Մատչելիության հղումներ

Հայ վարորդի նկատմամբ «ազգային խտրականություն չի դրսևորվել»


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան

Հրաչյա Հարությունյանի նկատմամբ ազգային խտրականություն չի դրսևորվել, ռուսաստանից այսպիսի տպավորությամբ էր վերադարձել ավելի վաղ Հարությունյանին նվաստացուցիչ տեսքով՝ կանացի խալաթով դատարանում տեսած, դրանից վրդովված և ռուսաստանցի իր գործընկերոջն անմիջապես նամակ գրած Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։

«Միլիոնավոր հայերի տեսանկյունից շատ վտանգավոր է այս միջադեպը վերածել ազգամիջյան կոնֆլիկտի»,- այսօր հայտարարեց Կարեն Անդրեասյանը։

Անդրեասյանը ոգևորվել էր, որ հայաստանցիները մեր քաղաքացուն միահամուռ պաշտպանեցին։ Նրան չեն հիասթափեցրել նաև մեր պաշտոնյաները. Հայաստանի իշխանությունների արձագանքը համարժեք է եղել, կարծում է պաշտպանը, ավելի խիստ գնահատական պետք չէր։

Արտգործնախարարությունը, հիշեցնենք, պաշտոնապես չդատապարտեց հայ վարորդի նկատմամբ ռուս պաշտոնյաների դրսևորած վերաբերմունքը։

«Կարծում եմ, անարդար են եղել մեր առանձին անհատներ, երբ փորձել են ծաղրել ամբողջ ռուսական իշխանության ներկայացուցիչներին, և փորձել են վիրավորել պետությունը, այլ ոչ թե կենտրոնանալ առանձին իրավախախտների գործողությունների վրա»,- ասաց պաշտպանը։

Կարեն Անդրեասյանը Հրաչյա Հարությունյանին երեկ է հանդիպել՝ Մոսկվայի Матросская тишина կալանավայրում։ Հարությունյանը այս պահին գտնվում է կալանավայրի հիվանդանոցում, ուր տեղափոխվել է առողջական գանգատների պատճառներով, պահվում է վեց հոգանոց խցում։ Պաշտպանը Հարությունյանի՝ ցուցմունքներ տալուց հրաժարվելը պայմանավորեց նրա առողջական վիճակով, վերջինս դանդաղ է ապաքինվում, կոտրվածքներ ունի։

Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։ Ավտովթարը տեղի էր ունեցել հուլիսի 13-ին՝ մերձմոսկովյան Պոդոլսկում։ 18 մարդ մահացել էր, մոտ 40-ը տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոցներ էին տեղափոխվել։ Վարորդը բեռնատարով խիճ էր տեղափոխում, և շատերի մահը, ըստ ռուսական լրատվամիջոցների, հենց խճաքարի հաստ շերտի տակ մնալու հետևանքով է վրա հասել։

Անդրեասյանն իր հետ հանդիպածների շարքում հիմնականում հայկական անուններ տվեց, ասաց Ռուսաստանում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ է զրուցել, նաև իր ռուսաստանցի իր գործընկերոջը հանդիպել։

Ի վերջո ո՞ւմ մեղքով է Հարությունյանը կանացի խալաթով հայտնվել դատարանում. որպեսզի պարզվի, քննություն է պետք իրականացնել, ասաց պաշտպանը։

«Եթե եղել է փնթի, կոռումպացված մի բուժաշխատող, որը չի գիտակցել՝ ինչ է անում, կամ գիտակցել է և իրեն նման այլանդակություն է թույլ տվել, կարծում եմ, ռուսական իշխանությունները դրան համարժեք արձագանք կտան»,- ասաց նա։

Պաշտպանը այս պահին մարտավարական իմաստով սխալ է համարում դատարան խալաթի թեմայով բարոյական վնասի փոխհատուցման հայց ներկայացնելը։ Մինչև դատը վաղաժամ է քննարկել նաև արտահանձնման հարցը, կարծում է նա։

«Արտահանձնման հնարավորությունը կարող է քննարկվել և իրավական, և քաղաքական պատճառներից ելնելով, բացառապես դատարանի վճռից հետո»,- ասաց նա՝ հավելելով, որ հայկական կողմը ոչ թե արտահանձման, այլ արդար դատավարության հարցն է ավելի շատ կարևորում։

Հրաչյա Հարությունյանը երեք փաստաբան ունի, բարի կամեցողներն են նրանց գտել, բայց օմբուդսմենի խոսքով՝ այժմ հնարավորություն կա նրա պաշտպանությունը հանձնել Ռուսաստանում շատ հայտնի փաստաբան, հայազգի Ռուբեն Մարգարյանին։ Ծառայությունների համար Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը կվճարի։ Պաշտպանության հիմնաքարը լինելու է մեքենայի տեխնիկական վիճակը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG