Մատչելիության հղումներ

Ակտիվիստները վճռական պայքար են խոստանում


Երևանում հասարակական տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիաներ անցկացնող ակտիվիստները չորեքշաբթի Մաշտոցի պուրակում հրավիրած ասուլիսի ժամանակ պահանջեցին անհապաղ դադարեցնել «մարդկանցից խաբեությամբ 150 դրամ վերցնելը» և պատասխանատվության ենթարկել բոլոր այն անձանց և պաշտոնյաններին, ովքեր ներգրավված են տրանսպորտի գնի բարձրացման փորձերի մեջ։

Ակտիվիստները արդեն հինգերորդ օրն է՝ բողոքի տարբեր ակցիաներ են կազմակերպում․ կանգառներում կոչ են անում վճարել 100 դրամ երթուղայինների և ավտոբուսների համար, և 50 դրամ՝ տրոլեյբուսի համար։

Բացի այս ակցիաներից գործում է նաև Freecar ակցիան․ մարդիկ կամավոր անվճար տեղափոխում են կանգառներում սպասողներին: «Ֆեյսբուք»-ը ողողված է այս ակցիաներին մասնակցելու պատրաստակամություն հայտնողների գրառումներով: Այսօր արդեն նկատելի է սեփական միկրոավտոբուս ունեցողների ակտիվությունը ուղևորներին անվճար տեղափոխելու հարցում։

«Սրանով բացահայտվեցին մեր հանրության մեջ թաքնված սոլիդարության և փոխօգնության ռեսուրսները։ Սա նշանակում է, որ ցանկացած հակասոցիալական և հակաիրավական որոշմանը կհետևի մարդկանց համախմբված արձագանքը»,- ասում է ակտիվիստ Լենա Նազարյանը։

Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է նաև պաշտոնյա «գծատերերի» հարցը։ Ակտիվիստները շեշտում են, որ ոլորտում որոշում կայացնողները առաջնորդվում են իրենց մասնավոր շահերով։

Կայքերում տեղեկություն էր հրապարկվել, որ 18 համարի ավտոբուսային երթուղու սեփականատերն է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։ Վերջինս ասել է, որ դա իր եղբոր տղայի գիծն է: Ակտիվիստներն ուշադրություն են հրավիրում երթուղիների և պաշտոնյաների առնչությունների հարցին. -«Օրինակ, «Հետքը» հրապարակել է երկու հոդված, ըստ որի՝ ոլորտում ներգրավված պաշտոնյաներից Հենրիկ Նավասարդյանը և Գագիկ Բեգլարյանը «գծատերեր» են, նաև՝ Տարոն Մարգարյանը, Կաթողիկոսը, Գալուստ Սահակյանը, մի շարք մականունավոր և ոչ մականունավոր պատգամավորներ...»։

Ակտիվիստները այսօր հայտարարեցին, որ քաղաքապետարանից պահանջում են հրապարակել ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ցանկը, վերջին հինգ տարում նրանց վճարած հարկերը, եկամուտները և գործունեության գնահատումները: Պահանջում են նաև այսուհետ հանրային տրանսպորտի հետ կապված հարցերի քննարկմանն ու որոշումներ կայացնելիս ապահովել հանրության մասնակցությունը: Ակտիվիստները կարևոր հարցերի շարքում են դասում նաև երթուղայինների վարորդների իրավունքների ապահովումը: Վարորդները, հիշեցնենք, դժգոհում են օրական 14 ժամ աշխատելու և չնչին աշխատավարձ ստանալու, այդ պայմաններում՝ գծատերերին օրվա, այսպես ասած, հարկերը վճարելու պարտադիր նախապայմանից։

Ակտիվիստներն այսօր հայտարարեցին, որ պայքարը շարունակվելու է մինչև հանրային պահանջների կատարումը: Մինչդեռ ոստիկանությունը երեկ տարածել էր հաղորդագրություն, որտեղ նշված էր, թե ակտիվիստների հավաքները «չեն կարող դիտվել որպես ինքնաբուխ, դրանց վրա չեն կարող տարածվել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ գլխով սահմանված` առանց իրազեկման անցկացվող հավաքներին վերաբերվող կանոնները», հետևաբար՝ նշված հավաքները, ըստ ոստիկանության, պետք է անցկացվեն օրենքով սահմանված իրազեկման կարգի պահպանմամբ: Ոստիկանությունը հայտարարել էր, թե «հավաքի մասնակիցներին կրկին հորդորում է զերծ մնալ օրենքի պահանջները խախտելուց»:

Այսօր Մաշտոցի պուրակում ասուլիս հրավիրած ակտիվիստները պնդեցին, որ ակցիաները շարունակվելու են նույն ոգով։

Ակտիվիստների խոսքով՝ հնարավոր է՝ առաջիկա օրերին ակցիաներն ունենան նորանոր դրսևորումներ՝ այնքան, մինչև քաղաքապետարանը ստիպված լինի չեղյալ հայտարարել տրանսպորտի գների բարձրացման որոշումը:
XS
SM
MD
LG