Մատչելիության հղումներ

ՀՀԿ փոխնախագահն ասում է՝ թանկացումները «Հայաստանի գլխին սարքվում են»


ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյան

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյան

Իշխող Հանրապետականի (ՀՀԿ) փոխնախագահը տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը կապում է աշխարհաքաղաքական զարգացումների հետ։

Ռազմիկ Զոհրաբյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հետևյալ հարցադրումն արեց, թե ինչո՞ւ ուղեվարձի թանկացման դեմ ակտիվ բողոքող երիտասարդները չեն հասկանում, որ այն, ինչ այսօր կատարվում է իրականում «սարքվում է Հայաստանի գլխին»։

«Չէի ցանկանա, որ պրոցեսը հանգեցներ սոցիալական բունտի, որովհետև մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք, քան թե 50 դրամի համար սոցիալական բունտ անելը և երկրի իրավիճակը ապակայունացնել։ Պլակատներով այդ երիտասարդները ինչո՞ւ չեն մտածում, որ սա ժողովրդական բառով ասեմ, Հայաստանի գլխին սարքվում է»,- հայտարարեց Զոհրաբյանը՝ մանրամասնելով. -«Ավտոբուսների պահեստային մասերը չենք արտադրում, դրանք գնում ենք, այսինքն ամեն ինչ գալիս է դրսից, սկսած «Գազել»-ներից, ավտոբուսներից։ Դրանց թանկացումները բերում են նաև տրանսպորտի թանկացման»։

Հարցին, թե ո՞վ է «սարքում Հայաստանի գլխին», ՀՀԿ-ի փոխնախագահը պատասխանեց. -«Գլխին սարքելը այն է, որ Հայաստանը ուժեղ պետություն չէ, գերտերություն չէ, և գերտերությունները մի մատի շարժումով կարող են այստեղ ներքին բաներ ստեղծել։ Խոսքը միայն Ռուսաստանի մասին չէ, որովհետև էստեղ գնում է քաղաքակրթությունների մրցակցություն՝ Հայաստանը գնա դեպի եվրաինտեգրում, թե՝ գնա Ռուսաստանի Մաքսային միություն։ Այսպես ասած՝ վերևերների, գիգանտների կռիվը ներքևում ինչ-որ արձագանք է ստանում։ Փառք Աստծո, եթե մենք պրծնենք միայն տրանսպորտի թանկացումներով, մի կերպ յոլա կգնանք։ Աստված չանի, ուրիշ տնտեսական լուրջ խնդրներ առաջանան»։

Դիտարկմանը, թե գերտերությունները ի՞նչ կապ ունեն տրանսպորտի թանկացման հետ, եթե երթուղների սեփականատերերն են թանկացնում այն, Զոհրաբյանը արձագանքեց. -«Արդեն ասացի, որ ամեն ինչ դրսից է գալիս։ Գազը թանկացավ... գազ մեզ ո՞վ է տալիս, Ռուսաստանը, պահեստամասերը ո՞վ է տալիս, էլի՛ Ռուսաստանը։ Չի բացառվում, որ գծի տերերը իրենց մտքում ասում են՝ ինչու 100 դրամ ստանամ, թող 120 ստանամ։ Չեմ բացառում»։

ՀՀԿ-ի փոխնախագահը ասաց՝ իր տեղեկություններով պահեստամասերի և այլնի թանկացմանը զուգահեռ ուղեվարձը կարող էր դառնալ 200 դրամ, բայց «չարեցին, ասացին՝ իսկապես ժողովուրդն էլ է մեղք, չի կարելի ամեն ինչը անընդհատ թանկացնել»»։

Հարցին՝ եթե «գծատերերը» պաշտոնյաներ չլինեին, ուղևորափոխադրումների ոլորտում ավելի նորմալ կլիներ իրավիճակը, Զոհրաբյանը պատասխանեց. -«Նույն բանն էր լինելու։ Եթե գծի տերը կարողանում է օպտիմալ գներով դրսից ապրանք բերել, ապա շարքային քաղաքացին ավելի թանկ է բերելու և էդ սոցիակալան բունտը ինքն է ստեղծելու։ Եթե ասեիք՝ ինչու է ծիրանը թանկացել, մենք գիտենք ծիրանը որտեղ է աճում, քանի տոննա է, և կարող էինք ստիպել, ասել՝ գյուղացի կամ վերավաճառող, իջեցրու գինը, բայց էդ անտեր զապչաստը մենք չենք արտադրում, մենք գնում ենք, դրա վրա չենք կարող վերահսկողություն իրականացնել։ Գազը ո՞նց թանկացավ, մենք գնում ենք էդ գազը, ռուսներն ասում են՝ սա ապրանք է, ժողովուրդը ըմբռնում է մոտենում, բայց տրանսպորտի հարցում, կարծես թե, մատդը դրել է դրա վրա և ասում է՝ ոչ սա պիտի չլինի։ Եթե դա լիներ միայն տրանսպորտը, գուցե պետությունը դոտացիա աներ, բայց բավականին մեր պետությունից, մեր տնտեսությունից թանկացել են։ Թույլի մոտ, միշտ էլ ուժեղն է մեղավոր։ Մենք թույլ պետություն ենք և մեղավոր ենք զգալու ուժեղների մոտ, որովհետև նրանք իրենց տնտեսությամբ թելադրում են մեզ»։

«Փորձում ենք ելք գտնել... Ասոցացման համաձայնագիր, Ռուսաստանի հետ որոշակի խնդիրներ և այլն, ասում ենք, բոլորի հետ համագործակցենք, չոր դուրս գանք ջրից, բայց հաճախ չէ, որ ստացվում է դա»,- ասաց Զոհրաբյանը։

Անդրադառնալով քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ ավագանու ընտրություններից առաջ արած հայտարարությանը, թե տրանսպորտի ուղեվարձը չի բարձրանալու, և արդյոք դա չի նշանակում, որ նա խաբել է ժողովրդին, եթե ընտրությունից հետո տեղի ունեցավ թանկացումը, ՀՀԿ փոխնախագահն ասաց. -«Ընտրությունից առաջ թանկացնես, կարող է չընտրվես, ամբողջ աշխարհում է այդպես»։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG