Մատչելիության հղումներ

Սիրիայի քրդերը պատրաստվում են ինքնավարություն հռչակել


Մինչև տարեվերջ Սիրիայի քրդերը երկրի հյուսիսում կհռչակեն իրենց սեփական պետական կազմավորումը` այսպես կոչված Արևմտյան Քուրդիստանի ինքնավարությունը: Այս մասին օրերս հայտարարեցին Սիրիայի քրդաբնակ շրջանների վերահսկողությունն իրենց ձեռքում պահող Ժողովրդավարական միության կուսակցության (PYD) ներկայացուցիչները:

Սիրիացի քրդերի այս հայտարարությունը առաջացրեց Թուրքիայի իշխանությունների կոշտ արձագանքը: Փոխվարչապետ Բյուլենթ Առընջը երկուշաբթի օրը Անկարայում հայտարարեց․ - «Թուրքիան պաշտպանում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը և չի հանդուրժի իր սահմաններին սիրիացի քրդերի փաստացի [պետական] որևէ կազմավորման ստեղծումը»:

Թուրքական կողմի նման արձագանքը լիովին հասկանալի է․ Սիրիայի քրդերի շահերը ներկայացնող Ժողովրդավարական միության կուսակցությունը 1984 թվականից ի վեր Թուրքիայի դեմ պայքարող Քրդական աշխատավորական կուսակցության տեղական մասնաճյուղն է: Անկարայում մտավախություն ունեն, որ սկզբում Իրաքի, ապա նաև Սիրիայի քրդերի կողմից պետական կառույցների ստեղծումը նոր խթան կհանդիսանա Թուրքիայում ապրող նրանց ազգակիցների համար:

Սիրիացի քրդերն արդեն իսկ հայտարարել են, որ պատրաստվում են մինչև տարեվերջ տեղական օրենսդիր մարմնի ընտրություններ անցկացնել և կազմավորել ինքնավարության կառավարությունը: Որոշ տեղեկությունների համաձայն արդեն իսկ հստակեցվել է կառավարության կազմը: Այն կունենա 21 նախարար՝ այդ թվում պաշտպանության և ներքին գործերի: Արտաքին քաղաքական ասպարեզում բոլոր լիազորությունները Սիրիայի քրդերը պատրաստ են զիջել կենտրոնական իշխանություններին: Քրդական կուսակցության ներկայացուցիչները սակայն պնդում են, որ այսուհետ Սիրիան պետք է դադարի ունիտար պետություն լինելուց՝ վերածվելով դաշնության:

«Կառավարության կազմավորումն անհրաժեշտ է, դա թույլ կտա հոգալ մարդկանց ամենօրյա կարիքները: Արդեն մեկ տարի է, ինչ քրդական ուժերը վերահսկում են այս տարածքները, ի վերջո պետք է ինչ որ վարչակազմ ձևավորվի այս շրջաններում ապրող մարդկանց խնդիրները լուծելու համար», - «Ռոյթերզ» գործակալության թղթակցի հետ զրույցում նշում է Ժողովրդավարական միություն կուսակցության առաջնորդ Սալեհ Մուսլիմը:

Քրդական ինքնավարության գաղափարը արժանացել է ոչ միայն Անկարայի, այլև պաշտոնական Վաշինգտոնի խիստ քննադատությանը: Շաբաթասկզբին Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարեց․ - «Մամուլում տեղ գտած այն տեղեկությունները, որոնց համաձայն քրդական Ժողովրդավարական միությունը կարող է Սիրիայում անկախ քրդական տարածաշրջան հռչակել մեզ լրջորեն մտահոգում են: Մեր համոզմամբ, նման քայլը կարող է սադրիչ բնույթ ունենալ` հանգեցնելով արաբների և քրդերի հարաբերությունների վատթարացմանը: Բացի այդ, իրավիճակից կարող են օգտվել ծայրահեղական տարրերը», - նշում էր Փսակին:

Ծայրահեղական տարրեր ասելով` պետդեպարտամենտի ներկայացուցիչը, ըստ ամենայնի, նկատի ունի Սիրիայի հյուսիսում գործող ծայրահեղ իսլամիստական «Ջաբհատ Ալ Նուսրա» խմբավորման անդամներին, որոնք վերջին շաբաթների ընթացքում կատաղի մարտեր են մղում քրդական ուժերի դեմ: Ի դեպ, քրդական աղբյուրները պնդում են, որ «Ջաբհատ Ալ Նուսրա»-ի հակաքրդական վերջին ակտիվացման թիկունքում նշմարվում են թուրքական կողմի ջանքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG