Մատչելիության հղումներ

Երկարաձգվել է կրկեսի վերակառուցման ավարտը


Կրկեսի վերակառուցման ավարտը երկարաձգվել է՝ նախատեսված 2014-ի փոխարեն, այն ավարտին կհասցվի 2015 թվականին։

«Երևանյան կրկես» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Գասպարյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ «Տաշիր գրուպ»-ը, 2011 թվականին Կառավարության հետ կնքած պայմանագրի համաձայն, պետք է իրականացներ կրկեսի վերանորոգման աշխատանքներն ու 2014 թվականին այն հանձներ շահագործման, սակայն վերանորոգման ընթացքում պարզվել է, որ շենքի վերանորոգման մասին խոսք լինել չի կարող, քանի որ նախկին շենքը, տնօրենի հավաստմամբ, պիտանի չէր ամրակայման ու շահագործման։

2012 թվականի հուլիսին նախ պայթեցվում է շենքի գմբեթը, իսկ սեպտեմբերին արդեն ողջ շենքը։ «Երևանյան կրկես» ՍՊԸ-ի տնօրենը փաստում է, որ մինչև շենքի պայթեցումը շենքի վերանորոգման վրա արդեն ծախսվել էր 150-200 միլիոն դրամ։

Ստացվում է, որ մոտ 200 միլիոն դրամի չափով անիմաստ գումար է ծախսվել, որը չի փոխհատուցվելու։

Հարցին, թե հնարավոր չէր մինչև վերանորոգումը կատարել շենքի վիճակի հանգամանալի ուսումնասիրություն, Գասպարյանը պատասխանեց. - «Սկզբում չարվեց, որովհետև տեխնիկական բավականին հարցեր կար, դեֆեկտներ կար կրկեսի վրա թաքնված։ Օրինակ, սյուները երեսպատված էին գաջով ու դրա մեջ ոչինչ չէր երեւում և դրանից հետո, երբ սկսվեց մաքրման աշխատանքները, նոր երևաց, որ ամրաններից սկսած պիտանի չեն հետագա շահագործման։ Իսկ մենք արդեն արել էինք հիմնային աշխատանքներն ու նախկինում 7 բալի համար պատրաստած կրկեսը, փորձում էինք վերանորոգել 9 բալի սեյսմակայունության համար»։

2011 թվականին Հայսեյսմշին ԿՊ գիտահետազոտական ինստիտուտում կազմվում է 4 հոգուց բաղկացած հանձնաժողով, որը կրկեսի սեյսմակայունության հետ կապված տալիս է եզրակացություն, համաձայն որի որոշ տարրերի ուժեղացմամբ շենքը ենթակա է վերանորոգման։
Ինստիտուտի փոխտնօրեն Ռոբերտ Ազարյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշում է, որ 2012 թվականի փետրվարին նույն հանձնաժողովը կրկին շենքի մասով տալիս է եզրակացություն․ - «Կրկնակի հետազոտությամբ երևացել է, որ որոշ տարրերի վիճակը վատթարացել է, բայց ընդհանուր վնասվածության մակարդակը գնահատվել է 3-րդ աստիճանի, այսինքն շենքը ենթակա է ուժեղացմամբ վերականգնման, հետո փաստի առաջ ենք կանգնել՝ իմանալով, որ շենքը պայթեցրեցին», - փոխանցեց Ազարյանը։

Գասպարյանը նշում է, որ սկզբում ցանկացել են բարձրացնել գմբեթը, սակայն հասկացել են, որ դա իրենց ցանկացած կրկեսը ստանալու համար բավարար չէ:

Իսկ Ազարյանը ասում է, որ եթե պայթեցվում է շենքի գմբեթն, ապա շենքի մնացած հատվածն այլևս վերակառուցման համար պիտանի չէ:

Փաստորեն պայմանագրի կետը խախտվեց՝ վերանորոգումից այն վերափոխվեց կառուցման։ Կորավ բավականին կլորիկ գումար, իսկ շենքի ներդրումային հաշիվը կազմում էր 650 միլիոն դրամ: Բայց, ինչպես Գասպարյանն է, ասում սեփականատերը չի դժգոհում, քանի որ նրան վերջնական արդյունքն է հետաքրքրում։

Գասպարյանը 2012 թվականին նամակով դիմում է Կառավարություն՝ խնդրելով երկարաձգել նախագծի ավարտը 2014-ից 2015 թվական։ Կառավարությունն էլ առաջարկը չի մերժում։ Այժմ դեռ ընթանում է շենքի հիմքի փորման աշխատանքները։ Գասպարյանը հավաստիացնում է, որ ամեն ինչ անում են շենքը 2015-ին ավարտին հասցնելու համար։
XS
SM
MD
LG