Մատչելիության հղումներ

Հուլիսի 23-ի մամուլ


Մամուլը շարունակում է արձագանքել ուղեվարձի բարձրացման հարուցած հասարակական ընդվզումներին

«Հայկական ժամանակ»-ը գրում է․ - «Երթուղային տաքսիների և ավտոբուսների ուղեվարձի թանկացման դեմ սկսվել է մի շարժում, որն իր բնույթով բոլորովին նոր տիպի է: Այս շարժումը չի նախաձեռնել որևէ քաղաքական ուժ կամ խմբավորում, այն չի ուղղորդվում որևէ մեկի կողմից և չի կազմակերպվում: Սա ակտիվ քաղաքացիների, հիմնականում երիտասարդների ինքնաբուխ շարժում է, որն ընդամենը մի քանի օրվա ընթացքում մեծ հաջողություններ է արձանագրում: Օրինակ, երեկ Երևանի կենտրոնում անցկացվող ակցիայի ժամանակ ոստիկանները փորձել են երկու մասնակիցների բերման ենթարկել, սակայն հավաքված մի քանի տասնյակ ակտիվիստներ շրջափակել են ոստիկանական մեքենան և այնպիսի հզոր հակահարված են տվել, որ ոստիկանները ստիպված են եղել ոստիկանական մեքենայի դռները բացել և ազատ արձակել երիտասարդներին: Ու ընդհանրապես, վերջին օրերին ոստիկանների ստանդարտ գործողությունները՝ վախեցնելը, սպառնալը, քաշքշելը, պրովոկացիաները ոչ մի արդյունք չեն տալիս»:

«Ժամանակ» օրաթերթը գրում է․ - «Երևանյան տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ քաղաքացիական ակցիան թափ է հավաքում: Ակցիայի մասնակիցների շրջանակն ընդլայնվում է, նրան են միանում նաև նորանոր հայտնի դեմքեր, թեև այնուամենայնիվ ամենագնահատելին, իհարկե, պարզապես նոր, ակտիվ, չնահանջող և խանդավառ երիտասարդության մասնակցությունն է, ինչը նկատում և արձանագրում են շատ-շատերը: Սակայն, միևնույն ժամանակ, հարկ է արձանագրել նաև, որ երեկվա ընթացքում արդեն իսկ ի հայտ եկան տարաբնույթ կասկածներ պարունակող կարծիքներ, որ ակցիայի մեջ խառն է իշխանությունների մատը կամ որ ակցիան ուղղակի կառավարվում է իշխանությունների կողմից: Այս կասկածները երեկ օրվա ընթացքում սկսեցին ավելի ու ավելի հաճախակի հնչել տարբեր տեղերից, և այս առումով իսկապես առաջացան մտավախության հիմքեր, որ կրկնվելու է հերթական անգամ այն, ինչ լինում է գրեթե միշտ՝ հենց հասարակության մեջ փոխադարձ մեղադրանքներ, կասկածներ, հենց հասարակության մեջ փոխադարձ թունավորում, որի արդյունքում տուժում են ոչ թե իշխանությունները, այլ հենց հասարակությունն ինքը: Եվ այս անգամ էլ արդեն նկատվում են վտանգավոր միտումներ, ինչը հարկ է դադարեցնել»:

Անդրադառնալով բողոքի ակցիաների՝ «Հայոց Աշխարհ»-ն ընդհանրացնում է․ - «Սա հետաքրքիր պահ է ու հատկանշական հանգամանք: Ավելին, այն շղթայական ռեակցիայի էֆեկտ կարող է ունենեալ և ունի: Սա նաև լրջագույն ազդանշան-ահազանգ է իշխանություններին, հատկապես՝ գործադիր իշխանությանը, որ պետք է սեղմել արգելակման ոտնակը: Իրարահաջորդ թանկացումները, որոնց հարվածային ուժը, ի դեպ, քաղաքացիները դեռ լիովին չեն զգացել իրենց ընտանեկան բյուջեների վրա, բնականաբար չէին կարող դժգոհությունից բացի, այլ բան հարուցել: Այդ ինքնին հասկանալի տրամադրությունների ծավալմանն ու արմատավորմանը նպաստում է նաև այն իրողությունը, որ թանկացումները տնտեսական աշխուժության կամ էլ բնակչության եկամուտների աճի հետևանք չեն: Ավելին, բնակչության եկամուտների աճ առաջիկա ամիսներին չի էլ սպասվում: Եվ հանրային տրանսպորտի ուղեվարձի 50 տոկոս բարձրացումը բաժակը լցնող վերջին կաթիլի ազդեցություն ունեցավ կամ կարող է ունենալ, մանավանդ մի վիճակում, երբ պարզ հաշվարկները հերքում են նման քայլի հիմնավորված լինելը»:

«Հրապարակ» թերթը նկատում է․ - «Մինչ հասարակությունը՝ տագնապած, թանկացումների հաշվարկ է անում և գնաճի ալիքը կանխելու հուսահատ ճիգեր ձեռնարկում, երկրիս իշխանությունները ոչ միայն տագնապի նշան չեն ցուցաբերում՝ նրանք գների անզուսպ և չպատճառաբանված աճ են նախաձեռնում, այլև հանգիստ խղճով մեկնում են «վաստակած» հանգստի: Թերևս վստահ են, որ մինչև իրենց վերադարձը Վովան ամեն ինչ կկարգավորի. մի քանի տեղում փողոց ելած ակտիվիստներին «կդագանակահարեն», մի երկուսին կտանեն ոստիկանություն, և ամեն ինչ «օքեյ» կլինի: Իսկ եթե սա էլ չբավարարի, գործի կդրվեն ճնշումների տրադիցիոն մեթոդները. ակտիվիստ-կազմակերպիչների մերձավորներին աշխատանքից ազատելու, տարբեր սադրիչների միջոցով շարժումը պառակտելու, հակաշարժումներ նախաձեռնելու, հակաքարոզչություն անելու միջոցով: Նման գործընթացների փորձ մեզանում չափից դուրս շատ է կուտակվել՝ հո անտեղի չի՞ կորչելու»:

«Օրակարգ»-ը գրում է․ - «Ակնհայտ է, որ այս թանկացումը որակի և անվտանգության հարց չի լուծում: Քաղաքացիներին առաջարկում են երթևեկել ոչ անվտանգ և ոչ հարմարավետ տրանսպորտով՝ 50% թանկ սակագնով: Եթե որևէ կերպ քաղաքացիների արժանապատիվ երթևեկությունը հեռանկար ապահովեր, միգուցե կարելի լիներ հասկանալ թանկացումը: Ի վերջո, արժանապատիվ և անվտանգ հանրային տրանսպորտ ունենալն այսօր արդեն հրամայական է: Բայց նման բան չի նկատվում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG