Մատչելիության հղումներ

Ուրուգվայում կկառուցվի Հայոց ցեղասպանության թանգարան


Մայրաքաղաք Մոնտեվիդեոյում կառուցվելիք թանգարանն Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին պետական թանգարանը կլինի Հայաստանից դուրս:

Երեկ Ուրուգվային նախագահական նստավայրում տեղի ունեցած հանդիսության ընթացքում ընթերցվել է երկրի նախագահ Խոսե Մուխիկայի նամակը ուղղված Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ մայրաքաղաք Մոնտեվիդեոյում հատուկ թանգարանի կառուցման պատասխանատուներին՝ Կրթության եւ մշակույթի նախարարությանն ու հայ համայնքային կառույցներին:

Մուխիկան ուղերձում նշել է, որ Հայոց ցեղասպանության թանգարանի ստեղծումը «շնորհավորելի մի նախաձեռնություն է», քանի որ այն կենդանի է պահելու հասարակության հիշողությունը մի ցեղասպանության մասին, որը «ցնցել է ամբողջ մարդկությանը»:

Կառուցվելիք թանգարանն ու դրա բովանդակությունը իրենց ելույթներում ներկայացրել են Ուրուգվայի կրթության եւ մշակույթի նախարարը, փոխնախարարը, թանգարանների գլխավոր փորձագետը:

Ուրուգվահայ համայնքի անունից երկրի օրենսդիր և գործադիր իշխանությանը երախտագիտության խոսք ասաց Հայ եկեղեցու առաջնորդ Տեր Հակոբ արքեպիսկոպոս Գլենջյանը՝ ընդգծելով, որ առաջին անգամ է Հայաստանից դուրս կառուցվելու Հայոց ցեղասպանությանը նվիրված պետական թանգարան:

«Սա արտացոլում է Ուրուգվայի պետության մեծությունը», - նշել է Սրբազանը՝ հավելելով, որ համայքը պատրաստ է իր աջակցությունը բերել ծրագրի իրագործմանը:

Հանդիսությանը ներկա էր և ելույթ ունեցավ ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը:

«Այսօր հպարտության, արդարության վերականգնման, հիշողության ամրապնդման և հաղթանակի օր է մեզ բոլորիս համար: Հերթական հիմնավոր պատասխան է ժխտողականությանը, այլատյացությանը և հայատյացությանը: Այսօր արդարության վերականգման ճանապարհին հերթական՝ բավականին մեծ և պատմական քայլն է կատարվում, ինչի համար ես կցանկանայի Հայաստանի կառավարության անունից մեր երախտիքի խոսքերն ուղղել Ուրուգվայի պետության իշխանություններին», - ասաց դեսպանը:

Թանգարանի կառուցումը սկսելու համար շուտով ձեւավորվելու է պետական հանձնաժողով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG