Մատչելիության հղումներ

Արևմտյան քաղտեխնոլոգները` Իբրահիմբեկովի շտաբում


Ռուստամ Իբրահիմբեկով
Ռուստամ Իբրահիմբեկով
Արևմտյան և ռուսաստանցի քաղտեխնոլոգներն ակտիվորեն կաջակցեն ադրբեջանական ընդդիմության միասնական թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովի քարոզարշավին: Այս մասին երկուշաբթի օրը Բաքվում հայտարարեց ընդդիմադիր հիմնական կուսակցություններին միավորող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի աշխատակազմի ղեկավար քաղաքագետ Էլդար Նամազովը, որը վերջին մի քանի շաբաթներին հանդիպումներ է անցկացրել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների քաղաքական շրջանակների հետ:

«Թե Վաշինգտոնում, և թե Մոսկվայում ես հանդիպել եմ առաջատար քաղտեխնոլոգների հետ և կարող եմ ձեզ տեղեկացնել, որ նրանք աջակցելու ենԻբրահիմբեկովին՝ քարոզարշավի ընթացքում»,- ասել է Նամազովը։

Ադրբեջանցի ընդդիմադիրների համար, սակայն, նախընտրական պայքարի այս փուլում առավել հրատապ մեկ այլ հարց կա օրակարգում. արդյո՞ք ադրբեջանական իշխանությունները ընդհանրապես թույլ կտան Ռուստամ Իբրահիմբեկովին մասնակցել հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին: Իբրահիմբեկովը ադրբեջանական քաղաքացիությունից բացի նաև ռուսաստանյան անձնագիր ուներ, որից սակայն մոտ մեկ ամիս առաջ հրաժարվեց: Գործող օրենսդրության համաձայն, սակայն, երկքաղաքացիությունը երկրում ագելված է, ուստի Իբրահիմբեկովին կարող են պարզապես զրկել ընտրություններին մասնակցելու հնարավորությունից` պատճառաբանելով թե նա երկրորդ անձնագիր ստանալով ժամանակին խախտել է օրենքը: Սրան էլ գումարած մոսկովյան իշխանությունները դեռ որևէ կերպ չեն արձագանքել Իբրահիմբեկովի՝ անձնագրից հրաժարվելու պաշտոնական դիմումին: Էլդար Նամազովի կարծիքով, սակայն, առանց Իբրահիմբեկովի մասնակցության հոկտեմբերի 16-ի ընտրությունները լիովին իմաստազուրկ են դառնում:

«Իշխանությունները չեն ուզում գրանցել Իբրահիմբեկովին, փոխարենը ցանկանալով իրենք իրենց համար մի ընդդիմախոս նշանակել: Միանշանակ կարող եմ ասել, որ այս ընտրությունների լեգիտիմությունը կախված է հենց Իբրահիմբեկովի թեկնածության գրանցումից»,- պնդում է Նամազովը:

Քաղաքական պայքարի այս փուլում ադրբեջանական ընդդիմությունը փորձում է օտարերկրյա պետությունների և միջազգային կառույցների միջոցով ճնշում գործադրել Իլհամ Ալիևի վարչակազմի նկատմամաբ, որպեսզի Իբրահիմբեկովը քվեարկությունից հաշված շաբաթներ առաջ հանկարծ դուսր չմնա նախընտրական պայքարից:

«Վաշինգտոնում կայացած իմ հանդիպումների ժամանակ ես զրուցել եմ պետդեպարտամենտի պաշտոնյաների և Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի այն աշխատակիցների հետ, ովքեր անմիջականորեն զբաղվում են Ադրբեջանով: Կարող եմ ասել, որ առնվազն երեք անգամ ես բարձրացրել են Իբրահիմբեկովի թեկնածության գրանցման հարցը: Կարող եմ միայն ասել, որ միջագային կառույցներն ու ժողովրդավարական ուժերը ցանկանում են Ադրբեջանում ազատ և արդար ընտրություններ տեսնել»,- նշում է Նամազովը:

Իսկ եթե այս ճնշումներն այնուհանդերձ արդյունք չտան և Իբրահիմբեկովի թեկնածությունն այդպես էլ չգրանցվի, այդ դեպքում ադրբեջանական ընդդիմությունը ունի՞ գործողությունների պահեստային տարբերակ կամ թեկնածու:

«Ազգային խորհրդի հիմնական, միասնական և պահեստային թեկնածուն նույնն է` Ռուստամ Իբրահիմբեկովը»,- հայտարարեց Էլդար Նամազովը, որի թեկնածությունը ևս շրջանառվում էր Բաքվի մամուլում՝ որպես ընդդիմության հնարավոր պահեստային տարբերակ:

Առաջիկա օրերին ընդդիմությունը պաշտոնապես կբացահայտի նախընտրական մարտավարության հիմնական դետալները: Ինքը՝ ընդդիմության միասնական թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովը խոստացել է մինչև օգոստոսի 2-ը վերադառնալ Ադրբեջան և ակտիվորեն ներգրավվել նախընտրական արշավում: Ի դեպ, այս օրերին Ադրբեջանի իշխանամետ մամուլում տեղեկություններ են հայտնվում, որոնց համաձայն Իբրահիմբեկովը խախտել է նաև երկրի հարկային օրենսդրությունը: Որոշ վերլուծաբաններ կարծիքով՝ այս հրապարակումները հող են նախապատրաստում Իբրահիմբեկովի գրանցումը տնտեսական դրդապատճառներով մերժելու կամ նույնիսկ նրա ձերբակալության համար:

«Իբրահիմբեկովն իր ստացած բոլոր եկամուտները հայտարարագրել է և մուծել է բոլոր հարկերը:Կարծում եմ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ունեցվածքի հայտարարագրման հետ խնդիրներ կունենա իշխանության թեկնածուն: Միջազգային լրագրողական հետաքննությունները վկայեցին, որ հենց գործող նախագահի ունեցվածքն է, որ գտնվում է օֆշորային գոտիներում»,- հայտարարում է ադրբեջանցի ընդդիմադիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG