Մատչելիության հղումներ

Տրանսպորտի վարչության պետն ասում է՝ լրագրողին չի հայհոյել


«Ոչ մի հայհոյանք չի եղել, դա բացարձակ սուտ է»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը այսպես արձագանքեց ilur.am լրատվական կայքէջի տարածած այն տեսանյութին, որտեղ լրագրողի հարցին Նավասարդյանի պատասխանը շատերը որպես հայհոյանք էին ընկալել։

Տրանսպորտի վարչության պետը պնդում է, որ իր կրթությունը և դաստիարակությունը թույլ չէին տա որ հայհոյեր։

«Երբ որ ինքը դեմս կտրեց ու ասաց, ես... միանգամից, ներվես չհերիքեց, և ասացի՝ «գնա քու...», ուզում էի ասել՝ «գնա, քու ներվերը չունեմ», բայց էնքան ներվայնացած էի, որ նույնիսկ վերջին բառը չկարողացա արտահայտել»,- ասաց Նավասարդյանը։

Տեսանյութի հեղինակ, ilur.am կայքի լրագրող Սարգիս Գևորգյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց՝ վստահ է, պաշտոնյան իրեն հայհոյել է։ Լրագրողը պատմեց, որ Նավասարդյանին հանդիպել է Օպերայի հարակից տարածքում երբ նկարահանում էր տրանսպորտի թանկացման դեմ ակցիան, փորձել է ճշտել, արդյոք կարող է հարց ուղղել պաշտոնային, մինչդեռ նա հայհոյել է իրեն։

«Տեսանյութում էլ է երևում, մոտեցա, ասացի՝ «կարելի՞ է Ձեզ մի հարց տալ», ինչին հետևեց նրա բռունցքը անել, իբր հեսա կհարվածեմ և հայհոյելը։ Հետո մեզ մոտեցան իրեն ուղեկցող էդ սափրագլուխները, փորձեցին սպառնալ՝ «փախեք ստեղից, հեսա ոտերներիս տակ կքցենք» և այլն»,- պատմեց Գևորգյանը։

Լրագրողը ասաց, որ չի պատրաստվում բողոք ներկայացնել ոստիկանություն, քանի որ ըստ նրա դա անիմաստ է։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով պաշտոնյայի նման պահվածքը անպայման պետք է հետևանքներ ունենա, օրինակ, նրա ղեկավարը՝ տվյալ դեպքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը պետք է այն քննարկման թեմա դարձնի և նկատողություն հայտնի։

«Եղել են դեպքեր, երբ լրագրողները փորձել են հարցազրույց վերցնել և բավականին հայտնի մարդիկ, պաշտոնատար անձինք հայհոյել են իրենց։ Լրագրողները այդ ձայնագրությունները ներկայացրել են իրավապահ մարմիններին, եղել են դատական նիստեր, բայց այդ միջադեպերից ոչ մի դեպքում հայհոյողը որևէ պատասխանատվություն չի կրել և իրավապահ մարմինները, դատարանները հիմնավորել են, որ դա երկու հոգու միջև զրույց է եղել և հրապարակային բնույթ չի կրել»,- ասաց Մելիքյանը։
XS
SM
MD
LG