Մատչելիության հղումներ

Ոչ իշխանական ուժերը դատապարտում են ուղեվարձի բարձրացումը


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի համոզմամբ՝ վերջին շրջանի թանկացումները, և մասնավորապես, հուլիսի 20-ից երևանյան հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը միանշանակ ծանր բեռ է առանց այն էլ ծանրագույն սոցիալական վիճակում գտնվող քաղաքացիների համար:

«Նրանց համար, ովքեր չունեն եկամուտի աղբյուր, ովքեր չունեն աշխատանք, չունեն պահպանելու իրենց գոյությունը նվազագույն պայմաններում մեր երկրում, սա հերթական խթանն է Հայաստանից դուրս գալու մասին մտածելու համար: Մեր խորհրդարանական և ավագանու խմբակցությունները հիմա հանդիպումների շարք են անցկացնում մի շարք փոխադրող ընկերությունների հետ, տնտեսական բլոկի մասնագետները ուսումնասիրություններ են անցկացնում, կփորձենք առաջիկայում ինչ-որ տարբերակներ առաջարկել, բայց վերջին հաշվով թանկացումների տենդենցը ապրանքների, սպասարկման ծառայությունների համար շարունակական է, և անհրաժեշտ է ապահովել մարդկանց աշխատանքով: Դա է լուծումը», -ասաց Ուրիխանյանը:

Շաբաթ օրվանից, երբ ուժի մեջ մտավ հասարակական տրանսպորտի նոր՝ 150 դրամ սակագինը, մայրաքաղաքում չեն դադարում թանկացման դեմ բողոքի ակցիաները։ Տասնյակ քաղաքացիներ ու երիտասարդներ կանգառներում ու երթուղայիններում ուղևորներին թռուցիկներ են բաժանում, կոչ են անում չվճարել սահմանված 150 դրամը, երբեմն ավտոբուսների և միկրոավտոբուսների միջից պոկում են «Ուղեվարձը 150 դրամ» գրություններով ցուցանակները՝ դրանք փոխարինելով «Վճարում ենք 100 դրամ» պաստառներով։ Երբեմն այս ակցիաներն առաջացնում են ոստիկանների կամ շահագրգիռ պաշտոնյաների վրդովմունքը: Շաբաթ օրը մի խումբ ակտիվիստներ էին տարվել ոստիկանության բաժիններ, և, այսպես կոչված «զրույցից» հետո դուրս եկել։

Տնտեսագետների շրջանակներում կա համոզմունք, որ ուղեվարձի ինքնարժեքը կազմում է 90 դրամից ոչ ավելի, և այդ հավելյալ 60 դրամը գնալու է «գծատերերի» ու վերադասների գրպանները։

ԲՀԿ-ական պատգամավորը, անդրադառնալով քաղաքական ճնշումների արդյունքում սակագնի վերանայման հնարավորություններին, ասաց, թե տեսականորեն հնարավոր համարում է դա․-«Բայց մենք երկար ժամանակ է ականատես ենք լինում, թե ինչպես արդարացի բողոքը, մեկ մարդու, ինչ-որ սոցիալական խավ ներկայացնող մի փոքրիկ խավի, կոլեկտիվների անընդմեջ տեղի ունեցող բողոքները, զայրույթը, պահանջատիրությունը վերջին հաշվով միշտ չէ, որ լուծում են ստանում»:

Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքով՝ իրենց համար ուղեվարձի թանկացումը սպասելի էր:

«Երբ որ գազի թանկացման մասին էր խոսվում, և այդ ակցիան կատարեցինք, այդ ժամանակ էլ հայտարարում էինք, որ սա շղթայական ռեակցիա է առաջացնելու: Բայց բնական է, մեզ խոստանում էին, որ դա տեղի չի ունենա: Սա առաջին ծաղիկներն են, որ երևում են, սրա հետևանքները դեռ շարունակվելու են: Մենք մեծ խնդիրներ ունենք ճշտելու համար, թե որքանով է հիմնավորված սակագնի բարձրացման այս չափը, և եթե մենք հենց սկզբից չդնենք քաղաքական, քաղաքացիական վերահսկողություն այս ամենի վրա, ես կարծում եմ, որ այս ամենը կարող է անսանձ կերպով իրականացվել և որևէ մեկը պատասխան չտա, որևէ լուրջ հիմնավորում չներկայացնի», - ասաց Ռուստամյանը:

Ուղեվարձի թանկացման վերաբերյալ հայտարարություն է տարածել Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցությունը՝ իր վրդովմունքը հայտնելով գործող իշխանությունների կողմից հասարակական տրանսպորտի ուղեվարձի, իրենց ձևակերպմամբ, չհիմնավորված թանկացման որոշման կապակցությամբ:

««Բարև, Երևան» խմբակցությունը համոզված է, որ հատկապես մայրաքաղաքային տրանսպորտի ոլորտում առկա են հնարավորություններ՝ ուղեվարձի թանկացումից խուսափելու և աղքատացած հասարակության ուսերին նոր բեռ չդնելու համար: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Երևանի քաղաքապետարանը բացահայտ խոսի այն կոռուպցիոն-արատավոր շղթայի մասին, որն առկա է սույն ոլորտում, պայմանավորում է ներկայիս ուղեվարձի գինը և որում ներքաշված է Երևանի քաղաքապետարանն ի դեմս «Երևանտրանս» ՓԲԸ-ի», - ասված է խմբակցության հայտարարության մեջ:
XS
SM
MD
LG