Մատչելիության հղումներ

Ուղեվարձի բարձրացման դեմ ակցիաները թափ են հավաքում


Ուղեվարձի բարձրացման դեմ ակցիաները թափ են հավաքում
please wait

No media source currently available

0:00 0:06:06 0:00

Ուղեվարձի բարձրացման դեմ ակցիաները թափ են հավաքում

Երևանյան հասարակական տրանսպորտի ուղեվարձը հուլիսի 20-ից 50 դրամով բարձրացնելու՝ քաղաքապետի որոշման դեմ բողոքի ակցիաները արդեն երրորդ օրն են շարունակվում:

Մի խումբ ակտիվիստներ կանգառներում այսօր վաղ առավոտից կրկին բաժանում էին «Վճարեք 100 դրամ» գրառմամբ թռուցիկներ, կոչ էին անում ուղևորներին չվճարել նոր՝ 150 դրամ սակագինը:

Ուղեւորներից ոմանք ասում էին՝ իջել են ու որպես բողոքի նշան՝ 100 դրամ վճարել: «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ վարորդն ի՞նչ ասաց, որ 100 դրամ վճարեցին, այդպիսի ուղեւորներից մեկը պատասխանեց՝ «համարյա ձայն չհանեց»:

150 դրամ վճարած մի ուղևոր էլ բացատրեց․ - «150 դրամ տվողները ոչ թե համակերպվել են, այլ ուղղակի անհարմար են զգում, որ 100 դրամ տան իջնեն, որովհետեւ բոլորը չեն 100 տալիս իջնում»: Մեր հարցին, թե կոնկրետ ինքը ինչո՞ւ է 150 դրամ վճարել, ուղեւորը պարզաբանեց․ - «Որովհետեւ վարորդը պնդեց, որ եթե 100 պիտի վճարեք, ես 6:30 գործի դուրս չեմ գա»:

Թեեւ երթուղային միկրոավտոբուսների վարորդներն արդեն երրորդ օրն էին աշխատանքի դուրս եկել «150 դրամ» գրառումներով, վարորդները որոշ դեպքերում ակտիվիստներից վերցնում էին «Վճարեք 100 դրամ» թռուցիկները: Վարորդներն իրենք էլ բողոքում էին նոր գներից: Մի վարորդ, օրինակ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց՝ իր ընտանիքն էլ է տուժում նոր գներից:

Որոշ վարորդներ էլ գծատերերին իրենց վճարելիք գումարների ցանկը ցույց տալով դժգոհում էին՝ «մենք որտեղի՞ց հանենք էսքան պլանը»:

«Օրական 4-5000 պակսորդ եմ տալիս, աշխատավարձն էլ ստանում եմ՝ 50-60 հազար», - ասաց մի վարորդ, - «Ասում է՝ ձեռք չի տալիս՝ մի աշխատեք, արդեն երեք հոգու չի թողել գործի»:

Այսօր իր ակցիան շարունակեց նաև հումորային «Կարգին հաղորդման» հայտնի հերոս Հայկոն՝ Հայկ Մարությանը: Նա իր մեքենայով մարդկանց անվճար տեղափոխում էր՝ հորդորելով չվճարել 150 դրամ:

«Դա կոչվում է carpool ամբողջ աշխարհում, երբ որ դու գնում ես ինչ-որ մի տեղ եւ քո ուղղությամբ մարդկանց հարցնում ես եւ ով գնում է այդ ուղղությամբ՝ տանում ես այդ մարդկանց», - պարզաբանեց Հայկոն, - «Օրական չգիտեմ քանի հոգու կտեղափոխեմ՝ ինչքան հնարավոր է, բայց ես օգնում եմ: Եթե շատ մարդիկ միանան, շատ մարդկանց կօգնեն: Ակցիայի իմաստը սա է»:

Քարփուլ ակցիային այս օրերին տասնյակ անհատ ավտովարորդներ են միացել, այդ թվում հայտնի մարդիկ, օրինակ՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, «Կենտրոն» հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանը, «Արմքոմեդի» հումորային հաղորդման համահեղինակ եւ վարող Սերգեյ Սարգսյանը: Ակցիային վաղվանից միանալու մտադրություն է հայտնել երգիչ Արթուր Իսպիրյանը: Ֆեյսբուք սոցիալական ցանցը ևս մարդկանց անվճար տեղափոխելու վերաբերյալ առաջարկներով է ողողված:

Այսօր մետրոյի կայարաններում նկատելի էր ուղևորների մեծ հոսք․ շատերն ասում էին՝ նախընտրում են մետրոն, քանի որ չեն ցանկանում ենթարկվել տրանսպորտի թանկացման՝ շատերի բնոորշմամբ «անօրեն եւ անհիմն» որոշմանը:

«Ազատություն» ռադիոկայանն այսօր զրուցեց նաեւ 82-ամյա մի քաղաքացու հետ, ով ուրիշ ելք չգտնելով՝ հեծանվով էր եկել քաղաքապետարան՝ իր բողոքն արտահայտելու:

«Կեսը ոտով, կեսը սրանով [հեծանիվով] կերթամ․․․ ստուդիային տվեք, թող նկարեն, որ Հայաստանը ինչ է անում թոշակառուների համար, հասկացա՞ր», - մեզ հետ զրույցում պահանջեց թոշակառուն:
XS
SM
MD
LG