Մատչելիության հղումներ

Ադրբեջանի առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմության միացյալ թեկնածու, հայտնի կինոռեժսոր Ռուստամ Իբրահիմբեկովը մեկ շաբաթից՝ հուլիսի 31-ին, կժամանի Բաքու: Այդ մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հաղորդել են ընդդիմադիր Ազգային խորհրդից, ընդգծելով, որ Իբրահիմբեկովը հայրենիք է գալու Բրյուսելից, որտեղ այժմ հանդիպումներ է անցկացնում եվրոպացի պաշտոնյաների հետ:

Ամիսներ առաջ, երբ հայտնի ռեժիսորը հայտարարեց ընդդիմությանն առաջնորդելու և ընտրություններին մասնակցելու մասին, պաշտոնական Բաքուն հետևողական պայքար սկսեց նրա դեմ: Մինչ օրս իշխանամետ թերթերում գրեթե ամեն օր հրապարակումներ են հայտնվում, թե իբր Իբրահիմբեկովը Ռուսաստանի դրածոն է և աշխատում է միայն և միայն Կրեմլի դիրքերն ամրապնդելու համար: Քարոզչական պատերազմից բացի մամուլում նաև պարբերաբար հաղորդումներ են հայտնվում, թե հայրենիք վերադառնալուն պես Իբրահիմբեկովը կարող է ձերբակալվել:

Ընդդիմադիր «Ազադլիգ» թերթի հաղորդմամբ, մասնավորապես հարկային մարմինները ստուգումներ են անցկացրել և բազմաթիվ խախտուներ հայտնաբերել Կինոմատոֆգրաֆիստների միությունում: - «Հետաքննությունն արդեն ավարտված է և առաջիա օրերին Գլխավոր դատախազությունը քրեական գործ կհարուցի Իբրահիմբեկովի դեմ», - գրում է թերթը:

Ինքը՝ օսկարակիր ռեժիսորը ևս չի բացառում, որ հայրենիք վերադառնալուն պես Ալիևի վարչակազմը կարող է իրեն ձերբակալել, միևնույն ժամանակ հայտարարում է, որ իր տարիքում այլևս ոչնչից չի վախենում և պատրաստ է պայքարել` հանուն ազատ և ժողովդրավարական ընտրությունների:

«Ես շատ հանգիստ կարող եմ մուտք գործել Ադրբեջան, մյուս կողմից, ինձ կարող են շատ հանգիստ բանտ նստեցնել», - անցած շաբաթ «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանն ասել էր Իրբրահիմբեկովը՝ հավելելով. - «Վերջին անգամ, երբ մեկնեցի Ադրբեջան, ինձ երկու ժամ պահեցին օդանավակայանում, որպես պատիժ՝ հրապարակային մի արտահայտության համար: Ես ասել էի՝ «եթե նախագահն ինձ հետ հաշվի չի նստում, ես էլ նրա հետ հաշվի չեմ նստի»:

Այժմ, սակայն, Իբրահիբեկովը շատ ավելի խիստ ու քննադատական հայտարարություններ է հնչեցնում Ալիևի հասցեին, ինչպես նաև ակտիվ բանակցություններ է վարում Միացյալ Նահանգներում ու Եվրոպայում՝ գործող վարչակազմի դեմ աջակցություն ստանալու համար: Ու որքան էլ իշխանությունները փորձում են նրան ներկայացնել որպես Պուտինի դրածո, փորձագետները փաստում են, որ իրականում հենց Ռուսաստանը կարող է վերջին պահին խառնել ընդդիմության խաղաքարերն ու դառնալ Ալիևի հաղթանակի երաշխավորը:

Իբրահիմբեկովը Ռուսաստանի քաղաքացիություն ուներ, որից հրաժարվեց այս ամսվա սկզբին, և հիմա օրենքով Ռուսաստանի նախագահն է, որ կարող է մի քանի օրվա ընթացքում բավարարել այդ դիմումը կամ վեց ամսով երկարաձգել հարցի լուծումը: Եվ եթե Պուտինը ընտրի երկրորդ տարբերակը, ապա Իբրահիմբեկովը ինքնստինքյան կզրկվի հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից, փաստում են փորձագետները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG