Մատչելիության հղումներ

logo-print

Նախկին քաղաքապետ․ Երթուղիները «40 տոկոս շահույթ են ապահովում»


Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյան

Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյան

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված է ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղեվարձի բարձրացման տնտեսագիտական հաշվարկ-հիմնավորումը, մինչդեռ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով, նման թանկացումը «աննորմալ երևույթ է»:

Ի թիվս այլ ծախսերի, հիմնավորման մեջ նշվում է, որ միկրոավտոբուսների վարորդների մեկ ամսվա աշխատավարձը՝ ներառյալ հարկերը, կազմում է 150 հազար դրամ, իսկ ավտոբուսային երթուղիների վարորդներինը՝ 200 հազար դրամ:

Եթե հաշվի առնենք, որ այսօր աշխատավարձից պահվում է միայն եկամտային հարկ, ապա ավտոբուսի վարորդի 200 հազար դրամի դեպքում մաքուր աշխատավարձը ստացվում է մոտ 150 հազար դրամ, իսկ միկրոավտոբուսի վարորդի դեպքում՝ մոտ 113 հազար դրամ:

Այնինչ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, օրինակ, 13 համարի միկրոավտոբուսային երթուղու վարորդը, որը չցանկացավ ներկայանալ ու ձայնագրվել, ասաց, որ ստանում է մոտ 70 հազար դրամ աշխատավարձ, իսկ թիվ 31 ավտոբուսային երթուղու վարորդը, ով ևս հրաժարվեց ձայնագրվել, ասաց, որ ստանում է մոտ 80 հազար դրամ աշխատավարձ:

Քաղաքապետարանի ներկայացրած տնտեսագիտական հաշվարկի վերաբերյալ վարորդներից մեկն ասաց․ - «Ես մենակ մի բան գիտեմ, որ այդ բոլոր հաշվարկներն արել են՝ ի վնաս վարորդի»:

Երևանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը գտնում է, որ եթե նույնիսկ այդ հաշվարկը տեղին է, ապա այն, որ տրանսպորտի ուղեվարձը բարձրանում է միանգամից 50 տոկոսով, դա արդեն աննորմալ երևույթ է:

«Որովհետեւ, ի վերջո, այլ հնարավորություն գոյություն ունի՝ տրանսպորտին դոտացիա տալը, որը նախընտրական քարոզչության ժամանակ շատ լավ օգտագործվում էր իշխանության ներկայացուցիչների կողմից: Եվ նույնիսկ խոստում էին տալիս, որ տրանսպորտի գնի թանկացում չի լին», - ասաց նա՝ հավելելով, որ քաղաքապետարանի ներկայացրած հաշվարկը որեւէ տնտեսագիտական հիմնավորում չունի․ - «Այդ թվաբանությունը պարզապես նրա համար է, որ արդարացվի, թե 150 դրամը ինչպես են ստանում»:

Տնտեսագետի խոսքով՝ այդ հաշվարկների իրական նպատակն է թաքցնել այսպես կոչված գծատերերի ստվերային եկամուտը․ - «Որը, տարբեր հաշվարկներից հետո ստացվում է ամսական՝ չվախենաք, բավականին լուրջ թիվ եմ ասում․ 10 մեքենա ունեցող գծատերի ամսական եկամուտը կազմում է 12-15 հազար դոլար: 40 տոկոս շահութաբերություն»:
XS
SM
MD
LG