնել ցուցարարների պահանջները։

«Մի ֆենոմենալ երևույթ է՝ ինչպես 20 հոգով սկսած նախաձեռնությունը, առաջին օրը դարձավ 200, երրորդ օրը՝ 2000, չորրորդ օրը՝ արդեն 5000։ Ես վստահ եմ, որ ավելի է ծավալվելու, դուրս է գալու Երևանի շրջանակներից»,- ասաց Ղուկասյանը։

Ցույցի ընթացքում հայտնի դարձավ որ կառավարության նիստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ելույթ չի ունենալու, փոխարենը հանդես է գալու հայտարարությամբ։

Ակտիվիստները որոշեցին սպասել հայտարարությանը, իսկ մինչ այդ նրանց մի մասը երթով ուղևորվեց Երևանի քաղաքապետարան։ Նրանք 50 դրամանոցի տեսքով տորթ էին պատրաստել, որը ցանկանում էին հյուրասիրել Տարոն Մարգարյանին։ «Կերեք, կշտացեք» գրված էր տորթի վրա։ Այն քաղաքապետարանին հանձնեց ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը։

Այնուհետև ցուցարարները ուղևորվեցին կանգառներ, որտեղ էլ շարունակվում էին տրանսպորտի գնի թանկացման դեմ ակցիաները։
XS
SM
MD
LG