Մատչելիության հղումներ

Հարցում. Այլազգիները՝ Ռուսաստանի հիմնական վտանգ


Իրավապահները բերման են ենթարկում հակաչեչենական ակցիայի մասնակցին, Պուգաչով ավան, 9-ը հուլիսի, 2013

Իրավապահները բերման են ենթարկում հակաչեչենական ակցիայի մասնակցին, Պուգաչով ավան, 9-ը հուլիսի, 2013

Հասարակական կարծիքի հետազոտման համառուսաստանյան կենտրոնը նոր հարցում է անցկացրել։

Ռուսաստանցիների 33 տոկոսը Դաշնությանը սպառնացող թիվ մեկ վտանգ է համարում օտարերկրացիների ներհոսքը։

Հասարակական կարծիքի հետազոտման համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցախույզի արդյունքների համաձայն՝ երկրորդ և երրորդ տեղերում աղետների և ահաբեկչական գործողությունների վտանգներն են, որոնք նշել է հարցվածների 28 տոկոսը։

Այդ երեք սպառնալիքներին հաջորդում են մտավախությունն առ այն, որ երկրի նավթի և գազի պաշարները կսպառվեն (25 տոկոս) և իշխող վերնախավի հնարավոր պառակտումը (24 տոկոս)։

Ռուսաստանի իշխանությունները փորձում են որոշ միջոցներ ձեռնարկել երկրում այլատյացության մթնոլորտը մեղմելու համար։ Կառավարությունը հաստատել է Ազգային քաղաքականության պետական ռազմավարական ծրագիրը, որը նախատեսված է մինչև 2025 թվականը։ «ՌԲԿ Դեյլի» լրատվական կայքի փոխանցմամբ, այն ընդգրկում է 82 միջոցառում։ Դրանք պետք է «ամրապնդեն Դաշնության բազմազգ ժողովրդի միասնությունն ու հոգևոր ընդհանրությունը և ապահովեն անհանդուրժողականություն ագրեսիվ ազգայնամոլության, էթնիկական քրեականության ու ծայրահեղականության հանդեպ»։ Այդ միջոցառումների թվում են «Խաղաղ Կովկաս» փառատոնը, փոքրաթիվ ազգություններին օգնելու տարբեր ծրագրեր, մրցույթներ։

Իշխանությունները ռազմավարական ծրագրի շրջանակներում նաև մտադիր են բացահայտել ծայրահեղական կազմակերպությունների ֆինանսավորման աղբյուրներն ու փակել դրանք։ Մեծ կարևորություն է տրվում Ռուսաստան տեղափոխվող աշխատանքային միգրանտների մշակութային և սոցիալական ադապտացմանը։

Մինչդեռ այլատյացության դրսևորումները Ռուսաստանում երբեմն դժվարությամբ են զսպվում։ Հուլիսի 6-ին Պուգաչով ավանում 20-ամյա տեղացի երիտասարդի և 16-ամյա չեչեն պատանու ընդհարումն ավարտվել է ողբերգությամբ. չեչենը վիրաբուժական դանակով հարվածներ է հասցրել տեղացուն, ով մահացել է։

Ավանում բարձրացել է հակաչեչենական ալիք, որն առ այսօր չի մարում։ Իշխանությունները գործարարներին խնդրել են երկարաձգել ալկոհոլային խմիչքների վաճառքի ժամանակավոր արգելքը, քանի որ Պուգաչովում իրավիճակը խիստ սրվել է։


Ռուսաստանում այլազգիների հանդեպ ատելությունը հաճախ տարածվում է ընդհանրապես բոլոր կովկասցիների, այդ թվում` հայերի վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG