Մատչելիության հղումներ

Հուլիսի 18-ի մամուլ


«Առավոտ»-ը, անդրադառնալով այն փաստին, որ Ռուսաստանում կալանավորված Հրաչյա Հարությունյանի գործով պետական մեղադրող է նշանակվել հայազգի Գայանե Գրիգորյանցը, գրում է․ - «Վստահաբար սա ո՛չ պատահականություն է, ո՛չ էլ զուգադիպություն: Այդ գործով հայազգի մեղադրող նշանակելն արդեն կարծես ամեն ինչ իր տեղն է գցում՝ ի ցույց դնելով ռուսական քաղաքականության բացառիկ ցինիզմը ողբերգության նկատմամբ: Որքան էլ այսօր հնչում են գնահատականներ, թե մարդկային ողբերգությունը չի կարելի դարձնել հայ-ռուսական միջպետական հարաբերությունների հարց, այնուամենայնիվ, մի բան կարծես արդեն անվիճելի է դառնում․ ռուսական կողմը Հայաստանի հետ փոխհարաբերություններում գնում է սրման քաղաքականության՝ օգտագործելով ցանկացած առիթ: Գազի սակագների բարձրացում, Ադրբեջանին հարձակողական զինտեխնիկայի վաճառք, այժմ էլ՝ հայ վարորդի նկատմամբ դրսևորած վերաբերմունքը: Տպավորություն է ստեղծվում, որ ռուսական կողմը մտածված, իր իսկ ձեռքով քանդում է՝ «Ռուսաստանը Հայաստանի անվտանգության միակ երաշխավորն է» մեզանում կարծրացած համոզմունքը: Գուցե սա, ինչ-որ առումով նույնիսկ դրական երևույթ է»:

«Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձել է հարցին, թե արդյոք Պոդոլսկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը բացասաբար կանդրադառնա հայ֊ռուսական հարաբերությունների վրա․ - «Իհարկե, հնարավոր է, որ գտնվեն ուժեր, որոնք այս գործոնը կօգտագործեն իրենց օգտին, բայց ես չեմ կարծում, որ այս իրադարձությունը կարող է ազդեցության վճռորոշ գործոն լինել»: Լրագրողի հարցին, թե այդ դեպքում ինչու էին ռուսական առաջատար լրատվամիջոցները շարունակ շեշտում պատահարի ենթադրյալ մեղավորի ազգությունը և խտրական վերաբերմունք դրսևորում, Մարկեդոնովը պատասխանել է․ - «ԶԼՄ-ները, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում ոչ ադեկվատ են իրենց պահում: Հայկական լրատվամիջոցները փորձում են ասել, որ Ռուսաստանից ոչ մի օգուտ չկա, բայց այն, որ Ռուսաստանի ռազմական բազան գտնվում է Հայաստանում, համաձայնեք, որոշակի օգուտ դրանից կա: Ուզում եմ ասել, որ առաջին հերթին երկու կողմերում էլ լրագրողները բավարար չափով պատրաստված չեն»: Արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե հայ վարորդը հիվանդանոցից դատարան էր տարվել կանացի ծաղկավոր խալաթով, դեղերի ազդեցության տակ, ու դա լրագրողները չէին կազմակերպել՝ ռուս քաղաքագետն ասել է․ - «Ինչո՞ւ եք մարդկային հիմարությունը փորձում ներկայացնել այնպես, կարծես թե Պուտինը անձամբ է հրահանգել, որ նրան խալաթով բերեն դատարան: Դե, հիմարություն է եղել, ոչ պրոֆեսիոնալիզմ: Ինչո՞ւ պետք է դա դիտարկել որպես ինչ-որ քաղաքական դավադրություն»:

Թեման շարունակում է «168 ժամ»-ը․ - «Վերջին օրերին ամենատարբեր ձևաչափերով Հրաչյա Հարությունյանի նկատմամբ ցուցաբերված անմարդկային վերաբերմունքի դեմ բողոքի ձայն բարձրացնող քաղաքացիները ցույց են տալիս, որ շատ ավելի նախանձախնդիր են երկրի ինքնիշխանության, պետական արժանապանապատվության հարցում, քան դրանք պաշտպանելուն կոչված իշխանությունները: Բողոքի այս ալիքն առաջին հերթին նպատակ ունենալով պաշտպանել Հրաչյա Հարությունյանի իրավունքները և հասնել նրա նկատմամբ արդարացի դատավճռի` կարող է մի քանի անգամ ավելի մեծ նշանակություն ստանալ, եթե ստիպի մեր քաղաքացիներին, այսպես ասած, վերաիմաստավորել արտագաղթելու մտադրությունները: «Մենակ թե Հայաստանից գնամ» մտածողներն, այդ ցանկությունն իրականացնելուց առաջ, լավ կլինի, որ հիշեն այս ողբերգական պատահարը, որը փոխաբերական իմաստով խորհրդանշում է արտագաղթի` «ոչ լուսավոր» կողմը»:

Անդրադառնալով Հայաստանում Ռուսաստանի դեսպանության՝ երեկ տարածած հայտարարությանը, որտեղ որևէ խոսք չկա Հայաստանի քաղաքացու նկատմամբ ստորացուցիչ վերաբերմունքի պատճառների մասին՝ «Հայոց Աշխարհ»-ը գրում է․ - «Պարզ է ու հասկանալի. Ռուսաստանի դեսպանատունը որոշել է «դիվանագիտորեն» շրջանցել ռուսական պետական հեռուստաընկերության արհամարհական ռեպորտաժը: Ռուսաստանի դեսպանությունը նաև չտեսնելու է տվել Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանին միտումնավոր նվաստացնելուն նպատակաուղղված քայլերը, որ թույլ են տվել ռուսական իրավապահ, դատական ու առողջապահական մարմինները: Պետք է ենթադրել, որ ամբողջ աշխարհում եթե Ռուսաստանի քաղաքացիները որպես մեղադրյալ հայտնվում են դատարանում, ապա նրանց միմիայն կանացի ծաղկավոր խալաթներ են հագցնում ու ասում են՝ անգլերեն չգիտեր ու բառաչում էր: ՌԴ դեսպանատան մոտեցումն այլ կերպ, քան միտումնավոր խեղաթյուրում ու երեսպաշտություն, դժվար է ընկալել»:

«Հայկական ժամանակ»-ը անդրադառնում է 18-20 տարեկան աղջիկների շրջանում ծնելիությունը խթանելու Կառավարության որոշմանը, որով փորձ է արվում պայքարել արտագաղթի դեմ․ - «Ստացվում է, որ եթե հայաստանցի կանայք վաղ տարիքում մայրանան, ապա արտագաղթը կդադարի: Կառավարությունը փաստորեն արդեն ինքն իր համար պարզել է, որ արտագաղթածներին հետ բերելով «ժողովրդագրական պատկերը» բարելավել հնարավոր չէ: Արտագաղթածների գիտեն, թե ինչ կառավարություն ունեն և երբեք հետ չեն գա: Իսկ նոր ծնված երեխաները մինչև հասկանան, թե ինչպիսին է կառավարությունը, մի քանի տարի է պետք»:

Փաստելով, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դատարանի դահլիճում ծեծի է ենթարկել նախկին ոստիկանապետին, ով այժմ գտնվում է հիվանդանոցում՝ «Ժամանակ» օրաթերթը եզրակացնում է․ - «Սա վերստին հաստատում է, որ այստեղ վարդանիկների անիշխանությունն է, և Սերժ Սարգսյանի հայտարարությունները, որ անպատժելի մարդիկ չկան, ընդամենը դիմակահանդես է, ընդ որում` արդեն լայն պատռված դիմակներով: Համենայնդեպս, հակառակն ապացուցող էական հանգամանքներ չկան, որովհետև եթե լինեին, ապա Վարդանիկն ու նրա որդին դատարանում տեղի ունեցածից հետո կլինեին ճաղերի հետևում»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG