Մատչելիության հղումներ

Եվրամիության կողմից ճնշումներ չկան, Հայաստանը ազատ է կատարել ինքնակամ որոշում, երեկ Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վստահեցրեց Եվրամիության հարևանության և ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` պատասխանելով այն հարցին, թե Հայաստանն ինչո՞ւ պետք է նախապատվություն տա ԵՄ Ասոցացման համաձայնագրին և ոչ թե Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանն անդամակցությանը:

«Ես վերջերս Հայաստանում էի և չհանդիպեցի մեկին, ով կասեր, թե մենք ճնշում ենք մեր գործընկերներին` ընտրություն կատարել Արևելքի և Արևմուտքի միջև: Արևելյան գործընկերության նախարարական հանդիպման ժամանակ ես նշեցի, որ Արևելյան գործընկերության ծրագիրը իր Ասոցացման համաձայնագրով նպատակ ունի ամրապնդել մեր գործընկերների հնարավորությունները և դիրքերը տարածաշրջանում, ինչպես նաև խրախուսել հարևան երկրների հետ իրենց ավանդական հարաբերությունները», - ասաց Ֆյուլեն:

Հիշեցնենք` երեկ Բրյուսելում ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի նախագահությամբ հանդիպում էին ԵՄ 28 և Արևելյան գործընկերության անդամ երկրների 6 արտաքին գործերի նախարարներ` քննարկելու իրենց երկրների հարաբերությունները ԵՄ հետ: Այսօր արդեն Էշթոնի գրասենյակը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է, որ նոյեմբերին կայանալիք Վիլնյուսի գագաթաժողովի հաջողությունը հիմնականում կախված է գործընկեր երկրների ջանքերից:

Վրաստանն ու Մոլդովան արդեն ավարտել են ազատ առևտրի գոտու բանակցությունները ԵՄ հետ, Հայաստանը նույնպես շանսեր ունի ավարտել բանակցային այս փուլն արդեն հուլիսին, երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ԵՄ Խորհրդի նախագահությունը ստանձնած երկրի` Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը. - «Հայաստանը դանդաղորեն, բայց բավականին ինտենսիվ կերպով շարունակում է աշխատել: Ես հավատում եմ, որ նրանք կարող են Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններն ավարտել արդեն այս ամիս: Ճիշտ է` շատ ժամանակ չի մնացել, սակայն դա դեռ հնարավոր է: Եթե Հայաստանը հաջողի դա, կարող է դիտարկվել նույն հարթության վրա, ինչ Վրաստանն ու Մոլդովան են այս պահին: Շատ կարևոր է, որ Հայաստանը նախաստորագրի որքան հնարավոր է շուտ»:

Նա նաև նշեց, որ Եվրոպան պատրաստ է բացել իր 500 միլիոնանոց շուկայի դռները Արևելյան հարևանության ծրագրում առաջընթաց արձանագրած երկրների առջև, եթե այդ երկրները հստակ պատրաստակամություն ցուցաբերեն շարժվել եվրոպական տնտեսության ուղղությամբ: Այլ տնտեսական, մաքսային միությունների հետ ԵՄ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրն անհամատեղելի է, սա ճնշում չէ, այլ ընտրության հարց` ասում է Լիտվայի արտգործնախարարը. - «Դա չպետք է լինի մրցակցություն կամ ճնշում: Սա ազատ ընտրություն է և երկրները իրենք պետք է ընտրեն, թե ուր գնան, ինչպիսի ապագա ունենան: Սա վերաբերում է թե Հայաստանին, թե Ռուսաստանին, թե Եվրամիությանը` հարգել երկրների ընտրությունը: Մեր խնդիրն է` արդարացնել սպասումները, օգնել այն հարցերի լուծմանը, որոնք բարձրացվել են այդ երկրների կողմից: Շատ պարզ բան է, բայց եթե ինչ-որ մեկը փորձում է ճնշման միջոցով առավելության հասնել, նշանակում է` իր փաստարկները համոզիչ չեն»:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` երեկ Բրյուսելում Հայաստանի արտգործնախարարն իր ելույթում ասել է, որ Արևելյան գործընկերության Վարշավայի գագաթնաժողովից անցած երկու տարիների ընթացքում զգալի առաջընթաց է գրանցվել՝ համագործակցության բոլոր հիմնական ՝ Ասոցացման համաձայանագրի, մարդկանց շարժունակության, Մուտքի արտոնագրերի դյուրացման և Ռեադմիսիայի համաձայանագրերի բանակցությունների ոլորտներում:

Հավելենք, որ Արևելան գործընկերության ծրագրի մեկնարկից 4 տարի է անցել, և տարեվերջին Վիլնյուսում նախատեսվում է, որ Արևելյան հարևանության 6 երկրներից Ուկրաինան ստորագրելու է, իսկ Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը նախաստորագրելու են Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG