Մատչելիության հղումներ

Հայաստանի ազգային պատկերասրահի երեք սրահներում բացվել է Սարգիս Բաղդասարյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը՝ նվիրված քանդակագործի ծննդյան 90-ամյակին:

Բաղդասարյանի աշխատանքները ներկայացված են հիմնականում լուսանկարների միջոցով: Նրա ամենահայտնի գործը՝ Արցախի խորհրդանիշը դարձած «Մենք ենք, մեր լեռները» քանդակն է, որն ավելի հայտնի է որպես «Տատիկն ու պապիկը»:

Ծնունդով արցախցի Բաղդասարյանը երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Երևանում ու դասավանդել է Գեղարվեստա-թատերական ինստիտուտում: Նրա հայտնի աշխատանքներից է նաեւ Ավետիք Իսահակյանի արձանը մայրաքաղաքի Աբովյան փողոցում:

«Շատ ուրախ եմ, որ այսպիսի ցուցահանդես է բացվել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Երևանի գեղարվեստի ակադեմիայի նորընտիր ռեկտոր Արամ Իսաբեկյանը: - «Ուզում եմ նշել նրա ունիկալությունը՝ որպես մտածող քանդակագործ: Ցանկացած աշխատանքի մեջ այդ միտքը երևում է»:

«Մենք հպարտանում ենք իր արվեստով, իր թողածով, որովհետև իր արվեստով նա ստեղծեց նաև շկոլա, որ մեր գալիք սերունդը տեսնում է, հպարտանում ու նաև շարունակում իր գործը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց անվանի քանդակագործ Տարիել Հակոբյանը՝ հույս հայտնելով, որ ի վերջո Սարգիս Բաղդասարյանի արվեստանոցը՝ Կիևյան փողոցի հանրահայտ Նկարիչների շենքում կվերածվի տուն-թանգարանի:
XS
SM
MD
LG