Մատչելիության հղումներ

Ամբաստանյալի հայրը հրաժարվել է հաղորդում ներկայացնել Ղուկասյանի դեմ


Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան

Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի հայրը հրաժարվել է հաղորդում ներկայացնել Գյումրիի նախկին քաղաքապետի դեմ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը:

Չնայած ենթադրյալ տուժողի լռությանը, իրավապահները հավաստիացնում են, որ նյութերի նախապատրաստությունը կշարունակվի: Քրեական գործ հարուցելու մասին խոսք չկա:

Մինչդեռ Սարգսյանի կինը՝ Անահիտ Սարգսյանը, մեզ հետ զրույցում պնդեց հակառակը՝ ամուսինը ոչ թե հրաժարվում է, այլ՝ առողջական վիճակի պատճառով ի վիճակի չէ ցուցմունքներ տալ: Եվ, ի վերջո, եթե իրավապահները ցանկանային Գյումրիի նախկին քաղաքապետի դեմ քրեական գործ հարուցել, տիկնոջ խոսքով, կհարուցեին:

Հիշեցնենք՝ վկայի կարգավիճակով դատարան հրավիրված Վարդան Ղուկասյանն ու նրան ուղեկցող մի քանի տասնյակ անձինք, ըստ դատական նիստի մասնակիցների, երկու օր առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում բռնություն էին կիրառել ամբաստանյալ Հարություն Սարգսյանի հոր՝ Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի նկատմամբ: Ընդ որում, դեպքը տեղի էր ունեցել դատարանի տարածքում, որից հետո Ղուկասյանն անարգել հեռացել էր այնտեղից, իսկ Սամվել Սարգսյանը շտապօգնության մեքենայով նախաինֆարկտային վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց:

Գյումրիի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Սարգսյանի վիճակն այսօր արդեն կայունացել է, մինչ այս նրա առողջականը բժիշկները կայուն ծանր էին գնահատում, հիվանդի մոտ նախաինֆարկտային վիճակ այլևս չկա, հիպերտոնիան պահպանվում է, վաղը, հավանական է ռեանիմացիոն պալատից ընդհանուր տեղափոխվի:

Բայց ըստ բժիշկների, երկու օր առաջ հիվանդանոց տեղափոխված Սարգսյանը նաև սալջարդ է ունեցել՝ ենթադրաբար կռվի արդյունքում ստացած:

«Հերթապահ բժշկին ասել է, որ հակառակորդ կողմից հարված է ստացել: Ներքևի վերջույթի մասին էր խոսքը», - պատմեց Իսահակյանը:

Վարդան Ղուկասյանի հետ վիճաբանության արդյունքում հիվանդանոց տեղափոխված Սամվել Սարգսյանի կինը՝ Անահիտ Սարգսյանը, մեր զրույցում ասաց՝ ամուսնուն մի ակնթարթ է տեսել, ինչպես նա ձևակերպեց՝ հեռվից: Ամուսինն էլ ասաց՝ մինչ երկու օր առաջ տեղի ունեցած դեպքը «քարի նման» առողջ է եղել:

Վարդան Ղուկասյանի՝ դատարանում հայտնվելը մի շարք իրադարձություններով ուղեկցվեց․ ցուցմունքներ տալու համար դատարան հրավիրված Գյումրիի նախկին քաղաքապետը, ում անունը բազմաթիվ սկանդալային պատմությունների հետ է կապվում, «Հետք» էլեկտրոնային պարբերականի փոխանցմամբ, նախ ցանկություն է հայտնել, որ դահլիճում ներկա լրագրողները դուրս գան: Դատավորը նրա ցանկությունն իրագործել է, ինչից հետո նախկին քաղաքապետն անցել է պաշտպանական կողմին վիրավորելուն:

Ղուկասյանի փեսայի սպանության գործով ամբաստանյալի պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանի ու դատավարության մասնակիցների նկատմամբ վիրավորական արտահայտություններ թույլ տալու համար դիմել էր դատախազություն՝ Ղուկասյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով:

«Ցուցական դերանուններով՝ սրան, դրան դիմելով էր խոսում պաշտպանների հետ»,- մեր ռադիոկայանին փոխանցեց Սահակյանը: Դատարանը պետք է վիրավորվեր Ղուկասյանի այդ պահվածքից, բայց չի վիրավորվել, ավելին՝ անտրտունջ կատարել է Ղուկասյանի բոլոր հրահանգներն ու անձայն լսել նրա ու նրան ուղեկցող մի քանի տասնյակ անձանց հնչեցրած վիրավորանքները: Նկատեց փաստաբանը:

«Ինչպես նա նշեց՝ այս կնոջ հարցերին ես չեմ պատասխանելու․․․ կարող է օգտվել իր իրավունքից և հարցերին չպատասխանել՝ հստակ նշելով թե ինչու: Իր պատճառաբանությունը հստակ հակասում էր օրենսդրությանը և դատավորը պետք է նրան պարտավորեցներ պատասխանել հարցերին: Բայց քանի որ դատավորը նրա այդ գործողությունները չկանխեց, հասավ նրան, որ նա արդեն ինձ անվանեց դև, ու բացի դրանից ահաբեկեց ինձ: Վերջում էլ, երբ որ դատարանի դահլիճից դուրս էր գալիս, ընդհանուր, բոլորի հասցեին հայհոյանք հնչեցրեց և դատական նիստը չավարտված, իր հարցաքննությունը չավարտված, ուղղակի լքեց դատարանի դահլիճը», - պատմեց Լուսինե Սահակյանը:

Լուսինե Սահակյանի դիմումի համաձայն նույնպես քրեական գործ չի հարուցվել, բայց նյութեր Շիրակի մարզի ոստիկանությունում նախապատրաստվում են, վաղն էլ փաստաբանը հրավիրվել է բացատրություններ տալու:

Դատավորը կանխակալ է՝ կարծում է փաստաբանը, ուստի նա ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Սահակյանը նաև տեղեկացրեց, որ պատրաստվում է իր և իր պաշտպանյալի հասցեին Ղուկասյանի հնչեցրած սպառնալիքների մասով նախաքննական մարմնին հավելյալ նյութեր ներկայացնել:
XS
SM
MD
LG