Մատչելիության հղումներ

Ուղեվարձի բարձրացման մասին «հրապարակված որոշում չկա»


Երևանի քաղաքապետարանն առայժմ չի մեկնաբանում, թե որտեղ և ինչպես է հնարավոր տեսնել այն պաշտոնական որոշումը, ըստ որի հուլիսի 20-ից Երևանի քաղաքային տրանսպորտի ուղեվարձը բարձրացել է և քաղաքացիներից 100-ի փոխարեն արդեն 5 օր է գանձվում է 150 դրամ։

Ոչ քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ոչ էլ որևէ այլ գերատեսչության կողմից վավերացված, թվագրված փաստաթուղթ ուղեվարձի գների բարձրացման մասին դեռ հրապարակված չէ ոչ քաղաքապետարանի պաշտոնական էջում, ոչ էլ հասանելի է Իրավական տեղեկատվական համակարգի կայքերում։ Նման պայմաններում քաղաքացիական հասարակությունն ու ընդդիմությունը ապօրինի են համարում առանց պատշաճ հրապարակված որոշման քաղաքացիներից 150 դրամ գանձելը։

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը այսօր այս մասին պաշտոնական հարցադրում է ուղարկել Տարոն Մարգարյանին։ Արձանագրելով, որ «ներքաղաքային տրանսպորտի սակագների թանկացումը հնարավոր է բացառապես Երևանի քաղաքապետի որոշման առկայության դեպքում», օմբուդսմենը հարցնում է. -«Արդյո՞ք Դուք ստորագրել և օրենքով նախատեսված ձևով հրապարակել եք նման որոշում և եթե՝ ոչ, ապա ակնհայտ չէ՞, որ առանց պատշաճ հրապարակման նման որոշում իրավաբանորեն գոյություն չունի»:

Կարեն Անդրեասյանը նաև փորձել է ճշտել, թե արդյոք պատասխանատվության ենթարկվելու են առանց քաղաքապետի որոշման տրանսպորտի սակագները բարձրացրած բոլոր ուղևորափոխադրող ընկերությունները։

«Վստահ ենք, որ եթե սակագների բարձրացման գործընթացը եղել է օրենքի խախտմամբ, ապա ոչ միայն պետք է խիստ պատասխանատվության ենթարկվեն մեղավորները, այլև հուլիսի 20-ից հավելյալ գումարներ վճարած մեր համաքաղաքացիներին պետք է տրվի նյութական համարժեք փոխհատուցում»,- նշված է նամակում։

Քաղաքապետին նման բովանդակությամբ հարցում երեկ էլ ուղարկել է ավագանու ընդդիմադիր «Բարև, Երևան» խմբակցությունը՝ պահանջելով տրամադրել ուղեվարձի գնի բարձրացման վերաբերյալ իրավական ակտերի պատճենները։ Խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «դետեկտիվ» որակելով այդ անհայտ բովանդակությամբ փաստաթղթի գոյության շուրջ ստեղծված իրավիճակը, կարծիք հայտնեց, որ փաստաթղթի հրապարակումը ձգձգելու մեջ դիտավորություն կա։ Նախ, ըստ նրա, ուղեվարձը բարձրացնելու որոշումը այսպես թե այնպես ապօրինի է, անկախ հրապարակումից, և երկրորդ. - «Գիտե՞ք այս աշխատաոճը ինչի մասին է խոսում. քանի որ իրենք չեն տիրապետում կառավարման սկզբունքներին ու հմտություններին, այսպես են մտածում երևի՝ անենք, փորձենք, տեսնենք ի՞նչ կլինի, փորձեցինք, եթե «սղղացրեցինք»՝ լավ, եթե չէ՝ կնստենք կմտածենք ու կսպասենք մինչև գործող նախագահը հանգստանա, ուժերը հավաքի, առողջանա, գա և ասի՝ «Տարոն, սիրուն չի»»,- ասաց Բախշյանը։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը տարածել է հայտարարություն՝ իրավաբանորեն հիմնավորելով առանց հրապարակված որոշման ուղեվարձի բարձրացման «օրինական չլինելը»։ Թվարկված օրենքների ցանկում հիշատակված է նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը, որի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերը ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման, և դրանք ուժի մեջ մտնում են բացառապես պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը, եթե ավելի ուշ ժամկետ սահմանված չէ»:
XS
SM
MD
LG