Մատչելիության հղումներ

logo-print

Եվրամիության արտաքին գործերի նախարարներն այսօր Բրյուսելում կհանդիպեն` քննարկելու Արևելյան գործընկերության ծրագրի արդյունքները Վիլնյուսի գագաթաժողովից առաջ:

Եվրամիության 28 երկրների նախարարներին կմիանան Արևելյան գործընկերության 6` Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի արտաքին գերատեսչությունների ղեկավարները:

Հատուկ այս նպատակով Եվրամիությունը համաձայնել է թույլատրել Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյի մուտքը Բրյուսել: Մակեյը բելառուսցի այն պաշտոնյաների ցուցակում է, որոնց մուտքը ԵՄ արգելված է` կապված Բելառուսում 12 քաղբանտարկյալների առկայության և մարդու իրավունքների ոտնահարման համատարած մթնոլորտի հետ:

Այսօրվա հանդիպումը, եվրոպական կողմի պնդմամբ, կարևոր քայլ է Բելառուսի հետ հարաբերությունների բարելավման համար: Այս կապակցությամբ մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ակտիվիստները նախատեսում են բողոքի ակցիա անցկացնել Բրյուսելի Շուման հրապարակում:

Շուրջ 34 արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումը կընթանա և՛ երկկողմ, և՛ բազմակողմանի հարաբերությունների քննարկման ձևաչափով:

Հիշեցնենք` Արևելյան գործընկերությունը ԵՄ արտաքին հարաբերությունների ծրագրերից է` ուղղված հետխորհրդային վեց երկրներում տեղի ունեցող քաղաքական և սոցիալ-տնտեսական բարեփոխումների խթանմանը: Ծրագրի մեկնարկից 4 տարի է անցել, և տարեվերջին Վիլնյուսում նախատեսվում է, որ Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը կնախաստորագրեն, իսկ Ուկրաինան արդեն կստորագրի Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրերը:
XS
SM
MD
LG