Մատչելիության հղումներ

Հայաստանի նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի (ՀԱԿ) կոմունալ վճարումները նախկինում կազմում էին մոտ 100 հազար դրամ, մինչդեռ վերջին թանկացումներից հետո կազմելու են մոտ 150 հազար դրամ։

Հիշեցնելով, որ պատգամավորական աշխատավարձը 255 հազար դրամ է՝ Բագրատյանն ասաց․ - «Ստացվում է, որ անգամ ԱԺ պատգամավորը վերջին թանկացումներից հետո չի կարող ապրել, եթե իհարկե իշխանական պատգամավոր չէ, կամ էլ իմ նման վճարովի դասախոսություններ չի տալիս»։

Նրա կարծիքով, իրար հաջորդող թանկացումները կարող են նոր ընտրությունների հանգեցնել, ինչը թերևս ամենալավ տարբերակն է, քանի որ ժողովրդի մեջ իշխանությունների հանդեպ վստահությունը կորել է։

Բագրատյանն ասաց, թե վիճակը էապես կարող է փոխել նաև գազի գնի նվազումը, և սեփական լուծումն առաջարկեց․ - «Քանի որ 10 հազար խորանարդ մետրից սկսած ավելի ցածր գին է սահմանվում, միավորեք ժողովրդին սպառողական կոոպերատիվների մեջ, այսինքն մեկ հոգին սպառում է 2000 խորանարդ մետր, 100 հոգուն միացրեք՝ թող դառնա 200 հազար, և նրանք օգտվեն ցածր գներից»։

Անդրադառնալով սահմանված սակագնի հիմնավորվածությանը՝ նախկին վարչապետն ասաց․ - «Գազի թանկացման մեծ մասը՝ մոտ 60 տոկոսը պայմանավորված է ներսում «ՀայՌուսգազարդ»-ի թանկացմամբ, գազը մենք գնում ենք 180-ով, վաճառում ենք 380-ով, այսինքն 200 էլ ավելացնում ենք Հայաստանի տարածքում, փաստորեն 200 դոլար է պահանջվում գազը Նոյեմբերյանից Երևան հասցնելու համար»:

Բագրատյանն ասաց, որ գազի գնի ուռճացման մասին իր կասկածները հաստատեցին նաև ԱԺ-ում այս հարցով անցկացված լսումները։ Նրա խոսքով, Կառավարության անդամները ուղղակի տապալեցին այս քննարկումը, քանի որ հնչող հարցերը իրենց օգտին չէին։ Կասկածելի է նաև էլեկտրաէներգիայի թանկացումը, որին վերաբերող հարցերին էլ Կառավարությունը չի պատասխանել։

Հրանտ Բագրատյանը կարծում է, որ թանկացումները իրար հաջորդելու են, արդյունքում՝ ցածր կենսամակարդակ, պահանջարկի նվազում, դժգոհություն։ Դա էական ազդեցություն կունենա տնտեսության վրա, մասնավորապես՝ կկրճատվեն շինարարության ծավալները։

Ինչ վերաբերում է տրանսպորտի սակագնի բարձրացմանը, Բագրատյանի կարծիքով, ոչինչ այդպես շեշտակի չի կարող թանկանալ, և այս թանկացումը թերևս չհիմնավորված է:

Ինչ քայլեր էլ ձեռնարկի պետությունը, էական փոփոխություն չի կարող լինել, քանի որ ներկայիս բյուջեով հնարավոր կլինի ընդամենը մի քանի փոքր սոցիալական ծրագրեր իրականացնել, մինչդեռ դա, ըստ Հրանտ Բագրատյանի, բավարար չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG