Մատչելիության հղումներ

Ավելի քան մեկ տարի շարունակված բանակցություններից ու տասնյակ բարեփոխումներից հետո երեկ Վրաստանի իշխանությունները ի վերջո պաշտոնապես ավարտեցին բանակցությունները Եվրամիության հետ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ, ինչը, ըստ փորձագետների, խիստ կարեւոր զարգացում է Եվրոպային մերձենալու և եվրոպական հսկայական շուկան մտնելու ճանապարհին:

Ակնկալվում է, որ այս համաձայնագիրը, ինչպես նաև Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրը վերջնականապես կստորագրվեն առաջիկա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում:

«Սա շատ կարևոր զարգացում է Վրաստանի համար», - բանակցությունների ավարտին Բրյուսելում հայտարարել է արտգործնախարար Մայա Փանջիկիձեն: - «Ե՛վ ասոցացման համաձայնագիրը, և՛ ազատ առևտրի գոտու պայմանագիրն ու վիզաների ազատականացումը շատ կարևոր են մեր երկրի և ընդհանրապես մեր տարածաշրջանի համար, քանի որ մենք համոզված ենք, որ դրանք տարածաշրջանի եվրոպականացումը կդարձնեն անշրջելի եւ կերաշխավորեն, որ Արևելյան գործընկերությունը իսկապես դառնա այստեղ իրավիճակ փոխող գործոն»:

Ազատ առևտրի մասին համաձայնագրով, հիշեցնենք, Եվրամիությունը խոստանում է հետխորհրդային պետությունների՝ այդ թվում Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի, առջեւ բացել իր կես միլիարդանոց, բարձր գնողունակություն ունեցող սպառողական շուկան՝ պահանջելով, սակայն, որ մինչ այդ այս երկրներում արտադրված ապրանքները համապատասխանեն եվրոպական չափանիշներին ու պահանջներին:

Համապատասխանելու դեպքում Վրաստանում արտադրված ապրանքն արդեն առանց որևէ տեխնիկական խոչընդոտի կարող է հայտնվել Եվրամիության անդամ 28 երկրներից յուրաքանչյուրում, ինչն էականորեն կնպաստի տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը:

«Սա շատ կարևոր հեռանկար է Վրաստանի համար, և մենք արդեն կատարել ենք մեր ընտրությունը», - երեկ Բրյուսելում հայտարարել է Փանիջիկիձեն՝ ընդգծելով, որ Սաակաշվիլիին հաջորդած նոր կառավարությունը եւս մտադիր է գնալ Եվրոպայի, ոչ թե Ռուսաստանի առաջարկած Մաքսային Միության ճանապահով:

«Մենք հետաքրքրված չենք որևէ միությամբ կամ դաշինքով, որի անդամ է Ռուսաստանը: Մենք հետաքրքրված ենք լոկ Ռուսաստանի հետ լավ, բարիդրացիական հարաբերություններով, և վերջ: Եվ չենք կարող համեմատել Եվրամիության առաջարկած Ազատ առևտրի գոտին Մաքսային միության հետ․ դա պարզապես այլ միություն է, որին մենք չենք պատրաստվում անդամակցել», - ասել է նա:

Եվրամիության տարածած պաշտոնական հաղորդագրությունը փաստում է, որ ազատ առևտրի համաձայնագիրը նաև ճանապարհ է հարթում առևտրին ու տնտեսական դաշտին առնչվող այլ բարեփոխումների համար, ինչի արդյունքում եվրոպացի գործարարներն արդեն առավել մեծ վստահությամբ ներդրումներ կկատարեն Վրաստանում՝ համոզված լինելով, որ այստեղ գործում են իրենց ծանոթ խաղի կանոններն ու պայմանները:

Անկախ փորձագիտական կենտրոններից մեկ ուսումնասիրությունը փաստում է, մասնավորապես, որ ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի ստորագրումից ու ուժի մեջ մտնելուց հետո Վրաստանից արտահանումները Եվրամիություն կավելալնան 12, ներկրումները՝ 7,5 տոկոսով: Մինչդեռ, Եվրամիության պահանջած առևտրային բարեփոխումների ամբողջական իրականացումը կարող է ավելացնել Վրաստանի համախառն ներքին արդյունքը ավելի քան չորս տոկոսով կամ 292 միլիոն եվրոյով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG