Մատչելիության հղումներ

Հուլիսի 25-ի մամուլ


«Ժամանակ» օրաթերթը գրում է․ - «Հայաստանում տոտալ թանկացումներ են, ընդ որում՝ մեծ մասը պարզապես ինչ-որ մարդկանց անկշտության, անսահմանափակ ախորժակի պատճառով: Հայաստանում սոցիալական այս կամ այն շերտերը պարբերաբար բողոքում են իրավունքների ոտնահարման, խաբված լինելու, աշխատավարձերի չվճարման համար: Հայաստանը սոցիալական վառոդի մի տակառ է, որը կարող է պայթել ամեն մի կայծից: Այս ամենով հանդերձ՝ պաշտոնական մակարդակում անցկացվում է Եվրոպայի հետ Ասոցացման համաձայնագիր նախաստորագրելու քաղաքականություն, որը պետության ապագայի համար շատ կարևոր լինելով հանդերձ՝ նաև իր մեջ պարունակում է բազում մարտահրավերներ: Խնդիրն այն է, որ այդ մարտահրավերներին դիմագրավելով հանդերձ՝ Հայաստանը միևնույն ժամանակ չնահանջի եվրոպական կուրսից, հետ չկանգնի Եվրամիության հետ Ասոցացման կարևոր համաձայնագրից: Սակայն այն վառոդը, որ բորբոքվում և կուտակվում է այս օրերին, նաև Հայաստանի իշխանությունների համար պետք է չափազանց լրջագույն ահազանգ լինի, որ անհնար է վառոդի նման պարունակությամբ երկիրը տանել արտաքին կարևոր որոշումների, քանի որ այդ դեպքում կա՛մ այդ որոշումներն են ինքնին վտանգվում, կա՛մ պարզապես այդ որոշումները, բարերար ազդեցության փոխարեն, կարող են հակառակ էֆեկտ ունենալ, ընդ որում՝ անարդարացիորեն, որովհետև այդ ամենի բուն պատճառն ու մեղքը կլինի Հայաստանում առկա իրավիճակը, ոչ թե Եվրոպան»:

«Հայոց Աշխարհ» թերթում կարդում ենք․ - «Մեր երկիրը Եվրամիության «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներ ներառելու և այդ գործընթացին հակազդելու փորձերին զուգընթաց վերջերս սկիզբ է առել նաև Ղարաբաղյան խաղաքարտի «խաչաձև խաղարկումը» տարածաշրջանային մրցակցության հիմնական մասնակիցների կողմից: Ակնհայտ է, որ Հայաստանը արևմտյան հանրակցության մեջ ինտեգրելու ձգտումն է Լեռնային Ղարաբաղի հանդեպ Արևմուտքի ուշադրության մեծացման պատճառը: Ամերիկյան ու ավստրալական մի շարք նահանգների կողմից Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձևերի ընդունումը և փոխադարձ այցերի հաճախականության մեծացումը վկայում է «ղարաբաղյան խաղաքարտը» Հայաստանի արևմտյան կողմնորոշման միջոցի վերածելու ցանկության մասին: Սակայն հենց այս նույն գործընթացում Արևմուտքի կողմից նկատվում են նաև նախազգուշացումներ ու սպառնալիքներ, որոնց համատեքստում է տեղավորվում վերջերս մոլդովացի փաստաբանի Երևանում կազմակերպած «պատվերով համերգը»: Արևմուտքում հստակորեն արձանագրել են Ղարաբաղյան հակամարտության և ընդհանրապես Ղարաբաղյան գործոնի վճռորոշ դերը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում, ուտիև փորձում են օգտագործել այդ իրողությունը: Սակայն չպետք է մոռանալ, որ այս անթաքույց քայլերը աննկատ չեմ մնում նաև Ռուսաստանի համար: Ուստի առայժմ փորձագիտական հանրության մակարդակով, իսկ հետագայում հնարավոր է նաև քաղաքական ղեկավարության ջանքերով Ռուսաստանը փորձում և փորձելու է օգտագործել ճիշտ նույն գործոնը, բայց արդեն սեփական շահերի համար: Դրա վկայությունն են վերջերս ռուսական մամուլում, առաջին հերթին՝ irex.ru կայքում տեղադրվող հոդվածները, որոնց հեղինակները փորձում են իրենց ընթերցողներին համոզել, թե իբր Եվրամիության Ասոցացման համաձայնագրի ստորագրումով Հայաստանը հրաժարվելու է Ղարաբաղի հանդեպ իր հավակնություններից ու երկրամասը հանձնելու է Ադրբեջանին»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է․ - «Այս վերջին՝ «տրանսպորտային» շարժումը շահեկան է նրանով, որ չի սահմանափակում մարդկանց կուսակցական «պոլիտբյուրոներում» մշակված ինչ-որ «ծրագրային դրույթներով» և դնում է շատ կոնկրետ նպատակ՝ քաղաքապետարանը պետք է վերանայի իր որոշումը և պահպանի տրանսպորտի նախկին սակագինը: Ովքեր կիսում են այդ գաղափարը, տարբեր ձևերով անում են իրենց գործը՝ ինչքան որ ցանկանում են և ինչպես որ ճիշտ են համարում: Մարդիկ իրար նկատմամբ զգում են որոշակի հարազատություն, և երբ, ասենք, «ջիպի» տերը կանգառից անվճար ուղևոր է վերցնում, այդ ուղևորը չի մտածում՝ «ինչո՞ւ նա «Բրաբուս» ունի, իսկ ես չունեմ»: Կամ «ոչ աստղը» չի ասում «աստղին»՝ ինչո՞ւ ես դու հայտնի, իսկ ես՝ անհայտ: Որովհետև մարդ լինելն ու իրար օգնելը ավելի կարևոր է, քան «Բրաբուս» քշելը կամ հայտնի լինելը: Իսկ ով որ ճիշտ ու բնականոն է համարում 150 դրամ վճարելը կամ, համենայնդեպս, չի պատրաստվում այդ սակագնի դեմ պայքարել… այդ մարդկանց հետ էլ պետք չէ թշնամանալ՝ ծաղրել, ամոթանք տալ, «թասիբի գցել»: Շանտաժի և ագրեսիայի ամեն մի դրսևորւմ ճիշտ հակառակ ազդեցությունն է ունենում: Ցանկացած շարժում հաջողության կհասնի այն դեպքում, երբ նրա կողմնակիցները կլինեն տարբեր քաղաքական, կրոնական համոզմունքների, սոցիալական հիերարխիայի տարբեր աստիճաններում կանգնած, պետական համակարգում ընդգրկված և չընդգրկված մարդիկ»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG