Մատչելիության հղումներ

ԼՂ երկու քաղաքացի դատապարտվեցին լրտեսության մեղադրանքով


Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասությունների առաջին ատյանի դատարանն այսօր երկարատեւ ազատազրկման դատապարտեց լրտեսության եւ պետական դավաճանության մեջ մեղավոր ճանաչված Ռաֆայել Ավագյանին և Դավիթ Բարսեղյանին:

Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, 22-ամյա Ռաֆայել Ավագյանը և ուսանող Դավիթ Բարսեղյանը դատապարտվեցին համապատասխանաբար 11 և 10 տարվա ազատազրկման:

Ըստ մեղադրանքի՝ Ավագյանն ու Բարսեղյանը շուրջ մեկ տարի առաջ «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում ծանոթացել են Ստամբուլում բնակվող ոմն Սամվել Ազատյանի հետ, ով ներկայացել էր որպես բարեգործական կազմակերպության անդամ, և Ավագյանից որոշակի տեղեկություններ էր խնդրել Պաշտպանության բանակի, արտակարգ պատահարների ժամանակ զոհվածների ու վիրավորների մասին, բժշկական սպասարկման և այլնի մասին:

Տեղեկությունների դիմաց Ավագյանը որպես նվեր ստացել է ձեռքի ժամացույց, այլ իրեր և շուրջ 1000 ԱՄՆ դոլար: Այդ գումարից 200 դոլարը Ավագյանը փոխանցել է Դավիթ Բարսեղյանին՝ Կովսականում սիրիահայերի լուսանկարների համար:

Ամբաստանյալներն իրենց ներկայացվող մեղադրանքը չեն ընդունել, իրենց մեղավոր չեն ճանաչել՝ փաստարկելով, թե չեն գիտակցել սեփական գործողությունների իրական նշանակությունը:

Ավագյանի եւ Բարսեղյանի փաստաբան Արկադի Իսրայելյանը արդարացի չի համարում դատավճիռը՝ պնդելով, թե իր պաշտպանյալները կարծում էին, թե շփվում են բարեգործի հետ, իսկ մեղադրող կողմն ու դատարանը չեն կարողացել պարզել ամբաստանյալների վիրտուալ զրուցակցի ինքնությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG