Մատչելիության հղումներ

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի հետևանքով վիրավորված Արտակ Բուդաղյանի պաշտպանական կողմը անհիմն չի համարում այն հրապարակումները, որ դեպքի պահին Սուրիկ Խաչատրյանը ոչ թե քնած է եղել, այլ եղել է տան պատշգամբում։

Հիշեցնենք, հունիսի 2-ի միջադեպից անմիջապես հետո նախկին մարզպետի առաջին արձագանքը եղել էր այն, որ եթե քնած չլիներ, «արտաքին թշնամու համար պահած զենքով գլխից մի 20 հատ էլ ինքը կշարեր»։ Զինդատախազ Գեւորգ Կոստանյանն էլ միջադեպից երեք օր անց հայտարարեց, որ Սուրիկ Խաչատրյանը դեպքի վայրում չի եղել:

Սակայն վերջին շաբաթներին Արտակ Բուդաղյանի հոր` Էմիլ Բուդաղյանի հետ հարցազրույցների ֆոնին լրատվամիջոցներում սկսեց շրջանառվել այն վարկածը, որ գործող մարզպետը դեպքի պահին եղել է պատշգամբում և նույնիսկ կրակել է։

«Այդ հրապարակումները էնպես չի, որ բացարձակապես օդից վերցված են», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան արձագանքեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը՝ շարունակելով․ - «Ես կարող եմ ասել, որ քրեական գործում կարող են լինել նաեւ այդպիսի տվյալներ, ես շատ չեմ ուզում բացել փակագծերը, թե ով կարող է այդ տվյալները հայտնած լինի քննությանը, կոնկրետ ինչ ձևով են այդ տվյալները ձևակերպված, բայց չի կարելի ասել, որ դրանք ոչ մի հիմք իրենց տակ չունեն։ Նաև չի կարելի ընկնել մյուս ծայրահեղության մեջ և հիմա այնպիսի հայտարարություններ անել, որոնք կասկածի տակ կդնեն որևէ մեկի անմեղության կանխավարկածը»։

Հարցին, թե դեպքը պատկերող տեսանյութի, իր պնդմամբ՝ չմոնտաժված տարբերակը արդյո՞ք նման կասկածներ հարուցում է, փաստաբանը պատասխանեց, որ եթե ինքն ասում է, որ տեսանյութը մոնտաժված է, նկատի չունի, որ «չմոնտաժված տարբերակում պատշգամբ է երևում և վրան Սուրիկ Խաչատրյանը»։

Միաժամանակ Հայկ Ալումյանը նախկին մարզպետի առանձնատունը խուզարկած ոստիկանների նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու խնդրով դիմել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին. փաստաբանը կասկածներ ունի, որ Խաչատրյանի տանը կարող էր չգրանցված զենք լինել և թաքցվել։ Զինդատախազությունը օրերս պաշտոնապես հրապարակեց միջադեպի մասնակիցներից առգրավված զենքի ցանկը, ըստ որի Սուրիկ Խաչատրյանի տանից առգրավվել է օրինական 9 տեսակի զենք: Հայկ Ալումյանը համոզված է, որ հրապարակած են ոչ թե նախկին մարզպետի տանից իրականում հայտնաբերված զենքերը, այլ Սուրիկ Խաչատրյանի հանձնածները: Խուզարկությունը կատարել են Գորիսի ոստիկանության աշխատակիցները:

«Եթե հայտնաբերմանը ուղղված գործողություններ կատարվեին, ես վախենում եմ, որ ցանկը շատ ավելի մեծ կլիներ», - ասաց փաստաբանը։

«Խուզարկությունը կատարվել է, իմ կարծիքով, օրենքի կոպիտ խախտումներով և, իմ կարծիքով, օրենքի այդ կոպիտ խախտումները հնարավորություն են տվել չգրանցված զենքը թաքցնել: Կրակոցները անց 8 ավարտվել են, բայց ոստիկանությունն եկել է մոտավորապես անց 35։ Գիշերվա այդ ժամին Գորիսի մի ծայրամասից մյուսը հասնելը կարող է տևել առավելագույնը 5-10 րոպե։ Ո՞նց բացատրենք, որ ոստիկանությունը գալիս է այդքան ուշացումով, ո՞նց բացատրենք, որ երբ ոստիկանությունն իր գործողությունները կատարում է, զուգահեռաբար Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամներից մեկը իրենց հետ միասին ման է գալիս այնտեղ, իրեղեն ապացույցներ է փնտրում։ Ոնց բացատրենք դա, եթե ոչ՝ ծայրահեղ կողմնակալությամբ»։

Խաչատրյանների կողմին օգնելու՝ ոչ միայն ոստիկանության, այլև նախաքննական մարմնի միտումը փաստաբանն ակնհայտ է համարում: Նախաքննության ընթացքը նա գնահատեց անբավարար՝ հայտարարելով, որ նախաքննությունն ընթանում է զինդատախազ Գևորգ Կոստանյանի՝ ի սկզբանե նախանշած ճանապարհով: Կոստանյանը, ինչպես հայտնի է, անմիջապես Սուրիկ Խաչատրյանի տան վրա զինված հարձակում էր որակել կատարվածը, և եթե ի սկզբանե սպանության դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու մեղադրանքներ են առաջադրվել նախկին մարզպետի որդուն ու թիկնապահին, ապա օրերս նաեւ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբորը՝ Արտակ Բուդաղյանին սպանության սպառնալիքի մեղադրանք առաջադրվեց։

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ զինդատախազի հայտարարությունները «ամբողջությամբ համընկնում են» Սուրիկ Խաչատրյանի հայտարարություններին այն մասին, որ Խաչատրյանի որդու արարքը բխել է անհրաժեշտ պաշտպանությունից․ - «Այսինքն՝ առաջինը մարզպետն է ասում ինչ մեղադրանք պետք է լինի, գործի քննությունն ինչպես պետք է ընթանա»։

«Եթե կա նպատակ մի կողմին օգնելու, կա երկու ճանապարհ. կա՛մ իր արարքի հետևանքները արհեստականորեն քչացնելու (տվյալ դեպքում այդ տեխնոլոգիան չի կարող կիրառվել, որովհետև հետևանքները բոլորի համար պարզ են և անհերքելի՝ կա սպանություն և կա ծանր մարմնական վնասվածք), կա'մ կիրառվում է մյուս տարբերակը` արհեստականորեն ծանրացվում է մյուս կողմի մեղքը, որպեսզի բերվի հավասարակշռության: Այսօր նախաքննությունը գնում է այդ երկրորդ տարբերակով», - ասաց փաստաբանը։

Ի դեպ Բուդաղյանների արտերկրից ժամանած գործարար եղբայրը վերջերս հանդիպել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։ Թե ինչ են նրանք խոսել, փաստաբանը չասաց՝ հայտարարելով, որ երկու տղամարդու զրույցի մասին տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ։
XS
SM
MD
LG