Մատչելիության հղումներ

Հալեպի մոտակայքում մեկ հայ է զոհվել, ևս 17-ը՝ վիրավորվել


Հալեպ
Հալեպ
Հալեպից Բեյրութ ճանապարհին սիրիացի ընդդիմադիրների կողմից հարձակման արդյունքում վիրավորված 17 հայ ուղևորները տեղակայվել են տարբեր հիվանդանոցներում։ Ըստ Դամասկոսում ՀՀ դեսպանության տվյալների՝ նրանցից երկուսի վիճակը ծանր է։

Սիրիայի ընդդիմադիր խմբավորումներից մեկը դեռևս երկուշաբթի օրը արգելել էր երթևելել Հալեպից Բեյրութ տանող ճանապարհը՝ հակառակ դեպքում սպառնալով ռմբակոծել այն: Հայոց առաջնորդարանի Բերիո թեմի բանբեր Ժիրայր Ռեիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում պատմեց, որ ընդդիմադիրների այդ զգուշացումից մեկ օր անց փաստորեն զինյալ հարձակում էր տեղի ունեցել։ Բեյրութ ուղևորվող ավտոբուսի 5 ուղևոր զոհվել էր, 17-ը՝ վիրավորվել։ Զոհվածների թվում էր ազգությամբ հայ, երկու երեխաների մայր, 40-ամյա Թամար Սիրունյանը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել Հալեպից 30 կիլոմետր հեռավորության վրա։ Գնդակոծվել է Բեյրութ մեկնող երկու ավտոբուս։

Ռեիսյանն ասում է, որ զինվորական կոչվող այդ ճանապարհը գտնվում էր Սիրիայի կառավարության զորքերի հսկողության տակ։ Ընդդիմադիրների կողմից Հալեպի շրջափակումից հետո այն բացվել էր՝ կապ հաստատելով արտաքին աշխարհի հետ։ Իսկ Բեյրութ տանող հիմնական ճանապարհը փակ է։

Ռեիսյանը նշում է, որ վիրավորները տեղակայվել են տարբեր հիվանդանոցներում, նրանց կյանքին այժմ վտանգ չի սպառնում։

«Մի մասը արդեն տուն են վերադարձել, նրանք, ովքեր դեռ բժշկական խնամքի կարիք ունեն, դեռ հիվանդանոցներում են», - ասաց նա։

Բեյրութ տանող ճանապարհից չօգտվելու զգուշացումներ եղել են, բայց մարդիկ շարունակում են օգտվել դրանից, մտահոգվում է Բերիո թեմի բանբերը։ Ճանապարհը փակ չէր, պարզապես մարդկանց զգուշացված էր չգործածել այն, ասում է նա՝ հայտնելով, թե եղել են նաև ավտոբուսներ, որոնք մարդկանց ապահով Բեյրութ են հասցրել։

Սիրիական պատերազմի ընթացքում սա առաջին դեպքը չէ, երբ Բեյրութ մեկնող ավտոբուսի վրա զինված հարձակում է լինում։ Անցած տարվա հոկտեմբերին վերջին Բեյրութից Հալեպ ուղևորվող ավտոբուսի 10 ուղևորները գերեվարվել էին։ Նրանցից յոթը ազգությամբ հայ էին։ Անցած ամիսների ընթացքում ազատ են արձակվել նրանցից երեքը, չորսը շարունակում են գերի մնալ:

Վերջին շրջանում ընդդիմադիրների կողմից շրջափակված Հալեպում կյանքն ավելի է վատթարացել։ Եթե նախկինում գոնե հաց գնելը առավել դյուրին էր, ապա այժմ շատ մասնավոր հացի փռերը չեն գործում։ Հացի հերթերն ավելի են շատացել։

Հալեպահայ Գրիգոր Զոպյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում խայտառակություն է որակում այդ երկրի տնտեսական մայրաքաղաքի վիճակը։ Նա ևս հաց դժվար է գնում, ասում է, որ սնունդը նախկինի համեմատ 10 անգամ թանկացել է։ Վաճառականները կյանքի գնով են ձեռք բերում ապրանքն ու հասցնում գնորդներին։

«4-5 միլիոնանոց քաղաք է, միայն երեք կամ չորս հացի փուռ է աշխատում։ Մեկ կիլո հաց գնելու համար առավոտվա 6-ից պետք է սպասես, մինչև կեսօրին մոտ կկարողանաս գնել»,- պատմում է Զոպյանը։

Զոպյանն ասում է, որ շրջափակումից հետո Բեյրութ տանող հիմնական ճանապարհը փակ է։ Մարդիկ, սակայն, այլ ելք չունենալով ու այլևս չկարողանալ մնալ Հալեպում, ստիպված են ընտրում վտանգավոր ճանապարհները։ Այժմ Հայաստան բերող երկու ճանապարհ կա՝ մեկը Հալեպից դեպի Թուրքիա տանող ավտոճանապարհն է, մյուսը՝ Հալեպից Բեյրութ տանող ճանապարհը, որը երեկ ռմբակոծվել է։ Երկուսն էլ վտանգավոր են, տարակուսում է Զոպյանն ու ասում, որ միևնույն է, մեկ ամսից ընտանիքով կգա Հայաստան։

«Մի ճանապարհը անապատի մեջ պիտի քայլես, չգիտես բանակը ուր է, ընդդիմադիրները ուր է, մյուսն էլ ընդդիմադիրների կողքով պետք է անցնես, փորձության ենթարկվես, ստացվում է, որ ես փախստական եմ Սիրիայում»,- ասում է նա։

Սիրիայում կառավարության ու ընդդիմության զորքերի ավելի քան երկու տարի տևող բախումների հետևանքով ՄԱԿ-ի տվյալներով ավելի քան 100.000 մարդ է զոհվել։ Հայերի շրջանում զոհերի թիվը հասնում է 5 տասնյակի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG