Մատչելիության հղումներ

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի նշած «ի օգուտ ժողովրդի թանկացումը» փաստորեն 50-դրամն էր:

Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանն ու Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեցին, որ ուղևորափոխադրող ընկերությունները որպես հասարակական տրանսպորտի ուղեվարձ առաջարկել էին 140-200 դրամ, սակայն բանակցությունների արդյունքում որոշվել է, որ հուլիսի 20-ից միկրոավտոբուսներից ու ավտոբուսներից օգտվողները 100 դրամի փոխարեն կվճարեն 150 դրամ, իսկ տրոլեյբուսներից օգտվողները՝ 50-ի փոխարեն՝ 100 դրամ:

Թեպետ Նավասարդյանն իր խոսքում որպես թանկացման պատճառներից մեկը նշեց նաև գազի գնի բարձրացումը, այդուհանդերձ թե՛ ինքը և թե՛ քաղաքապետի խորհրդականը նշեցին, որ խոշոր հաշվով թանկացման հետ կապ չունի:

Բանախոսների պնդմամբ՝ թանկացման հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ բանկերը հրաժարվում են վարկեր տրամադրել երթուղիներ շահագործող տնտեսվարող սուբյեկտներին՝ համարելով նրանց անհուսալի ֆինանսական գործընկեր:

Քաղաքապետի խորհրդականն ասաց, որ փոխադրող ընկերությունները վնասով են աշխատել և քաղաքակիրթ ու որակով սպասարկման համար քաղաքացիները պետք է հասկանան, որ 100 դրամով երթուղային չի կարող շահագործվել:

Բանախոսներն ասացին, որ մինչեւ տարեվերջ ևս 100 ավտոբուս կներկրվի Հաայստան: Իսկ սպասարկման որակի բարձրացման՝ հատկապես երթուղայինների գերծանրաբեռնված երթևեկելու խնդիրը լուծելու համար՝ բանախոսները հստակ ժամկետ դժվարացան նշել:
XS
SM
MD
LG