Մատչելիության հղումներ

Արդեն մի քանի օր է, ինչ Չարենցավան - Երեւան երթուղու ուղեվարձը 350-ի փոխարեն դարձել է 400 դրամ:

Չարենցավան - Երեւան և Աբովյան - Երևան երթուղին սպասարկող «Քինգ Դելյուքս» ՍՊԸ-ի սեփականատեր Արթուր Հարությունյանը (ով, նշենք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի սանիկն է), «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ 50 դրամով ուղեվարձի բարձրացումն ինքը թանկացում չի համարում:

«Չարեցավան - Երեւան երթուղու մրցույթը մենք շահել ենք 400 դրամով: Մինչև հիմա, որ 350-ով քշել ենք, հաշվի ենք առել, որ մի քիչ ավելի հարմար փորձենք սպասարկել մեր ազգաբնակչությանը», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հարությունյանը:

Չարենցավանցիները, մինչդեռ, դժգոհում են, որ 50 դրամով ուղեվարձի բարձրացումը չարդարեցված թանկացում է, թեպետ բողոքի ակցիաներ չեն կազմակերպում:

Հարցին, թե դիզելային վառելիքով օգտագործող ավտոբուսներով սպասարկվող երթուղու ուղեվարձի բարձրացումն ինչի՞ հետ է կապված, երբ թանկացել է միայն գազը՝ Հարությունյանն արձագանքեց, թե վերջին մի քանի տարիների ընթացքում դիզելային վառելիքի, ավտոբուսների ու դրանց պահեստամասերի գները նույնպես բարձրացել են: Իսկ մինչև հիմա 350 դրամով երթուղի շահագործելը, ըստ զրուցակցիս, իր բարի կամքի դրսևորումն է եղել:

Առայժմ, ի դեպ, միջքաղաքային որևէ այլ ուղղությամբ ուղեվարձ չի բարձրացել:

Տրանսպորտի և կապի նախարարության փոխադրումների քաղաքականության բաժնի ներկայացուցիչ Դավիթ Մելքոնյանն ասաց, որ մինչև այսօր ուղեվարձի բարձրացման մեկ հայտ են ունեցել, որը մերժվել է:

Եթե որևէ մարզային երթուղի առանց Տրանսպորտի եւ կապի նախարարության թույլտվության բարձրացնի ուղեվարձը, ըստ Դավիթ Մելքոնյանի՝ վերահսկողություն իրականացնող մարմինը նախազգուշացնելուց հետո, վարչական պատասխանատվության կենթարկի, իսկ թերությունը չվերացնելու դեպքում հարցը կքննարկվի մրցութային հանձնաժողովում և տվյալ ընկերությունը կզրվի երթուղին սպասարկելու իրավունքից:
XS
SM
MD
LG